Բազել-3 միջազգային համաձայնագրի նորմերը սպառնում են Դանիայի տնտեսությանը: Ներկայում այս երկրի բանկերը կարճաժամկետ ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարները ներգրավում են հիփոթեքային պարտատոմսերի միջոցով, որոնց մասնաբաժինը իրացվելի ակտիվներում, նոր պահանջների համաձայն, պետք է կրճատվի մինչև 15%: Բացի այդ՝ սուվերեն պարտքերի ցածր մակարդակի պատճառով դանիական բանկերին անհրաժեշտ կլինի $36 մլրդ «գտնել»՝ իրացվելիության պակասը լրացնելու համար։
Դանիայի հիփոթեքային պարտատոմսերի շուկան գնահատվում է $600 մլրդ: Այն գործում է երկու հարյուրամյակից ավելի, այս ընթացքում զանգվածային դեֆոլտների չի առերեսվել, անգամ 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում: Դանիայի Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն՝ դանիական հիփոթեքային պարտատոմսերը նույնքան հուսալի են, որքան այս երկրի պետպարտավորությունները՝ անգամ շուկայական ցնցումների պարագայում։
Դանիան բանկային վերահսկողության Բազելի հանձնաժողովում ներկայացուցիչ չունի, ուստի չի կարողացել ազդել հանձնաժողովի՝ բանկերի կողմից իրացվելի ակտիվներում հիպոթեքային պարտատոմսերի մասնաբաժինը մինչև 15% կրճատելու որոշման վրա: Ներկայում երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ բանկերը կսկսեն հիփոթեքային պարտատոմսերի զանգվածային վաճառք, ինչը կհանգեցնի վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը և բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա:
Դանիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ երկրի անշարժ գույքի ֆինանսավորման շուկան չափազանց էժան է, կայուն ու հուսալի, և կառավարությունը առավելագույն ջանքեր է գործադրելու այն պաշտպանելու համար: Նախարարի կարծիքով՝ Բազել-3-ի պահանջները, որոնք սկսվել են մշակվել դեռ 2009թ.՝ նախքան եվրոգոտու պարտքային ճգնաժամը, թյուրիմացաբար պետպարտատոմսերը ոչ ռիսկային ակտիվներ են համարում։
Նոր նորմերը, որոնք կսկսեն գործել 2015թ., բանկերի համար ևս մեկ խնդիր կստեղծեն: Դանիայի պետպարտքի մակարդակը երկու անգամ զիջում է «եվրոպական միջինին», ուստի շրջանառվող դանիական պետպարտատոմսերը կարող են պարզապես չբավարարել բանկերին հիփոթեքային բոնդերը փոխարինելու համար։ Եվրոպայի խոշորագույն Nycredit թողարկողը դանիական պետպարտատոմսերի դեֆիցիտը $36 մլրդ է գնահատել: Արդյունքում Դանիայի ԿԲ-ում հայտարարել են, որ բանկերը կարող են անտեսել Բազելի հանձնաժողովի նոր պահանջները:

Civilnet










