Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ թուրքական կողմը տեղյակ է եղել Վաշինգտոնում կայացած [հայ-ադրբեջանական] համաձայնություններից, և գործընթացը համակարգել է Բաքվի հետ։
Օգոստոսի 28-ի երեկոյան թուրքական TGRT Haber-ին տված հարցազրույցում նա ասել է. «Մեծ գոհունակությամբ պետք է նշեմ, որ այդ հարցը ցանկացած փուլում մեզ հետ խորհրդակցմամբ է առաջ ընթացել ամենասկզբից, երբ ամերիկացիները սկսել են ադրբեջանցի մեր եղբայրների հետ այդ թեմայով քննարկումները։ Պարոն Ալիևն էլ մեր նախագահին թե՛ գործընթացի սկզբում, թե՛ վերջում տեղեկացրել է։ Մեր միջև համակարգման մեխանիզմը շատ լավն է»,- վստահեցրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը՝ նշելով, որ Վաշինգտոնյան համաձայնություններով տարածաշրջանում խաղաղության հետաքրքիր պատկեր է ձևավորվել։
Ինչ վերաբերում է Սյունիքով նախատեսված ճանապարհին, Ֆիդանը նախ և առաջ հիշատակել է Ադրբեջանի պահանջները՝ նշելով, թե դրանք ըստ էության ընդունվել են, ինչը թուրք պաշտոնյան շատ կարևոր է համարել։
Ֆիդանը հաղորդակցության հարցում հայ-ադրբեջանական համաձայնությունները առանց հստակությունների է համարել՝ նշելով, որ դրանք կողմերը պետք է միմյանց հետ բանակցեն։
«Կցանկանամ նաև հանրությանը ներկայացնել, որ խոսք չի գնում հստակեցված ձևաչափի, ընթացակարգի մասին։ Այն [համաձայնությունը] ընդունվել է որպես կոնցեպտ, արտացոլվել փաստաթղթում, սակայն թե [ճանապարհը] ով է գործարկելու, ինչպես է գործարկելու, ինչ է լինելու, այդ հարցերը կողմերը միմյանց հետ են բանակցելու»,- նշել է Ֆիդանը։
Թուրք պաշտոնյան նաև հայտնել է, թե արդեն իսկ տարբեր այլընտրանքային տարբերակներ են քննարկվել, որոնք տեղ են գտել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ Թուրքիայի նախագահի շփումներում։
Թուրքիայի ԱԳ նախարարը գործընթացների համատեքստում ընդգծել է Թուրքիայի նախագահ Էրդողանի սկզբունքային դիրքորոշումը՝ շեշտելով, որ այն հիմնված է ադրբեջանական կողմին ամբողջովին վստահելու վրա։ Ֆիդանի խոսքերով՝ թուրքական կողմը չի վիճարկում որևէ հարցի շուրջ Ադրբեջանի արտահայտած «այո»-ն և չի փորձում հակառակը պնդել։
Ֆիդանն անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարոն Փաշինյանը այս հարցերում դրական վերաբերմունք է ցուցաբերում, ինչը պատմական իրադարձություն է։ Նա, պատերազմից հետո առերեսվելով իրականությանը, քաղաքական ռիսկի է դիմել, ինչը գնահատանքի է արժանի, և մենք էլ այն անկեղծորեն գնահատում ենք»:
Օգոստոսի 22-ին Թուրքիան ազդարարեց Կարսը Նախիջևանին կապող երկաթուղու շինարարության մեկնարկը, որը նախատեսում է Հայաստանի տարածքով կապ ապահովել Ադրբեջանի հիմնական մասի հետ։ Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրաօղլուի ՝նախագիծը «կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու տարածաշրջանային խաղաղությանը»։
Civilnet











