Գլխավոր Լրահոս

Լելե Թեփեի օպերացիայի գործով նիստին հետազոտվել են գաղտնիք պարունակող գրավոր ապացույցներ

Լելե Թեփեի օպերացիայի գործով նիստին հետազոտվել են գաղտնիք պարունակող գրավոր ապացույցներ

Հայկ Ղազարյան

Ձախողված բանակային հակահարվածի (Լելե Թեփեի օպերացիա) գործով օգոստոսի 21-ի դռնփակ նիստին հետազոտեցին գաղտնիք պարունակող գրավոր ապացույցներ՝ քարտեզներ, մարտական կարգադրություններ և այլն. ՍիվիլՆեթին հայտնեց Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («Ցոր») նախկին հրամանատար Արթուր Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը։ Վերջինս ՍիվիլՆեթին հայտնեց, որ օգոստոսի 21-ի նիստին միջնորդություններ չեն ներկայացվել։ Այսօրվա՝ երրորդ նիստը տևել է երկու ժամ, և հաջորդը դարձյալ դռնփակ ռեժիմով է լինելու։

«Հրապարակված փաստաթղթերի հետ կապված եղել են որոշակի առարկություններ և հայտարարություններ մեղադրյալների կողմից»,- ասաց փաստաբանը։

Այս գործով մեղադրյալի աթոռին են 2020-ին «Ցոր»-ի նախկին հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ Զորամասի հրամանատարը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, իսկ գումարտակի հրամանատարները՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։

Անցած՝ օգոստոսի 11-ի դռնբաց նիստին Աշոտ Ապրեսյանը հայտնել է, որ պատերազմից առաջ Ստեփանակերտի «Ցոր» զորամասը ստացել է գրավոր կարգադրություն, որ անորակ յուղի պատճառով չօգտագործեն զրահապատ տեխնիկան։

Ավելի մանրամասն՝ Անորակ յուղի և ոչ լիարժեք տեղազննման մասին. «Լելե Թեփեի օպերացիա»-ի գործով երկրորդ նիստը հոդվածում

«Գրավոր ստանում է կարգադրություն՝ չքշեք հանկարծ, յուղը անորակ է։ Ու վեց ամիս հետո պատերազմը սկսվում է։ Ի՞նչ պիտի աներ Օհանյանը»,- հարցադրում է արել նա։

«Ցոր»-ի հրամանատարներից մեկն ավելի վաղ ՍիվիլՆեթին հայտնել է, որ հենց այդ անորակ յուղի պատճառով պատերազմից առաջ տեխնիկաներով ո՛չ մարտական հրաձգություններ են կատարել, ո՛չ էլ մարտական մեքենավարում։ Նա կարծիք էր հայտնել, որ դա քրեական նյութի գործ է, և օպերացիային էկիպաժները պատրաստված չէին եղել նաև վերոնշյալ պատճառով։

***

Բանակային հակահարվածի գաղափարը պատկանում է Արցախի այն ժամանակվա Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին։ Ըստ այդ մտահղացման՝ անհրաժեշտ էր 2020-ի հոկտեմբերի 7-ին Արցախի հարավային ուղղությամբ ներթափանցած խմբավորումներին շրջափակել և զրկել սնուցումից։

Ադրբեջանի զինված ուժերի սնուցման ճանապարհը անցնում էր 2016-ին կորսված Լելե Թեփե բարձունքի մոտով ու Իրանի սահմանի երկայնքով ձգվելով՝ հասնում մինչև Հայաստանի սահման։ Հայկական ուժերի խնդիրն էր Քենդ Հորադիզից ելնել և փակել սնուցման այդ ճանապարհը՝ թիկունքում թողնելով Լելե Թեփեն։

Հակահարձակման մասնակից գլխավոր ուժերը պաշտպանության բանակի պահեստային ստորաբաժանումներն էին՝ Իվանյանի տանկային և Ստեփանակերտի մոտոհրաձգային բրիգադները։ Տանկային բրիգադը պիտի փակեր սնուցման ճանապարհը՝ հաստատվելով նոր բնագծում, մոտոհրաձգային բրիգադը՝ «Ցոր»-ը, առաջինի թիկունքը ապահովելով պիտի ոչնչացներ ներս թափանցած հակառակորդին։

Ավելին բանակային հակահարվածի մասին՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում