Գլխավոր Լրահոս

Չինաստանի զիջումները ԱՄՆ-ին և Սի Ծինփինի թուլացող իշխանությունը

Չինաստանի զիջումները ԱՄՆ-ին և Սի Ծինփինի թուլացող իշխանությունը

Չինաստանի առևտրային վերջին զիջումները Միացյալ Նահանգներին դիվանագիտական կեցվածքի կտրուկ փոփոխություն են, ինչը վկայում է ոչ թե ինքնավստահության, այլ Պեկինում խորացող հուսահատության մասին։

Վաշինգտոնին երկարատև դիմադրությունից հետո, այդ թվում՝ նախագահ Սի Ծինպինի կողմից Դոնալդ Թրամփի հեռախոսազանգի մերժումը, Պեկինը վերադառնում է բանակցային սեղան՝ հրաժարվելով իր նախկին ռազմավարական դիմադրողականության դիրքորոշումից։

Այս շրջադարձը ընդգծում է երկու կարևոր զարգացում՝ տնտեսական աճի ճնշումները ստիպում են Չինաստանին զիջումների գնալ, իսկ Սի Ծինպինի հեղինակությունն ու իշխանությունը Չինաստանի կոմունիստական կուսակցության ներսում կրճատվում են։

Պատմականորեն Չինաստանը խուսափել է երկխոսությունից թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության ոլորտներում՝ ԱՄՆ-ին մեղադրելով թշնամանքի, պատժամիջոցների և «զսպման» քաղաքականության մեջ։ Օբամայի տարիներին՝ Պաշտպանության նախարարության թեժ գծերը մերժելուց, Թրամփի մաքսային պատերազմների ընթացքում առևտրային բանակցություններից հրաժարվելուց մինչև Բայդենի ժամանակ աշխատախմբերի քննարկումները ձգձգելը՝ Պեկինը հետևողականորեն ԱՄՆ-ին է ներկայացրել որպես ագրեսոր։ Սակայն այժմ, Թրամփի երկրորդ ժամկետում, Պեկինը կարծես հետ է կանգնում իր դիրքորոշումից։

Ինչո՞ւ։ Խնդրի հիմքում Չինաստանի երերուն տնտեսությունն է։ Տնտեսական աճը Չինաստանի Կոմկուսի լեգիտիմության առանցքային հենասյունն է եղել։ Սի Ծինփինի օրոք Չինաստանը բախվել է խորը տնտեսական ճգնաժամի, որն ունի դիվանագիտական և քաղաքական հետևանքներ և սպառնում է կուսակցության կայունությանը։

Միայն 2025-ի 1-ին եռամսյակում Չինաստանի արտահանումը ԱՄՆ նվազել է՝ հասելով 108.7 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը՝ ընդամենը 31.82 մլրդ դոլարի։ Մաքսատուրքերի, տեխնոլոգիաների հասանելիության անջատման և օտարերկրյա ներդրումների նվազման հետևանքները Պեկինին ստիպում են փորձել խթանել ներքին սպառումը, բարձրացնել զբաղվածությունը և կանխել ճգնաժամի խորացումը։

Սակայն Սի Ծինպինի տնտեսական կառավարումը, որին բնորոշ է քաղաքական վերահսկողության ուժեղացումն առանց կառուցվածքային բարեփոխումների, զգալի արդյունք չի տվել։

Այս ցնցումների ֆոնին լուրեր են շրջանառվում, որ Սիի իշխանությունը թուլանում է։ Ներքին վերջին բարեփոխումները սահմանափակել են մի շարք «առաջատար փոքր խմբերի» (բարձր մակարդակի գործադիր խմբեր) և «կենտրոնական հանձնաժողովների» (Չինաստանի Կոմկուսի մշտական հանձնաժողովներ) ազդեցությունը, որոնք Սիի օրոք կենտրոնացրել էին իշխանությունը։ Նման սահմանափակումները հազվադեպ էին և վկայում են Կոմկուսի ներսում վերաիմաստավորման մասին։

Սրան գումարվում է այն փաստը, որ առևտրային զիջումների Չինաստանի պատրաստակամությունը և անորոշությունը՝ թե ով է իրականում ղեկավարում բանակցությունները, լուրջ հարցեր են առաջացնում Սիի դերակատարության շուրջ։ Նա՞ է դեռ ուղղորդում ԱՄՆ-ի հետ քաղաքականությունը, թե՞ իշխանությունը վերաբաշխվել է։

