Հարավային Կովկասում ընթացիկ զարգացումները դրդում են տարածաշրջանի բոլոր դերակատարներին, այդ թվում՝ Իրանին, վերադասավորել սեփական ուժերն ու հարմարվել նորանոր մարտահրավերների։ Այդ համատեքստում կարևոր է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին պաշտոնական այցը Հայաստան, որը հայկական կողմի տրամադրությունները շոշափելու և սեփական մտահոգությունները տեղ հասցնելու նպատակ էր հետապնդում՝ հաղորդակցային ուղիներում ամերիկյան ներկայության հեռանկարի պայմաններում։
Օգոստոսի 18-19-ը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան շատ սպասված էր։ Իրանի նախագահներից վերջին անգամ Հասան Ռոհանին է (2013-2021թթ․) այցով եղել Հայաստանում՝ 2019 թվականին, երբ մասնակցում էր Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, սակայն սա երկկողմ այց չէր. նրա պաշտոնական այցը Երևան կայացել էր 2016 թվականին։
Ռոհանիից առաջ Իրանի նախագահները մի քանի անգամ այցելել են Հայաստան։
Մահմուդ Ահմադինեժադը (2005-2013թթ.) Հայաստան է այցելել 2007 և 2011 թվականներին, Մոհամմադ Խաթամին (1997-2005թթ․) պաշտոնական այցով Հայաստան է այցելել 2004թ.։ Ի դեպ, վերջինս Իրանի միակ նախագահն է, որն իր այցի ընթացքում եղել է Ծիծեռնակաբերդում։
Իսկ ահա Ալի Աքբար Ռաֆսանջանիին (1989-1997թթ․) չի հաջողվել այցելել Հայաստան, չնայած՝ նրա անմիջական միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները 1992թ. մայիսին Թեհրանում ընդունել են համատեղ հայտարարություն, որի հիմնական նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն էր վերաբերում, սակայն այն չբերեց ցանկալի արդյունքի։

Փեզեշքիանի այցը, անշուշտ, ուներ լայն համատեքստ։ Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ամերիկյան հարկի տակ նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրն ու համաձայնության հասան Սյունիքով նախատեսված ճանապարհի հարցում, որն Իրանի համար 2020-ի պատերազմից ի վեր ամենազգայուն հարցերից է։ Փեզեշքիանի այցը փաստորեն կայացավ հաղորդակցային ուղիների և ամերիկյան ներկայության առնչությամբ Իրանում ծավալված բուռն բանավեճերի ֆոնին։
Զարմանալի չէ, որ այցի օրակարգում մեծ տեղ է հատկացվել հաղորդակցային ուղիներին։ Մամուլի համար արված հայտարարություններում Հայաստանն ու Իրանը վերահաստատեցին սեփական դիրքորոշումներն ու մտահոգությունները։
Հայաստանի վարչապետը շեշտեց, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր։
Մինչդեռ Իրանի նախագահը, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարևորելով, բարձրաձայնեց իրանական մտահոգությունները՝ խոսելով տարածաշրջանային հարցերը արտարածաշրջանային դերակատարներին արտապատվիրակելու անցանկալիության մասին, ինչը, ըստ Փեզեշքիանի, կարող է ավելի բարդացնել իրավիճակը Կովկասում։
Ուշագրավ է նաև, որ, չնայած այցի ընթացքում արտաքուստ դրական մթնոլորտին, Իրանի նախագահը երևանյան այցը X-ում ամփոփել է՝ նշելով. «Հայ-իրանական սահմանին երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ Իրանի մտահոգությունները պետք է ամբողջովին փարատվեն»։
Սա վկայում է, որ ամենաբարձր մակարդակի հանդիպումները թեև կարևոր էին, բայց երկուստեք աշխատելու դաշտ կա, և դա բնական է, քանի որ, չնայած Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններին, շատ խնդիրներ հասցեագրվելու են ապագայում՝ կողմերի միջև քննարկումների ժամանակ։
Մասուդ Փեզեշքիանի մյուս ուղերձներից պետք է առանձնացնել ներտարածաշրջանային գործընթացների ակտիվացման վերաբերյալ հայտարարությունը, որն առաջին հերթին ենթադրում է տարածաշրջանային համագործակցության 3+3 հարթակի խթանումը։ Այդ մասին հիշատակում կա Փաշինյանի ու Փեզեշքիանի ստորագրած ընդհանուր հայտարարությունում։
Այդ ձևաչափը 2020-ի Արցախյան պատերազմից հետո առաջարկել են Թուրքիան ու Ադրբեջանը, սակայն ավելի ուշ գաղափարը սկսել է առաջ մղել Իրանը՝ այդ ձևաչափը դիտարկելով որպես արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը սահմանափակող գործոն։
Եվ չնայած 2021-ից մինչև օրս ընդամենը երեք հանդիպում է կայացել այդ ձևաչափի շրջանակում (2021-ին՝ Մոսկվայում փոխարտգործնախարարների, 2023-ին՝ Թեհրանում և 2024-ին՝ Ստամբուլում արտգործնախարարների մակարդակով) և խոսվում է նոր հանդիպումների մասին, սակայն նախաձեռնությունը լիարժեք չի գործում և կարևոր որոշումներ դեռ չի ընդունել։
Հիմնական խնդիրն այն է, որ հատկապես հաղորդակցություններին վերաբերող հարցերում Հայաստանն ու Ադրբեջանը ունեցել են իրարամերժ դիրքորոշումներ, ինչպես նաև Արցախյան պատերազմից հետո խնդիրների լուծումը տարբեր ժամանակահատվածներում կապել են տարբեր ուժային կենտրոնների՝ Մոսկվայի, Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ։
Նախագահ Փեզեշքիանի՝ Երևան կատարած այցի արդյունքներից է երկու կողմերի միջև նոր համաձայնությունների ձեռք բերումը։ Այդ համատեքստում կարևոր է հայ-իրանական սահմանին երկրորդ կամրջի ստեղծման հեռանկարը։ Այդ ծրագրի իրագործումը, ի տարբերություն այլ ռազմավարական ծրագրերի՝ օրինակ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի, շատ ավելի սեղմ ժամկետներում կարող է իրագործվել, և դա կհամապատասխանի հայ-իրանական ռազմավարական կապերի բնույթին։
Ի դեպ, ռազմավարական կապերի մասին հատուկ անդրադարձ եղավ երկու առաջնորդների հայտարարություններում՝ Երևանն ու Թեհրանը համաձայնության են եկել հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ներկայում կողմերը աշխատում են ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթղթի շուրջ և, ըստ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, այն կստորագրվի մոտ ժամանակներում։ Հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է նախագահ Փեզեշքիանի՝ Թեհրան այցելելու հրավերը, չի բացառվում, որ փաստաթուղթը կստորագրվի Իրանի մայրաքաղաքում։
Գեորգի Միրզաբեկյան











