Գլխավոր Լրահոս

ԵՄ արգելքի նախաշեմին՝ Հնդկաստանից դիզվառելիքի արտահանումները Եվրոպա կտրուկ աճել են 

ԵՄ արգելքի նախաշեմին՝ Հնդկաստանից դիզվառելիքի արտահանումները Եվրոպա կտրուկ աճել են 

Եվրոպական միությունը պատրաստվում է 2026-ի հունվարի 21-ից արգելել ռուսական նավթից վերամշակված նավթամթերքի ներմուծումը, ինչի նախաշեմին Հնդկաստանի դիզվառելիքի արտահանումները Եվրոպա օգոստոսին հասել են վերջին 11 ամսվա առավելագույն ցուցանիշին՝ ըստ նավերի տեղաշարժի մոնիթորինգի տվյալների։ Ոլորտի ինսայդերները և փորձագետները վստահ են, որ Հնդկաստանի արտահանումները, հատկապես դիզվառելիքի, կմնան բարձր մակարդակի վրա, քանի որ Եվրոպան ձգտելու է  պաշարներ կուտակել և մեղմել սպասվող պակասուրդը։

Եվրոպայի կողմից Հնդկաստանից դիզվառելիքի գնման ավելացումը համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները քննադատում են Հնդկաստանին ռուսական նավթի մեծածավալ գնումների համար՝ նրան մեղադրելով, թե շահույթ է ստանում զեղչված ռուսական նավթից արտադրված վառելիքը Եվրոպա արտահանելով։ Հնդկաստանը չի ընդունում այս մեղադրանքները՝ նշելով, որ ռուսական նավթ գնելն ու վերամշակված վառելիք արտահանելն անօրինական չէ, և եթե որևէ երկիր խնդիր ունի, կարող է պարզապես դադարեցնել Հնդկաստանից վառելիքի ներկրումը։

Նախնական տվյալներով՝ օգոստոսին Հնդկաստանից Եվրոպա դիզվառելիքի արտահանումները կազմել են օրական շուրջ 260,000 բարել, ինչը հուլիսից աճել է մոտ 63 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսից՝ 103 տոկոսով։ Բոլոր արտահանումներն իրականացրել է Reliance Industries (RIL) ընկերությունը։ Ընդհանուր առմամբ, օգոստոսին Հնդկաստանից Եվրոպա նավթամթերքի արտահանումները աճել են 41 տոկոսով՝ հասնելով օրական 399,000 բարելի։

Եվրոպա դիզվառելիքի արտահանման աճի հիմնական պատճառներից մեկը Նիդեռլանդներում Shell ընկերության Pernis նավթավերամշակման գործարանի սպասարկման դադարի ժամանակացույցի տեղափոխումն է 2026-ից ավելի վաղ ժամկետների։ Համարվում է, որ Եվրոպան այս քայլով փորձում է երաշխավորել, որ 2026-ի հունվարին նախատեսված արգելքից հետո իր սեփական նավթավերամշակման գործարանները չծանրաբեռնվեն միաժամանակյա տեխնիկական դադարներով։ Թեպետ դեռ պարզ չէ, թե ինչպես է իրականացվելու արգելքի վերահսկողությունը՝ հաշվի առնելով, որ տարբեր երկրների գործարաններ օգտագործում են ոչ միայն ռուսական, այլև տարբեր աղբյուրներից ստացված նավթ, իրական ռիսկ կա, որ եվրոպական երկրները կարող են զրկվել Հնդկաստանից, Չինաստանից և Թուրքիայից իրականացվող մատակարարումներից։

«Pernis գործարանի սպասարկման տեղափոխությունը անակնկալ էր շուկայի և մեզ համար։ Սա այն չէր, ինչ սպասում էինք։ Այս փոփոխությունը հավանաբար ռուսական նավթից արտադրված արտադրանքի վրա ԵՄ-ի 2026-ի հունվարի սահմանափակումների նախանշաններն են»,- ասել է Kpler ընկերության վերլուծաբան Սումիտ Ռիտոլիան։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում նավթավերամշակման գործարանները դեկտեմբերին ավարտվող եռամսյակում ունենալու են լայնածավալ սպասարկում, ինչը կնվազեցնի Եվրոպա մատակարարումները այդ տարածաշրջանից, իսկ Հնդկաստանի արտահանումները կմնան կայուն։

