Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքին

Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, ինչի հետևանքով, ըստ հութիների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների, զոհվել է առնվազն վեց մարդ, ևս 86-ը վիրավորվել են։ Իսրայելական կողմը հաստատել է հարձակումը՝ այն որակելով պատասխան գործողություն՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ հութիների կողմից իրականացված հրթիռային հարձակումների։
Ըստ հութիներին առընթեր «Ալ-Մասիրա» հեռուստաալիքի՝ իսրայելական հարվածների թիրախ են դարձել մայրաքաղաքի նավթային օբյեկտն ու էլեկտրակայանը։ Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ թիրախավորել է նախագահական պալատը, որը, ըստ նրանց, տեղակայված է «ռազմական համալիրում»։
Հարձակումը տեղի է ունեցել հութիների կողմից Իսրայելի դեմ հրթիռային հարվածից երկու օր անց։ Եմենական խմբավորումը պնդում է, որ իր գործողությունները նպատակ ունեն ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում շրջափակումը և ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Իսրայելի զինուժի հայտարարության մեջ ասվում է․ «Հարձակումներն իրականացվել են ի պատասխան «հութի ահաբեկչական ռեժիմի» կողմից Իսրայելի պետության և նրա քաղաքացիների դեմ իրականացված բազմակի հարձակումների»։
Հութի պաշտոնյաները հերքել են Իսրայելի պնդումները՝ ռազմական թիրախներ խոցելու վերաբերյալ։ Եմենի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Աբեդ ալ-Թաուրը հայտարարել է, որ Իսրայելը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ «եմենցիներին տառապանք պատճառելու համար» և հավելել, որ հարվածի ենթարկված նախագահական պալատը վաղուց լքված է եղել՝ գործողությունը որակելով «բարբարոսություն»։
Չնայած իսրայելական հարվածներին, հութիները հայտարարել են, որ չեն դադարեցնելու իրենց ռազմական գործողությունները՝ ի պաշտպանություն պաղեստինցիների։ «Եմենի դեմ իսրայելական ագրեսիան չի հուսահատեցնի մեզ՝ շարունակելու մեր աջակցությունը Գազային՝ անկախ զոհողություններից», - ասել է հութի պաշտոնյա Մոհամմեդ ալ-Բուխաիտին։
Սանայում հութիների գլխավորած կառավարությունը հարձակումը որակել է «ռազմական հանցագործություն» և հայտարարել, որ «ագրեսիան ապացուցում է, որ իսրայելական թշնամին՝ ամերիկյան աջակցությամբ, բաց պատերազմ է մղում արաբական և մուսուլմանական ազգի դեմ»։
Թեմա
Civilnet










