1994-2011 թթ. Ռուսաստանում ստվերային տնտեսությունը կազմել է ՀՆԱ-ի 46%-ը, նշվում է ամերիկյան Global Financial Integrity հետազոտական ինստիտուտի՝ «Ռուսաստան. անօրինական ֆինանսական հոսքեր և ստվերային տնտեսության դերը» զեկույցում: «Կիպրոսը Ռուսաստանի կեղտոտ փողերի համար լվացքատուն է»,– ասվում է փաստաթղթում։
Զեկույցի համաձայն՝ նշված ժամանակահատվածում Ռուսաստանից անօրինական ճանապարհով դուրս է բերվել $211,5 մլրդ: Երկրի տնտեսությունում գումարների անօրինական հոսքը կազմել է $552,9 մլրդ, ինչն «ապահովվել» է հաշիվ-ապրանքագրերի տվյալների խեղաթյուրման հաշվին։
$211,5 մլրդ-ի արտահոսքը որևէ փաստաթղթում չամրագրված միջոցներն են: Դրանք հիմնականում կաշառքներ, հարկումից թաքցված եկամուտներ, ինչպես նաև թրաֆիքինգից, թմրանյութերի, զինամթերքի վաճառքից ստացված գումարներն են։
Զեկույցի համաձայն՝ Կիպրոսը, որի ՀՆԱ-ն $23 մլրդ է, Ռուսաստանում կատարված ներդրումների ծավալով առաջին երկիրն է: Միայն 2009-2011 թթ., ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, Նիկոսիան Ռուսաստանում $438 մլրդ-ի ներդրում է կատարել: Նույն ժամանակահատվածում Կիպրոսում ռուսական ներդրումները $395 մլրդ են կազմել։ «Կիպրոսը Ռուսաստանի կեղտոտ փողերի համար լվացքատուն է»,– ասված է զեկույցում:
Ինստիտուտի հեղինակների կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Ռուսաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը խնդրի ժամանակավոր լուծում են և չեն կարող էապես ազդել կաշառքների ու «ատկատների» ծավալի վրա։
Ընդ որում՝ Ռուսաստանը կոռումպացված երկրների տարբեր վարկանիշներում վերջին հորիզոնականներն է զբաղեցնում: 2012թ. միջազգային Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության վարկանիշում Մոսկվան զբաղեցրել է 133-րդ հորիզոնականը՝ նախորդի 144-րդի համեմատ: Ռուսաստանը վարկանիշում հնարավոր 100 միավորից վաստակել է 30 միավոր։

Civilnet