«Արտահանումները կմնան բարձր, և եվրոպական գնորդները կարող են արագացնել դիզվառելիքի ու ավիավառելիքի գնումները Հնդկաստանից՝ հաշվի առնելով, որ 2026-ի հունվարին ուժի մեջ են մտնելու սահմանափակումները, իսկ Մերձավոր Արևելքի գործարանները հոկտեմբեր-նոյեմբերին լինելու են սպասարկման փուլում։ Սա նման է պաշարների այն կուտակմանը, ինչը եղավ 2023-ի փետրվարի ԵՄ արգելքից առաջ։ Սա ընդգծում է Հնդկաստանի առանցքային դերը որպես Եվրոպայի վառելիքի (դիզվառելիք, ավիավառելիք, կերոսին) միջանկյալ ճկուն մատակարար», - ասել է Ռիտոլիան։

ԵՄ-ն դեռ 2023-ի փետրվարին արգելել էր ռուսական նավթամթերքի ներմուծումը՝ պատժամիջոցների շրջանակում։ Արգելքից առաջ եվրոպական երկրները մեծացրել էին ներկրումները՝ զգալի պաշարներ ձևավորելու համար։

2025-ի հուլիսին ԵՄ-ն ընդունեց նոր սահմանափակումներ՝ արգելելով ռուսական նավթից արտադրված վառելիքի ներմուծումը երրորդ երկրներից, բացառությամբ Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի։ Արգելքը ուժի մեջ կմտնի 2026-ի հունվարի 21-ին և կարող է լուրջ հարված հասցնել Հնդկաստանի արտահանումներին՝ հաշվի առնելով, որ նրա ներմուծած նավթի զգալի մասը ռուսական է։

Ոլորտի մասնագետները նշում են, որ այս արգելքի ազդեցությունը դեռ հստակ չէ, քանի որ պարզ չէ՝ ինչպես են այն վերահսկելու և կիրառելու։ «Գրեթե անհնար է որոշել՝ արդյոք վառելիքը պատրաստված է միայն ռուսական նավթից, թե նաև այլ աղբյուրներից»,- ընդգծում են նրանք։

«Վերահսկողությունը մնում է անորոշ, քանի որ Հնդկաստանի գործարանների մեծ մասը 60–70 տոկոսով վերամշակում է ոչ ռուսական նավթ և լայնորեն արտահանում։ Քանի որ Reliance Industries-ը հիմնական արտահանողն է և ունի երկու առանձին վերամշակման համակարգ, հավանական է, որ հնդիկ վերամշակողները կկարողանան հարմարվել պահանջներին, բայց դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել»,- նշել է Ռիտոլիան։

Հնդկաստանի նավթային արդյունաբերության պաշտոնյաներն ընդգծում են, որ նույնիսկ եթե Եվրոպան դադարեցնի Հնդկաստանից վառելիքի ներկրումը, ազդեցությունը ժամանակավոր կլինի, քանի որ գոյություն ունեն այլ շուկաներ։

«Եթե Եվրոպան դադարի Հնդկաստանից գնելը, այնուամենայնիվ ստիպված է լինելու գնել այլուր։ Համաշխարհային մատակարարումները սահմանափակ են, ուստի արգելքը պարզապես կփոխի վառելիքի հոսքերի աշխարհագրությունը՝ առաջացնելով որոշ կարճաժամկետ խափանումներ։ Օրինակ՝ եթե Եվրոպան սկսի ավելի շատ գնել Մերձավոր Արևելքից, ապա Հնդկաստանը կարող է արտահանումներն ուղղել այն շուկաներ, որոնք նախկինում հիմնականում սպասարկում էին Մերձավոր Արևելքի մատակարարները»,- նշել է ոլորտի ներկայացուցիչը։

Սուկալպ Շամա

Հոդվածը հրապարակվել է Indianexpress.com կայքում

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում