Սոցցանցերում օգոստոսի 24-ից տարածվում են գրառումներ՝ «Ուշադիր կարդացեք, եթե ունեք աշակերտներ․․․Հավելավճար՝ 60.000-ից մինչև 100.000 դրամ․ նախագիծը ԱԺ-ում է» վերտառությամբ։
Մինչդեռ Ազգային ժողովում նման նախագիծ չկա։ Ֆեյսբուքյան կեղծ լրատվական էջերը կրկին տարածում են գրավիչ «լուրեր»՝ դիտումներ հավաքելու և օգտատերերին տարբեր տելեգրամյան ալիքներ ուղղորդելու համար։
Հավելավճարի վերաբերյալ նույն գրառումը տարածվում է պարբերաբար
Գրառումը տանում է ընդամենը 1 հետևորդ ունեցող «Միացիր ալիքին նյութը կարդալու համար» անվանումով տելեգրամյան ալիք։

Նույն տեղեկությունը ֆեյսբուքյան էջերն առաջին անգամ չէ, որ անում են. այն պարբերաբար տարածվում է կամ նույն տելեգրամյան ալիքի կամ էլ՝ ikuk.arminfo.ru կայքի հղումներով։

ikuk.arminfo.ru կայքում պարզվում է, որ խոսքն ուսուցիչների հավելավճարի մասին է։
«Այս նախագիծը նախատեսում է հավելավճարների համակարգ, որը կարող է ապահովել ուսուցիչներին ամսական 60 000-ից մինչև 100 000 դրամ հավելավճար»,- նշված է դեռևս մարտի 22-ին ikuk.arminfo.ru կայքում հրապարակված հոդվածում։
Իսկ հոդվածը միաժամանակ ռուսերեն և հայերեն լեզուներով է. ենթադրաբար, երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելու համար։
Ո՞րն է գրառման նպատակը
Ազգային ժողովում վերջերս ոչ մի նոր նախագիծ չի ներկայացվել ուսուցիչների հավելավճարների վերաբերյալ։ Նման հարց չկա ո՛չ ԱԺ-ի օրակարգում ընդգրկված, ո՛չ էլ չընդգրկված նախագծերի ցանկում։
Նման լուրեր տարածելու հիմնական նպատակը մի դեպքում տելեգրամյան ալիքի հետևորդների թիվը մեծացնելն է, մյուս դեպքում՝ գրառմանը կցված կայքի դիտումները մեծացնելն ու դրա հաշվին գովազդից եկամուտ ստանալն է։
Իսկ «ուշադիր», «շտապ», «հենց հիմա» և նմանատիպ այլ ձևակերպումներն օգտագործում են ուշադրություն գրավելու և ստիպելու օգտատերերին հղումով անցնել։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











