Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են գրառումներ` վարկերի զրոյացման և ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցման վերաբերյալ։
«Լավ լուր ամբողջ հայ ազգի համար․․․Վարկերի զրոյացման մասին որոշումը արդեն կայացված է, բայց այն, ինչ պետք է իմանաք, կզարմացնի ձեզ»,- նշված է օգոստոսի 24-ին տարածված գրառման մեջ։
Օգոստոսի 26-ին տարածված մեկ այլ գրառման մեջ էլ նշվում է. ««Հենց նոր պաշտոնապես որոշվեց․ Ուշադրություն բոլոր նրանց, ովքեր ունեցել են ավանդ «Խնայբանկում»․ Տեսեք, թե որքան փոխհատուցում է նախատեսված»։
Սակայն հղումներով անցնելով՝ օգտատերերին սպասում է հիասթափություն․ հրապարակումները որևէ նոր տեղեկություն չեն հայտնում և հետապնդում են բոլորովին այլ նպատակ։
Արդյոք վարկերը զրոյացվելո՞ւ են
Վարկերի զրոյացման մասին գրառումները տանում են կա՛մ «Միացիր ալիքին նյութը կարդալու համար» անվանումով տելեգրամյան էջ, կա՛մ arm.arminfonews.ru կայք։
Կայքում հոդվածը հրապարակված է միաժամանակ հայերեն և ռուսերեն՝ ենթադրաբար երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելու համար։ Հոդվածի ռուսերեն տարբերակում նշվում է, թե ծրագիրը նախատեսված է 3 տարի անընդմեջ վարկեր չմարած անձանց համար, որոնց վարկային պարտավորությունները չեն գերազանցում 3 մլն դրամը։
Իրականում նման ծրագիր գոյություն չունի։ 2025 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որը, սակայն, չի նախատեսում վարկերի զրոյացում։ Այս ծրագրով առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկ ունեցող քաղաքացիների աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը ուղղվում է վարկի մարմանը։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների վարկերի մայր գումարը միասին չպետք է գերազանցի 1 մլն դրամը։
Ուշադրություն հրավիրող գրառումներ՝ առանց բովանդակության
«Խնայբանկում» ավանդ ունեցողներին փոխհատուցման տրամադրման մասին գրառումը նույնպես տանում է նույն տելեգրամյան ալիքը։ Թեև գրառումը տարածվում է «հենց նոր պաշտոնապես որոշվեց», «ուշադրություն» ձևակերպումներով, իրականում որևէ նոր որոշում չի ընդունվել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է նախկինի պես փոխհատուցել ԽՍՀՄ «Խնայբանկում» ավանդ ունեցած քաղաքացիներին։ Ցանկերն ամեն տարի թարմացվում են․ 2025-ից փոխհատուցում կարող են ստանալ մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձինք։
Ո՞րն է գրառումների իրական նպատակը
Ե՛վ վարկերի զրոյացման, և՛ «Խնայբանկի» ավանդների մասին կեղծ լուրերը տանում են նույն՝ «Միացիր ալիքին նյութը կարդալու համար» անվանումով տելեգրամյան էջը։ Ուշագրավ է, որ նույն ֆեյսբուքյան էջերը տարածել են նաև ուսուցիչների հավելավճարի մասին կեղծ գրառումներ՝ կրկին կցելով այս տելեգրամյան էջը։
Տես նաև՝
Տելեգրամյան էջն ունի ընդամենը մեկ բաժանորդ (subscriber), իսկ գրառումների հիմնական նպատակը դրա բաժանորդների թիվը մեծացնելն է:

Ինչ վերաբերում է գրառումներին կցված կայքերին, ապա այս դեպքում փորձում են մեծացել կայքի դիտումների թիվն ու գովազդից եկամուտ ստանալ։ Իսկ «ուշադրություն», «շտապ», «հենց հիմա» և նմանատիպ ձևակերպումները պարզապես խայծեր են, որոնք օգտագործվում են օգտատիրոջ հետաքրքրությունը գրավելու և նրան դրդելու անցնել հղումով։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











