Պեկինում կայացավ Չինաստանի պատմության ամենամեծ ռազմական շքերթը

Պեկինի Տյանանմեն հրապարակում անցկացվել է այդ երկրի պատմության ամենամեծ ռազմական շքերթը՝ նվիրված Ճապոնիայի կապիտուլյացիային և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին։ Շքերթին մասնակցող 26 պետությունների ղեկավարների շարքում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ BBC-ն հաղորդում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի գլխավոր հյուրերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունն էր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետևում էր շքերթին՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի աջ կողմում նստած, իսկ ձախ կողմում մյուս գլխավոր հյուրն էր՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը։ Շքերթի ընթացքում ներկայացվեցին նորագույն զինատեսակներ։
Պեկինից ուղիղ հեռարձակման ժամանակ երևում էր, որ շքերթից առաջ Պուտինը, Կիմը և Սի Ծինփինը միասին բարձրացան տրիբունա, իսկ նրանց հետևից բարձրացան նաև մյուս առաջնորդները։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա էր ավելի քան 26 երկրի ղեկավար։

«Մարդկությունը կրկին կանգնած է ընտրության առաջ՝ խաղաղության և պատերազմի, երկխոսության և դիմակայության, փոխշահավետ արդյունքների և զրոյական արդյունքով խաղի միջև»,- իր խոսքում հայտարարել է Չինաստանի առաջնորդը։ Նրա խոսքով՝ «չինացի ազգի վերածնունդն անկասելի է», և աշխարհի բոլոր երկրները պետք է «վերացնեն պատերազմի խորքային պատճառները և թույլ չտան պատմական ողբերգությունների կրկնություն»։ «Ընդհանուր անվտանգությունը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ աշխարհի երկրները միմյանց վերաբերվեն որպես հավասարների, ապրեն համերաշխությամբ և աջակցեն իրար»,- նշել է Սի Ծինփինը՝ շքերթի մեկնարկից առաջ։
BBC-ի թղթակիցները նշում են, որ Չինաստանը ցուցադրել է մի շարք նոր զինատեսակներ, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ DF-5C հրթիռը, AJX002 սուզանավային դրոնը, ինչպես նաև լազերային զենք։
Շքերթի մեկնարկից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց գրառում Truth Social-ում՝ խոսելով իբր թե դավադրության մասին։ «Գլխավոր հարցն այն է, թե արդյոք Սի Ծինփինը կմտաբերի այն հսկայական աջակցությունն ու «արյունը», որ ԱՄՆ-ն տվել է Չինաստանին՝ ազատագրելու նրան խիստ թշնամական օկուպանտից։ Շատ ամերիկացիներ զոհվել են Չինաստանի պայքարի ընթացքում։ Հուսով եմ՝ նրանց քաջությունն ու զոհաբերությունը արժանիորեն կհարգվեն ու կհիշվեն»,- գրել է Թրամփը։ Նա Չինաստանի առաջնորդին և ժողովրդին մաղթել է «հիանալի և անմոռանալի տոնական օր»։
«Խնդրում եմ, փոխանցեք իմ ամենաջերմ բարեմաղթանքները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք ծրագրում եք դավադրություն ԱՄՆ-ի դեմ»,- ավելացրել է Թրամփը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում նկատի ունի։

Կիմի պատվավոր տեղը
BBC-ի Սեուլի թղթակից Ջին Մակքենզին գրում է․
«Հակասական էր տեսնել, որ Կիմ Չեն Ընը ստացել էր նման պատվավոր տեղ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Տյանանմեն հրապարակ մտավ Սիի և Պուտինի հետ միասին ու նստեց նրանց կողքին։ Երեքն էլ հանգիստ զրուցում էին միմյանց հետ։
Կիմը երկար ժամանակ մեկուսացված էր, նրան վերաբերվում էին որպես վտարյալի, անգամ ծաղրում, բայց այսօր նրան գրեթե հավասարեցրին աշխարհի երկու ազդեցիկ առաջնորդներին։ Սա առաջին անգամ է, որ նա մասնակցում է համաշխարհային առաջնորդների միջազգային հանդիպմանը։ Սովորաբար ԿԺԴՀ առաջնորդը հազվադեպ է լքում երկիրը, և եթե անում է, ապա հանդիպում է միայն մեկ առաջնորդի։
Այս անգամ նրա համար հիմնական խթանը, անկասկած, եղել է Սիի և Պուտինի կողքին հայտնվելու և հավասարի կարգավիճակով հանդես գալու հնարավորությունը։ Այս երեք առաջնորդներն ուղերձ են հղում Արևմուտքին, հատկապես ԱՄՆ-ին, որ իրենք հիմա սերտ համագործակցում են»։

Ամենամեծը Չինաստանի պատմության մեջ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթը Չինաստանի պատմության մեջ ամենամեծն էր։ Տյանանմենի դարպասներին տեղադրված Մաո Ցզեդունի դիմանկարը շրջապատված էր ՉԺՀ-ի ութ հսկայական դրոշներով։
Աշխարհի առաջնորդների դիմաց, Ժողովրդական ժողովների տան մոտ կանգնեցվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը խորհրդանշող երկու հսկայական ծաղկային կոմպոզիցիաներ։ Այնտեղ նախատեսված էին տեղեր 50,000 հյուրերի համար։
Պեկինում անվտանգության միջոցառումները խստացվել էին ոչ միայն երթի ուղու երկայնքով․ որոշ գրասենյակների մուտքերում տեղադրված էին օդանավակայաններում օգտագործվող սկաներներ, արգելվել էին բոլոր տեսակի դրոնների թռիչքները։ Կամուրջների ու վերելակային ճանապարհների մոտ շուրջօրյա հերթապահում էին ապահովում անվտանգության աշխատակիցներ, ոմանք՝ զինվորական համազգեստով։
Շքերթի նախապատրաստումը, որը առաջինն էր վերջին վեց տարվա ընթացքում, տևել է մի քանի ամիս։ Պեկինում տեղադրվել էր ավելի քան 200,000 դրոշ, խաչմերուկներում ու ճանապարհների եզրերին՝ ծաղկային կոմպոզիցիաներ, իսկ քաղաքի բիզնես կենտրոնը ստացել էր նոր լուսավորություն։
Շքերթը շարժվեց գլխավոր Չան՛անՑզյե պողոտայով և հասավ Տյանանմեն հրապարակ։ Վարժանքների ժամանակ այդ փողոցի բնակիչներին խնդրել էին դուրս չգալ պատշգամբներ՝ գաղտնի պահելու շքերթի մանրամասները։ Երթուղու երկայնքով գտնվող դպրոցները, հյուրանոցները, խանութները և գրասենյակները փակվել էին երկու օրով։ Քաղաքային հեծանիվ վարձելը գրեթե անհնար էր դարձել։
Այս լայնամասշտաբ միջոցառումն ունի մի քանի նպատակ․ մի կողմից՝ աշխարհին ցույց տալ Չինաստանի ռազմական և դիվանագիտական հզորությունը, մյուս կողմից՝ ներսում արթնացնել ազգային հպարտության ու հայրենասիրության զգացումներ։
Չինաստանի համար Երկրորդ համաշխարհայինը «հայրենական պատերազմ է ճապոնական ագրեսիայի դեմ»։
Թեմա
Civilnet