Չինաստանի առևտրի նախարար Վան Վենթաոյի հայտարարությունները նույնպես ընդգծում են Պեկինի նահանջը։ «Գործնականում ապացուցված է՝ բարձր մակարդակի առաջնորդության և հաղորդակցության շնորհիվ հնարավոր է ճիշտ կառավարել հակասությունները և լուծել տարաձայնությունները»,- հաշտեցնող հազվադեպ տոնով հայտարարել է Վանը։ 

Նա շեշտել է, որ Ժնևում և Լոնդոնում տեղի ունեցած նախորդ բանակցությունները ցույց են տվել, որ նոր առևտրային պատերազմն անհրաժեշտ չէր։ Նախարարն ընդգծել է Պեկինի ցանկությունը՝ գերադասել կայունությունը հակամարտությունից։

Չնայած համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, առևտրի նախարարությունը հաստատել է, որ կողմերը հասել են ընդհանուր շրջանակի շուրջ պայմանավորվածության։ Նախնական տվյալները վկայում են ակնհայտ ասիմետրիայի մասին․ ԱՄՆ-ն կիջեցնի չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 55%, մինչդեռ Չինաստանը ամերիկյան ներմուծման վրա կսահմանի համեստ 10% տուրք։ Չինաստանը նաև կվերսկսի հազվագյուտ մետաղների արտահանումը, որոնք նախկինում օգտագործում էր որպես լծակ։

Փոխարենը, ԱՄՆ-ն մեղմացնելու է չինացի ուսանողների վիզաների սահմանափակումները, սակայն պահպանելու է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման արգելքը։ Ներկայում Չինաստանը չի երևում որպես հաղթող, և Սիի Չինաստանում զիջումները ընկալվում են որպես թուլության նշան։

Չնայած դրան, քիչ հավանական է, որ Պեկինը ներքին դաշտում կներկայացնի պայմանավորվածությունը որպես զիջում։ Մամուլում այն շարունակում է ներկայացվել որպես ԱՄՆ-ի «տնտեսական ճնշում», որի դեմ անհրաժեշտ է հավաքել ազգայնական տոկունություն։

Սակայն Վանի «համաձայնության խորացման» և «համագործակցության ընդլայնման» մասին բազմակի շեշտադրումները վրա վկայում են լուրջ անհանգստության մասին։ Պեկինին անհրաժեշտ է տնտեսության կայունացում, և դրա համար նա պատրաստ է փոխել խորհրդանշական դիմադրությունը գործնական թեթևացման։

Երբ համաձայնագրի բովանդակությունը դառնա հրապարակային, չինական պետական մեդիան կփորձի այն ներկայացնել որպես ռազմավարական հաղթանակ՝ անհողդողդ հեգեմոնի դեմ։ Բայց քարոզչությունը չի կարող թաքցնել իրականությունը․ այս զիջումները Սի Ծինպինի տնտեսական արմատականությունից ակնհայտ նահանջ են։

Դեռ պարզ չէ՝ սա արտաքին քաղաքականության լայն փոփոխությա՞ն, թե՞ ժամանակավոր ճգնաժամային արձագանքի վկայությունն է։

Մի խոսքով, Չինաստանի վերջին զիջոումները ոչ միայն տակտիկական քայլեր են, այլ ավելի խորը կառուցվածքային ճեղքվածքների նշան ինչպես տնտեսության, այնպես էլ Կոմկուսի ներքին հիերարխիայի մեջ։ Պեկինի շրջադարձը ցույց է տալիս ինքնաբավության ռազմավարության սահմանափակումները և Սիի կենտրոնացված մոտեցման բարձր գինը։

Այս քայլը միաժամանակ փոխում է ԱՄՆ-ի առանցքային ռազմավարությունը՝ չմասնակցել բանակցությունների, որպեսզի չթվա թույլ։ Այն նաև խորհրդանշում է, որ կուսակցության ներսում Սիի իշխանությունը սահմանափակվում է, ինչը կարող է մատնանշել Չինաստանի ղեկավարության փոփոխություն։

Սակայն, երբ առևտրային համաձայնագիրը կյանքի կոչվի, աշխարհը պետք է պատրաստ լինի Չինաստանի վերաիմաստավորված ռազմավարությանը, որը կարող է փորձել ուժի վերականգնում այլ դաշտերում՝ ռազմական ներկայության ուժեղացում Հարավչինական ծովում և Թայվանի շուրջ, դիվանագիտական ազդեցություն կամ տեխնոլոգիական ինքնաբավություն։ Վերջապես, Չինաստանի նահանջը վկայում է ոչ միայն հուսահատության, այլև ճգնաժամի մեջ հայտնված քաղաքական-տնտեսական մոդելի մաշվածության մասին։

Հոդվածի բնօրինակը՝ China makes concessions and Xi’s waning power

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում