Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազան գրավելու համար

Իսրայելական զորքերը ցամաքային գործողություն են սկսել Գազայում, որի նպատակն է վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, հաղորդում է Axios-ը։
Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային օդային հարձակումներ են իրականացրել Գազա քաղաքի վրա: Կարճ ժամանակ անց, ըստ պաղեստինյան լրատվամիջոցների, իսրայելական տանկերը մտել են քաղաք:
Սեպտեմբերի 16-ի առավոտյան գործողության մեկնարկի մասին տեղեկատվությունը հաստատել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նրա խոսքով՝ Իսրայելի բանակը «երկաթե բռունցքով» հարվածում է Գազայի հատվածի «ահաբեկչական ենթակառուցվածքներին»: «Գազան այրվում է», - գրել է Կացը X-ի միկրոբլոգում:
«Իսրայելի պաշտպանության ուժերը քաջաբար պայքարում են՝ պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի ջախջախման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Մենք չենք հանձնվի կամ չենք նահանջի, մինչև մեր խնդիրը չկատարվի», - գրել է Իսրայելի պաշտպանության նախարարը Telegram-ում։
Սեպտեմբերի 13-ին և 14-ին, Իսրայելը ուժեղացրել է իր ավիահարվածները Գազա քաղաքի վրա և հարվածել տասնյակ բարձրահարկ շենքերի։
Նշվում է, որ Իսրայելի հարձակումը Գազայի վրա սկսվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կառավարության բարձրաստիճան անդամների միջև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից մի քանի ժամ անց։ Ինչպես գրում է Axios-ը՝ հղում անելով երկու իսրայելցի պաշտոնյաների, Ռուբիոն Նեթանյահուին փոխանցել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում է Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայում, բայց «ցանկանում է, որ այն արագ իրականացվի և ավարտվի որքան հնարավոր է շուտ»։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023-ի հոկտեմբերի 7-ին։ ՀԱՄԱՍ շարժումը, որը Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ Գրոհայինները գերի են վերցրել ավելի քան 250 մարդու և տարել Գազայի հատված։ Պատանդներից մի քանիսը փոխանակվել կամ ազատ են արձակվել, մի քանիսը մահացել են։
Իսրայելը պատասխանել է ՀԱՄԱՍ-ին պատերազմ հայտարարելով։
ՄԱԿ-ի տվյալներով, Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների իրական թիվը հնարավոր է, որ 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը 65 հազար է, սակայն հավանական է, որ զոհվածների թիվը 680 հազար է։
Human Rights Watch-ը (HRW) Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր է համարել ցեղասպանությանը:
Թեմա
Civilnet










