Լոնդոնի Heathrow օդանավակայանի ղեկավարությունը ներկայացրել է առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիրը, որը նախատեսում է հավելյալ տերմինալի կառուցում, ուղևորների սպասարկման որակի բարելավում և մի շարք այլ միջոցառումներ։
Ընկերությունը մտադիր է ծրագրի ծախսերը ֆինանսավորել ավիաընկերություններից գանձվող տուրքերի ավելի քան 40%-ով բարձրացման հաշվին. վերջիններս, իրենց հերթին, հարկադրված կլինեն թանկացնել ավիատոմսերը։
Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանի ղեկավարությունը առաջիկա հինգ տարիներին մտադիր է ներդնել 3 մլրդ ֆունտ ստեռլինգ՝ օդանավակայանի արդիականացման համար ծախսվող գումարի ծավալը՝ 2003-ից ի վեր, հասցնելով 14 մլրդ-ի։ Heathrow-ի նախնական հաշվարկներով՝ 2013թ. տուրքերն ընթացիկ 19,3 ֆունտ ստեռլինգ/1 ուղևոր-ից 2018-2019 թթ. կբարձրանան մինչև 27,3 ֆունտ ստեռլինգ/1 ուղևոր։
Օդանավակայանի գլխավոր տնօրեն Քոլին Մեթյուզը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ երկար չվերթը սպասարկում է Heathrow-ն։ Ընկերությունում կանխատեսում են նաև, որ մինչև 2019թ. ուղևորների թիվը ներկայիս 70 մլն-ից կավելանա մինչև 72,6 մլն: «Մենք պետք է հասնենք նրան, որ Լոնդոնը պահպանի առաջատարի իր դիրքերը, քանի որ Փարիզը, Ամստերդամը և Ֆրանկֆուրտը կցանկանան մեզնից «խլել» այդ կարգավիճակը»,– ասել է Մեթյուզը։
Օդանավակայանի արդիականացման ծրագիրը դեռ պետք է հաստատվի Մեծ Բրիտանիայի քաղավիացիայի վարչության կողմից։ Վարչությունը արդիականացման ծախսերը ավիաընկերությունների և ուղևորների ուսերին փոխանցելու մասին վերջնական որոշում կընդունի 2014թ. հունվարին։
Heathrow-ի ծառայություններից օգտվող խոշոր ավիաընկերություններն արդեն դժգոհել են արդիականացման ծրագրից: Այսպես՝ բրիտանական Virgin Atlantic ընկերությունը հայտարարել է, որ տուրքերի նախատեսվող բարձրացումը չափազանց մեծ է: British Airways-ում հույս են հայտնել, որ Քաղավիացիայի վարչությունն արդար որոշում կընդունի և ֆինանսական բեռը չի փոխանցի ուղևորների ուսերին։

Civilnet










