Գլխավոր Լրահոս

«Սրբազան պայքարի» գործով ինը մեղադրյալի կալանքը երկարաձգվեց, մեկինը՝ ոչ

«Սրբազան պայքարի» գործով ինը մեղադրյալի կալանքը երկարաձգվեց, մեկինը՝ ոչ

Հայկ Ղազարյան

Օգոստոսի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության միջնորդությունը և մինչև նոյեմբերի 25-ը երկարաձգեց «Սրբազան պայքարի» գործով ինը մեղադրյալի կալանքի ժամկետները՝ Տիգրան Գալստյանի, Կարո Օկումուշյանի, Տիգրան Թոփալյանի, Մովսես Շահբազյանի, Միհրան Մախսուդյանի, Իգոր Սարգսյանի, Արմեն Ալեքսանյանի, Հայկ Շահնազարյանի և Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի: Միայն Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով: Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի  սեպտեմբերի 10-ին՝ նրա պաշտպանի ներկայությամբ։

Դատախազությունը միջնորդեց մեղադրյալների նկատմամբ կալանքը պահպանել և երկարաձգել երեք ամսով, քանի որ «խափանման միջոցի բոլոր հիմքերը առկա են»:  

Դատական նիստի ընթացքում բարձրացվեց մեղադրյալ Վահագն  Չախալյանի խափանման միջոցի հարցը, որը նախկինում քննարկվել էր պաշտպանների բացակայությամբ: Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց այս հարցը վերստին քննարկելու համար՝ նշելով, որ գոյություն ունեն էական հանգամանքներ, որոնք դատարանին հայտնի չէին: Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասաց, որ դատարանը կարգ է սահմանել, և հաջորդականությունը դատարանն է որոշում։ «Սա հարցի վերջնական պատասխանն է»,- ասաց նա։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ներկայացնելով Տիգրան Գալստյանի պաշտպանությունը, հայտարարեց, որ այս գործողությունները, որոնք որակվում են որպես ահաբեկչության նախապատրաստում և իշխանության զավթում, բացարձակ որևէ առնչություն չունեն քրեական օրենսգրքում նկարագրված հանցակազմի հետ, և իրականում դա քաղաքական գործընթացի պլանավորում էր. «Բայց նույնիսկ դրան Տիգրան Գալստյանը առնչություն չունի: Գալստյանը չի մասնակցել տվյալ զրույցին և որևէ բան չի ասել արձանագրությունների մեջ»:

Պատգամավորական մանդատից զրկված մեղադրյալ Արթուր Սարգսյանն իր ցուցմունքում նշել է, որ Կարո Օկումուշյանը 2023-ից իր վարորդն է եղել, մինչ այդ նրան չէր ճանաչում. «Քաղաքականությունից հեռու մարդ է, բայց իր աշխատանքի բնույթով պայմանավորված որտեղ եղել եմ ես, այնտեղ էլ ինքն է եղել: Էդ տրամաբանությամբ կնոջս էլ կալանավորեք: Կարո Օկումուշյանը էս գործի հետ կապ չունի»:

Բագրատ սրբազանը կոչ արեց, որ մեղադրողները դադարեն անընդհատ նույն անգիր արած տեքստերն արտաբերել և արագ կարդան քաղբանտարկյալների անունները, իսկ դատարանը հրապարակ իր վճիռը. «Սա պարզապես խոշտանգում է»: Նա փաստաբաններն կոչ արեց, որ շատ չոգևորվեն ու կարճ փաստարկներ բերեն. «Պարզ չէ՞ ուր ենք եկել մենք»:

Մեղադրյալ Տիգրան Թոփալյանի փաստաբանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել տնային կալանք՝ համակցված 10-20 միլիոն դրամ գրավով: Նա նշեց, որ մեղադրյալն անչափահաս երեխա ունի ու տարեց ծնող, որը խնամքի կարիք ունի: Դատավորը պատասխանեց, որ գումարի չափը չի կարող վճռորոշ դեր ունենալ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը ապահովելու հարցում։ 

Մովսես Շահբազյանի պաշտպան Հովհաննիսյանը հայտարարեց, որ դատավորի ու դատախազության տեքստերը նույնն են:

«Հունիսի 25-ից Մովսես Շահբազյանը ինտենսիվ կալանքի տակ է՝ սահմանափակվել է նույնիսկ մերձավոր հարազատների հետ շփումը: Փախուստի ռիսկի վերաբերյալ ոչ մի փաստարկ չբերվեց: Պատվարժան դատարան, դուք ձեր որոշումն ունեք, երկար չեմ խոսելու, միջնորդում եմ միջնորդությունը մերժել և այլընտրանքային խափանման միջոց կիրառել»,- ասաց Հովհաննիսյանը։

Մովսես Շահբազյանը հայտարարեց, որ մեղադրանքը ոչ մի կերպ չի ընդունում, որովհետև շինծու է. «Ինչ վերաբերում է կալանքի փոփոխմանը, ընդհանրապես միտում չունեմ այս երկրից փախնել: Աբսուրդ եմ համարում, որ ամենախիստ խափանման միջոցը, որ տեսակցություն ու զանգելու հնարավորություն չունենամ հարազատներիս հետ: Իմ երեխան ինչո՞վ պիտի խոչընդոտի այս գործին»: Նա դատավորին ասաց, որ այս ընթացքում ինքը ընկերներ է ձեռք բերել, իսկ դատարանը՝ կոլեգաներ: 

Իգոր Սարգսյանի փաստաբանը ասաց, որ դահլիճում տեսնում է չորս հանրային մեղադրող՝ նկատի ունենալով դատավորին, որ դատական ակտ է կայացնում, և ինքը այստեղ անաչառ դատավորի մասնակցություն չի տեսնում: Դատավորը ասաց, որ նման ձևով թույլ չի տա շարունակել ելույթը: Իգոր Սարգսյանի փաստաբանը ասաց. «Ինչ էլ ասեմ, ասելու եք, որ ռիսկը չի վերացել, փախուստի և խոչընդոտելու ռիսկը առկա է»: Փաստաբանը անիմաստ համարեց միջնորդություն ներկայացնելը և վերջում մեջբերեց Վազգեն Սարգսյանին. «Աթոռի կռիվ մի՛ արեք, հայրենիքի համար կռիվ արեք, որ աթոռը դնելու տեղ ունենաք»: Մեղադրյալ Իգոր Սարգսյանն էլ ասաց. «Մենք մտածելու բան չունենք, մտածելու բան դուք ունեք: Մեզ կդատեք պատվերով, մի օր պատվերով ձեզ կդատեն»: 

Բանակի գնդապետ, մեղադրյալ Միհրան Մախսուդյանի փաստաբանը հարցրեց՝ արդյոք հայտնաբերվել են հանցագործության գործիքները: 

«Ո՞ւր են փաստական հանգամանքները, ապացույցները հետագայում փուչիկի պես կպայթեն: Այո, Մախսուդյանը ունի հակաիշխանական դիրքորոշում, ես էլ ունեմ, ուրեմն ի՞նձ էլ պիտի բռնեն տանեն: Նա չէր կարող կանգնել մի կողմ և չպայքարել դեռևս արյունը չչորացած հողը հանձնելու գործընթաց իրականացնողների դեմ: Բայց նա հանցավոր գործունեությամբ չի ըմբոստացել այդ գործողություններին և օգտվել է իր սահմանադրական իրավունքներից»,- ասաց Միհրան Մախսուդյանի փաստաբանը։

Դատարանը վերացրեց մեղադրյալների ընտանիքների հետ շփման սահմանափակումները

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի փաստաբանը ասաց, որ իր պաշտպանյալին ի սկզբանե թույլատրվել է կնոջ ու երեխաների հետ շփումը. «Նույնիսկ եթե կալանքի ժամկետը երկարաձգելու որոշում կայացվի, ապա մերձավոր բոլոր ազգականների հետ շփման իրավունքը համարի հիմնավոր և թույլատրի և ոչ թե կիրառի տոտալ սահմանափակումներ, որոնք հակասում են միջազգային չափանիշներին»: Փաստաբանն ասաց, որ Դավիթ Գալստյանի հեռախոսում կատարվել է թվային խուզարկություն, ինչի արդյունքում որևէ հակօրինական փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: Դավիթ Գալստյանն ասաց, որ եթե ազատության որոշում կայացվի, խնդրում է հաշվի առնել, որ պետք է աշխատի ընտանիքի ծախսերը հոգալու համար և տնային կալանքը իր համար ևս անընդունելի է: 

Դատարանը վերացրեց մեղադրյալների ընտանիքների անդամների և բարեկամների հետ շփման սահմանափակումները:

Վահագն Չախալյանը դիմեց դատարանին՝ հորդորելով մեղադրող կողմին ուղարկել տուն և նրանց փոխարեն դիկտոֆոն միացնել, քանի որ միայն կրկնում են նույն տեքստը, խոսքում ոչ մի փոփոխություն չկա:

Աղվան Արշակյանի փաստաբանը խնդրեց վարչական վերահսկողություն կիրառել որպես խափանման միջոց՝ պայմանավորված իր պաշտպանյալի առողջական վիճակով: Ինչպես հայտնի է լրատվամիջոցներից, Աղվան Արշակյանը քաղցկեղի սրման վտանգ ունի: Նրա խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով:

Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևն իր խոսքում նշեց, որ իր պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանին մեղսագրվող արարքն իրականության հետ ոչ մի աղերս չունի, և ձայնագրության մեջ հնչել է լրիվ այլ Արմենի անուն։

Մեղադրյալ Հայկ Շահնազարյանի փաստաբանը միջնորդեց այլընտրանքային խափանման միջոց՝ համակցված մինչև 50 միլիոն դրամ գրավով: Փաստաբանը դատարանին ներկայացրել է առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր: Դատարանը Հայկ Շահնազարյանի կալանքը ևս երկարաձգեց։ 

Նշենք, որ օգոստոսի 21-ի նիստում երեք ամսով երկարաձգվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, իսկ օգոստոսի 20-ին՝ այս գործով միակ կին մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի կալանքը։

***

Բագրատ արք. Գալստանյանը և մյուսները մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու նպատակն իրագործել չկարողանալուց հետո՝ 2024-ի նոյեմբերից Բագրատ սրբազանը շարժման մի շարք մասնակիցների հետ խմբի կազմում նախապատրաստվել է իշխանությունը զավթելուն: Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում