Գևորգ Թոսունյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով ՍիվիլՆեթի հարցմանը, խուսափել է ուղիղ պատասխաններ տալ պետական դավաճանության մեղադրանքով կալանավորված անձի (խմբ. - ըստ մամուլի տեղեկությունների՝ Աշխեն Ալեքսանյան) պաշտոնի վերաբերյալ։
ՍիվիլՆեթն օգոստոսի 29-ին հարցում էր ուղարկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել մամուլի հրապարակումների վերաբերյալ, համաձայն որոնց՝ ամիսներ առաջ Աշխեն Ալեքսանյանը ձերբակալվել էր օդանավակայանում։
ԱԳՆ-ն հղում է կատարել Քննչական կոմիտեի օգոստոսի 29-ի հաղորդագրությանը։ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել էր, որ արտաքին գործերի նախարարության աշխատակցի նկատմամբ պետական դավաճանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, և նա կալանավորված է։
Անդրադառնալով Ալեքսանյանի հնարավոր պաշտոնին՝ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ՔԿ-ն հերքել է նրա՝ բարձրաստիճան պաշտոնյա կամ հյուպատոս լինելը։ Ի պատասխան նրա տվյալները կայքից հեռացնելու մասին հարցին՝ ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենց պաշտոնական հարթակներում հրապարակվում են տեղեկություններ միայն գերատեսչության հիմնական կառուցվածքի և բարձրաստիճան պաշտոնյաների մասին։
Հարցին, թե արդյոք նշանակման գործընթացում եղե՞լ են թերացումներ և նշանակվե՞լ է արդյոք ծառայողական քննություն, ԱԳՆ-ից վստահեցրել են, որ գործընթացը տեղի է ունեցել «բացառապես վերոհիշյալ օրենսդրությանը համապատասխան կարգով»։ Իսկ կալանավորվածի ներկա կարգավիճակի մասին հարցին ի պատասխան՝ նախարարությունը կրկին վկայակոչել է ՔԿ-ին՝ նշելով, որ նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանքը։
Նախարարությունը նաև կրկնել է ՔԿ-ի հաղորդագրության դրույթն այն մասին, որ անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
***
Քննչական կոմիտեն օգոստոսի 29-ին հերքել էր լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, թե կալանավորվածը բարձրաստիճան պաշտոնյա է կամ հյուպատոս։
Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ 2025-ի հունիսի 20-ին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության (լրտեսություն, թշնամական գործունեության համար օգնություն ցույց տալ) հատկանիշներով։ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Քննչական կոմիտեն առանձնահատուկ ընդգծել էր, որ նախաքննության ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել հանցագործությանը ԱԳՆ այլ աշխատակիցների մասնակցության վերաբերյալ։ «Հետևաբար, զանգվածային լրատվության միջոցներով տարածված այն տեղեկությունը, թե նշված աշխատակիցը չի գործել միայնակ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, թե շուրջ երկու ամիս առաջ Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել էր Ավստրիայում ՀՀ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը։ Factor.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր նույն անունը՝ հավելելով, որ նա հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների և ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա մեկնելիս։
Civilnet











