Գլխավոր Լրահոս

Ուկրաինան Հնդկաստանի՝ ռուսական նավթի գնումները համարում է այդ երկրի ինքնիշխան ընտրությունը

Ուկրաինան Հնդկաստանի՝ ռուսական նավթի գնումները համարում է այդ երկրի ինքնիշխան ընտրությունը

Ուկրաինան հասկանում է, որ Հնդկաստանը «ինքնիշխան երկիր է և պետք է պաշտպանի իր ազգային շահերը» Ռուսաստանից նավթ գնելու հարցում, հայտարարել է Հնդկաստանում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Պոլիշչուկը։

Հնդկական ThePrint-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Կիևը Նյու Դելիին չի «ճնշում» Ռուսաստանից նավթի գնման հարցում, և որ այս ամենից բխող ցանկացած խնդիր կարող է քննարկվել երկկողմ մակարդակով և լուծվել ըստ այդմ։

Հնդկաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը մեծացել է՝ կապված Նյու Դելիի կողմից ռուսական նավթի շարունակական գնումների հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մի շարք պաշտոնյաներ Նյու Դելիին մեղադրում են «պատերազմից օգուտ քաղելու» մեջ։ ԱՄՆ-ն որպես «պատիժ» Հնդկաստանի նկատմամբ սահմանել է հավելյալ 25% մաքսատուրք, որը ուժի մեջ է մտել օգոստոսի 27-ին։ Արդյունքում՝ հնդկական բազմաթիվ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ում ընդհանուր մաքսատուրքը հասնում է մինչև 50%-ի։

Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Պոլիշչուկը

«Այնքան էլ հեշտ չէ ասել, թե Հնդկաստանը ինչպես պետք է վարվի։ Մենք չենք ճնշում Հնդկաստանի կառավարությանը։ Դուք (Հնդկաստանը) ինքնիշխան երկիր եք։ Եվ իհարկե պետք է պաշտպանեք ձեր ազգային շահերը։ Բայց Ուկրաինան նույնպես պետք է պաշտպանի իր ազգային շահերը»,- ասել է նա՝ Հնդկաստանի մայրաքաղաքում Ուկրաինայի Ազգային դրոշի օրվա միջոցառման ժամանակ։

«Սա այնպիսի դեպք չէ, որը կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր երկարաժամկետ հարաբերությունների վրա Հնդկաստանի հետ, և ինչպես գիտեք, ներկայիս հարաբերությունների վրա։ Նման բոլոր խնդիրները կարող են քննարկվել երկկողմ ձևաչափով։ Եվ ես անձամբ շատ ուրախ եմ, որ մեր առաջնորդները նման կանոնավոր հաղորդակցություն ունեն»,- ասել է Պոլիշչուկը։

Նա նշել է, որ նման հարցերի շուրջ քննարկումներից «չի կարելի խուսափել», սակայն դրանք նման են «ընտանիքի ներսում առաջացող բարդ իրավիճակներին», որոնք հնարավոր է լուծել բանակցությունների և քննարկումների միջոցով։

Ուկրաինայի դեսպանը հավելել է, որ ակտիվ աշխատում են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հնդկաստան այցի ժամկետները հստակեցնելու ուղղությամբ։ Անցյալ տարի վարչապետ Նարենդրա Մոդին այցելել էր Կիև և Ուկրաինայի նախագահին հրավիրել Հնդկաստան։

Պոլիշչուկը հաստատել է, որ Մոդին այս ամիս Զելենսկու հետ հեռախոսազրույցում վերահաստատել է հրավերը։ Զելենսկին զանգից հետո ասել է, որ իրենց հանդիպումը ծրագրվում է հաջորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Սակայն, ըստ Հնդկաստանի կառավարության աղբյուրների, Մոդիի՝ Նյու Յորք մեկնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

Ուկրաինայի դեսպանը նաև հայտնել է, որ հստակություն չկա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու միջև հնարավոր հանդիպման շուրջ՝ պատերազմի ավարտի շուրջ բանակցելու համար։

«Կարծում եմ՝ այս պահին դժվար է ասել, թե ինչպես կշարունակվեն բանակցությունները, կամ երբ կհանդիպեն նախագահներ Զելենսկին և Պուտինիը։ Մենք չգիտենք»,- ասել է նա։

Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է գրեթե չորս տարի՝ սկսած 2022-ի փետրվարից, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժում սկսեց Ուկրաինա։ Սակայն հակամարտությունը տարբեր ձևերով շարունակվել է առնվազն 2014-ից, երբ Մոսկվան հայտարարեց Ղրիմի բռնակցման մասին, ինչը միջազգային հանրությունը չի ճանաչել։

2022-ին Մեծ յոթնյակ խմբի երկրները, այդ թվում ԱՄՆ-մ, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, սահմանեցին 1 բարելի դիմաց 60 դոլար գին՝ որպես ռուսական նավթի վաճառքի սահմանափակում՝ խոչընդոտելու պատերազմը շարունակելու Մոսկվայի հնարավորությունները։ Գների այս սահմանափակումը նպատակ ուներ կայուն պահել նավթի գները միջազգային շուկայում և հաշվի առնել Հնդկաստանի շահերը, ինչպես անցյալ տարի նշել էր ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Գարսետին։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում