Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հեղինակն Ադրբեջանն է, և դրա դրույթները մշակելիս միշտ առաջին հերթին հաշվի է առնվել Բաքվի դիրքորոշումը։
«Այս փաստաթղթի նախաստորագրումը փաստացի վերջ կդնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատմանը», - Քելբաջարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ իրենք հասել են այն ամենին ինչ ուզում էին, Հայաստանի հետ ստորագրած փաստաթղթերով լիովին ապահովելով իրենց շահերը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք, ատելի Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Իրականում այն անգործունեություն էր ցուցաբերում և չէր կարող գործել։ Սակայն իրավաբանորեն այն գոյություն ուներ, և հիմա նրա վերջը մոտենում է»,- ասել է Ալիևը։
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ցամաքային կապ է ստացել Նախիջևանի հետ։ Ադրբեջանի նախագահի խոսքով, այժմ ամբողջությամբ արդիականացվում է Նախիջևանի երկաթուղին։
«Երկաթուղու կառուցում նախատեսվում է նաև Հայաստանի տարածքում։ Այսինքն՝ Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել, և սա մեր հաջորդ պատմական հաջողությունն է», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Civilnet











