Գլխավոր Լրահոս

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց փակել Մինսկի խումբը

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց փակել Մինսկի խումբը

ԵԱՀԿ գործող նախագահը՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը, և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինրլիօղլուն ողջունել են նախարարների խորհրդի որոշումը՝ փակել Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի. այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում։

«Կրկին ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ պատմական համաձայնությունների, ինչպես նաև դրանց անհապաղ իրականացման վճռական որոշման համար։ Ես անհապաղ արձագանքել եմ նրանց համատեղ դիմումին և ցանկանում եմ անկեղծ գնահատանքս հայտնել կողմերին՝ գործընթացում ցուցաբերած հրաշալի համագործակցության համար։ Կցանկանայի նաև շեշտել մասնակից պետությունների համախմբվածությունը, որն ապահովեց այս կոնսենսուսին հասնելը», - ասել է նախարար Վալտոնեն։

Այս որոշումը հետևում է 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրին, որի վկան էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախարարների խորհրդի որոշումը ընդունվել է ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների կոնսենսուսով։

«Սա պատմական զարգացում է, որը ընդգծում է, թե ինչ կարող է հասնել դիվանագիտությունը՝ անգամ տասնամյակների հակամարտության և անվստահության պայմաններում։ Այն ցույց է տալիս, որ հնարավոր է համաձայնության հասնել, երբ կողմերը կիսում են ընդհանուր վճռականություն՝ գտնելու ընդհանուր հիմք», - նշել է գլխավոր քարտուղար Սինրլիօղլուն։

ԵԱՀԿ գործող նախագահը և գլխավոր քարտուղարը վերահաստատել են իրենց անսասան հանձնառությունը՝ աջակցելու այն ջանքերին, որոնք բերում են երկարատև խաղաղություն և կայունություն Հայաստանին, Ադրբեջանին և ողջ տարածաշրջանին։

Որոշման ընդունումից հետո ԵԱՀԿ-ն քայլեր է ձեռնարկելու Մինսկի գործընթացի և դրա կառույցների փակման ուղղությամբ։ Գործընթացի ավարտին՝ ոչ ուշ քան 2025 թ. դեկտեմբերի 1-ը, կշարունակվեն միայն վարչական բնույթի գործառույթները, մասնավորապես՝ գույքի և տեխնիկայի փոխանցումը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992-ից ի վեր։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ։ ՄԽ լուծարումը խաղաղության գործընթացում Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից մեկն էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում