Հնդկաստանն արդյոք «մաքսատուրքերի արքա՞» է։ Իրականում՝ ոչ

Մոհան Քումար
Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Newsweek.com-ում
Լայնատարած թյուր կարծիք կա, թե Հնդկաստանի մաքսատուրքերը չափազանց բարձր են:,
Երբ խոսքը վերաբերում է որևէ երկրի, գոյություն ունեն սուբյեկտիվ գործոններ, ինչպիսիք են կենսունակությունը, հանրության քաղաքավարությունը կամ նույնիսկ այն, թե ինչպես են ընդունում օտարերկրացիներին: Սակայն մաքսատուրքերը քանակական գործոն են և իրականում սուբյեկտիվության տեղ պիտի որ չլինի: Եկեք խնդիրը քննարկենք փաստերով:
Նախքան դա անելը, հասարակ ընթերցողի համար օգտակար կլինի իմանալ, թե մաքսատուրքերն ինչ գործառույթ ունեն ցածր եկամուտ ունեցող զարգացող երկրներում, ինչպիսին է Հնդկաստանը, ի տարբերություն, ասենք, բարձր եկամուտ ունեցող զարգացած երկրի, ինչպիսին է ԱՄՆ-ը։ Ավանդաբար, ցածր եկամուտ ունեցող զարգացող երկրները մաքսատուրքեր են կիրառում երկու պատճառով՝ նախ՝ իրենց ներքին արդյունաբերությունը պաշտպանելու համար, և երկրորդ՝ դրանից եկամուտ ստանալու համար: Ներքին արդյունաբերության պաշտպանությունը ընդունված փաստարկ է ամբողջ աշխարհի տնտեսագետների կողմից, հատկապես, եթե արդյունաբերությունը նոր է զարգանում, և երկիրը պետք է զարգացնի արդյունաբերական բազա: Այնուհետև կա եկամուտների ավելացման գործառույթ, որը, օրինակ, ցույց է տալիս երկրի կողմից ալկոհոլի կամ շքեղ մոտոցիկլետների վրա դրվող մաքսատուրքերը:
Հնդկաստանի մաքսատուրքերը, որոնք բարձր էին 1980-ականներին, զգալիորեն նվազեցին 1991-ի բարեփոխումների մեկնարկից և «Ուրուգվայի շրջանի» հետ կապված բանակցությունների ընթացքում, որոնք հանգեցրին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստեղծմանը:* Այդ ժամանակվանից ի վեր Հնդկաստանում հաստատուն միտումը եղել է կիրառվող մաքսատուրքերի ամենամյա աստիճանական նվազեցումը:
Տեխնիկական տեսանկյունից, երկրները երկու տեսակի մաքսատուրքեր են ունենում։ Մեկը կիրառվող մաքսատուրքերն են, որոնք, ինչպես անունն է հուշում, իրական մաքսատուրքեր են (սովորաբար՝ ըստ ապրանքի արժեքի), որոնք կիրառվում են սահմանին օտարերկրյա ապրանք երկիր ներմուծելու դեպքում։
Մյուսը «պարտավորված մաքսատուրքերն» (bound tariffs) են, որոնք ներմուծվող ապրանքի համար սահմանում են մաքսատուրքի առաստաղ՝ համաձայն ԱՀԿ-ի շրջանակում ստանձնած առավել բարենպաստ երկրի պարտավորություններից։
Անշուշտ, ԱՄՆ-ի սկսած մաքսատուրքերի պատերազմը խախտում է ԱՀԿ-ի համաձայնագրերով ստանձնած նրա պարտավորությունները։ Սակայն ԱՀԿ-ն ինքը տևական ժամանակ է անգործության մեջ է։ Հարկ է նաև նշել, որ մաքսատուրքերը չեն կարող նույնը լինել բոլոր երկրների համար: Անվիճելի ճշմարտություն է, որ ցածր եկամուտ ունեցող զարգացող երկրները պետք է որ ունենան ավելի բարձր մաքսատուրքեր (վերը նշված պատճառներով)՝ համեմատած Մեծ յոթնյակի երկրների հետ:
Այսպիսով, ի՞նչ դեր ունի Հնդկաստանը այս ամենում: Երբ Հնդկաստանը գնահատում են մաքսատուրքերի մակարդակով, կիրառում են երկու չափանիշ․ առաջինը՝ մաքսատուրքերի պարզ միջին մակարդակը, երկրորդը՝ առևտրային կշռով հաշվարկված մաքսատուրքերը։ Եթե կիրառենք առաջին չափորոշիչը, Հնդկաստանի մաքսատուրքերն իսկապես բարձր են թվում (15.98 տոկոս): Սակայն սա շատ առումներով տեսական է, քանի որ Հնդկաստանի շուկա մտնող ապրանքների մեծ մասի համար կարևորը կիրառվող՝ առևտրային կշռով հաշվարկված մաքսատուրքն է: Հնդկաստանի կողմից կիրառվող առևտրային կշռով հաշվարկված մաքսատուրքը 4.6 տոկոս է: Մաքսատուրքերի այս մակարդակը հերքում է այն պնդումները, որ Հնդկաստանը որևէ կերպ մաքսատուրքերի արքա է։ Պարզ միջին թվերը խեղաթյուրում են պատկերը, քանի որ դրանք բոլոր ապրանքներին վերաբերում են նույն կերպ՝ անկախ առևտրի ծավալներից: Հետևապես, ինչո՞ւ այդքան մեծ տարբերություն կա Հնդկաստանի պարզ միջին մաքսատուրքի և առևտրային կշռով հաշվարկված մաքսատուրքի միջև։
Հնդկաստանը համեմատաբար բարձր մաքսատուրքեր է կիրառում գյուղատնտեսական ապրանքների և ավտոմեքենաների վրա։ Այս երկու դեպքերում էլ մաքսատուրքերի հիմնական նպատակը ներքին արտադրության պաշտպանությունն է։
Հնդկաստանի գյուղատնտեսությունը յուրահատուկ է և նման չէ աշխարհի որևէ այլ խոշոր երկրի: Հնդկաստանի հսկայական բնակչության մոտ 50 տոկոսը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է գյուղատնտեսությունից: Բացի այդ, Հնդկաստանի գյուղատնտեսությունը մեքենայացված չէ, և հողատարածքները այնքան փոքր են, որ գյուղատնտեսությունը գոյատևման, այլ ոչ թե առևտրի հարց է: Հնդկաստանից պահանջել բացել իր գյուղատնտեսական ոլորտը ներմուծման համար, նման է ինքնասպանություն կոչի, ինչին Հնդկաստանի որևէ ընտրված կառավարություն չի համաձայնի: Այս պահանջը իսկապես հանդուգն է, քանի որ արևմտյան ֆերմերները ուղղակի և անուղղակի սուբսիդիաների շահառուներ են:
Հաշվի առնելով այս ամենը, Հնդկաստանը պահպանում է գյուղատնտեսական արտադրանքի համեմատաբար բարձր մաքսատուրքեր, միջին հաշվով՝ մոտ 33 տոկոս՝ մսի, կաթնամթերքի, մրգերի և հացահատիկի համար։ Սակայն սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Եվրամիության միջին մաքսատուրքը կաթնամթերքի համար կազմում է 37,5 տոկոս և հասնում ընդհուպ 205 տոկոսի, իսկ մրգերի և բանջարեղենի համար՝ մինչև 261 տոկոսի։ Համեմատեք սա Ճապոնիայի հետ, որտեղ կաթնամթերքի համար դրույքաչափը կազմում է 61,3 տոկոս և հասնում մինչև 298 տոկոսի, հացահատիկի համար՝ մինչև 258 տոկոսի, իսկ մսի և բանջարեղենի համար՝ մինչև 160 տոկոսի։ Կամ էլ համեմատեք Հարավային Կորեայի հետ, որտեղ գյուղատնտեսական ապրանքների համար մաքսատուրքերը միջինը կազմում են 54 տոկոս, բանջարեղենի համար դրանք հասնում են 800 տոկոսի, իսկ մրգերի համար՝ 300 տոկոսի։ Հարց է առաջանում, թե ով է գյուղատնտեսության ասպարեզում մաքսատուրքերի արքան։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, ապա այս ոլորտը զանգվածային աշխատատեղեր է ստեղծում և այդ պատճառով էլ կարևոր է։
Հնդկաստանի մաքսատուրքերի՝ անգամ պարզ միջին մակարդակը՝ 15.98 տոկոս, համապատասխանում է զարգացող տնտեսությունների համար նախատեսված համաշխարհային նորմերին: Բանգլադեշը (14,1 տոկոս), Արգենտինան (13,4 տոկոս) և Թուրքիան (16,2 տոկոս), որոնք բոլորն էլ մեկ շնչի հաշվով համեմատելի կամ ավելի բարձր ՀՆԱ-ով երկրներ են, կիրառում են նմանատիպ կամ ավելի բարձր մաքսատուրքեր:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարություններին, որ իրենց ոչ գյուղատնտեսական արտադրանքը Հնդկաստանում բախվում է մաքսատուրքերի բարիերների, ապա հարկ է նշել, որ ամերիկյան արտահանողների համար հնդկական մաքսատուրքերը հաճախ ավելի ցածր են, քան նրանց շատ ասիական գործընկերների դեպքում։ Օրինակ՝ էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների ոլորտում Հնդկաստանը 0 տոկոս մաքսատուրք ունի ՏՏ սարքավորումների, կիսահաղորդիչների, համակարգիչների և դրանց հետ կապված մասերի մեծ մասի համար, ընդ որում՝ էլեկտրոնիկայի համար գործում են միջին 10,9 տոկոս և համակարգչային մեքենաների համար՝ 8.3 տոկոս մաքսատուրքեր։
* «Ուրուգվայի փուլը» (1986-1994) GATT-ի (General Agreements on Tariffs and Trade) շրջանակում ամենախոշոր և հավակնոտ առևտրային բանակցություններն էին, որոնք միավորեցին 123 երկիր՝ մաքսատուրքերն իջեցնելու, գյուղատնտեսության և տեքստիլի ոլորտները կարգավորելու, ծառայությունների ու մտավոր սեփականության համար նոր կանոններ ստեղծելու, վեճերի կարգավորման մեխանիզմը ուժեղացնելու և ի վերջո 1995-ին Առևտրի համաշխարհային կազմակերպություն ստեղծմանը նպաստելու նպատակով։ Զարգացող երկրների համար, օրինակ՝ Հնդկաստանի, դա նշանակում էր մաքսատուրքերի էական ազատականացում և համաշխարհային ինտեգրում՝ զարգացած շուկաներին հասանելիություն ապահովելով կանոններով ղեկավարվող առևտրային համակարգում։
Հոդվածի բնօրինակը՝ Is India a 'Tariff King'? Not Really
Թեմա
Civilnet










