Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը ստեղծում է օվկիանոսային նավատորմ 

Հնդկաստանը ստեղծում է օվկիանոսային նավատորմ 

Հնդկաստանը նախատեսում է ստեղծել 200-ից ավելի նավերից բաղկացած անդրծովյան նավատորմ, որը կարող է հասնել աշխարհի ցանկացած անկյուն, գրում է հնդկական Economic Times թերթը։

Հնդկաստանը ձևավորում է անդրծովյան նավատորմ՝ իր ծովային շահերը պաշտպանելու և տարածաշրջանային սպառնալիքներին հակազդելու համար։ Նավատորմի գործողությունների գոտին ձգվելու է Պարսից ծոցից մինչև Մալակկայի նեղուց, Բենգալյան ծոցի հյուսիսից մինչև Հնդկական օվկիանոսի հարավը՝ հասնելով Աֆրիկայի արևելյան ափ։ Հիմնական մտահոգություններից է Չինաստանի և Պակիստանի ծովային համատեղ ներուժը այս ջրերում։

Հնդկաստանի առևտրի նախարարության տվյալներով՝ երկրի առևտրի ծավալի 95 տոկոսը (855 մլն տոննա) և գումարային արժեքի 77 տոկոսը անցնում է ծովային ուղիներով։ Հաղորդակցության այս գծերի պաշտպանությունը կենսական է ազգային անվտանգության համար։

Նավատորմի ընդլայնում և ապագա նպատակներ

Հնդկաստանի նավատորմը նպատակ ունի մինչև 2035-ն ունենալ ավելի քան 200 նավ ու սուզանավ, իսկ մինչև 2037-ը այդ թիվը կարող է հասնել 230-ի, թերթին հայտնել է նավատորմի մի սպա։ Ներկայում նավատորմն ունի 140 մարտական նավ, այդ թվում՝ 17 դիզելային-էլեկտրական սուզանավ (որոնցից 11-ը շատ հին են) և երկու միջուկային հրթիռակիր սուզանավ։ Օդային ուժերը համալրված են ավելի քան 250 ինքնաթիռով ու ուղղաթիռով։

Հաջորդ տասնամյակում նախատեսվում է նավատորմը հասցնել 200 մարտական նավի և 350 ինքնաթիռի ու ուղղաթիռի՝ հաշվի առնելով հին նավերի դուրսգրումը։

Ավիակիրներ և կործանիչներ

Ապրիլին Հնդկաստանը Ֆրանսիայի հետ կնքեց մոտ 7,6 մլրդ դոլարի պայմանագիր՝ 26 Rafale կործանիչների համար, որոնք կգործեն ավիակիրների վրայից։ Միաժամանակ, Հնդկաստանը զարգացնում է սեփական ավիակիրային կործանիչները (Twin Engine Deck-Based Fighter)՝ տեղական հնարավորություններն ամրապնդելու համար։

Ռազմանավերի կառուցում և հաստատված ծրագրեր

Ներկայում Հնդկաստանի նավաշինարաններում կառուցվում է 55 նավ՝ ընդհանուր մոտ 12 մլրդ դոլար արժեքով։ Բացի այդ, նավատորմը ստացել է 74 լրացուցիչ նավերի կառուցման անհրաժեշտության՝ ավելի քան 28 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։ Հիմնական հարթակները, որոնց շուրջ դեռ պայմանագրեր չեն կնքվել, հետևյալն են․

  • 9 դիզելային-էլեկտրական սուզանավ
  • 7 նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ֆրեգատ
  • 8 հակասուզանավային կորվետ
  • 12 ականազերծման նավ

Դեռ հաստատման են սպասում չորս հատ 10,000 տոննա ջրատարողությամբ նոր սերնդի էսմինեցների ծրագրերը, ինչպես նաև նոր ավիակրի ծրագիրը, որը կփոխարինի հին INS Vikramaditya-ին։

Երկարաժամկետ գնումների ծրագիր

Անցած շաբաթ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 15-ամյա գնումների ծրագիր երեք ուժերի համար, այդ թվում՝ նավատորմի։ Այն ներառում է՝

  • 4 դեսանտային հարթակ՝ մինչև 29,000 տոննա ջրատարողությամբ
  • 5 նավատորմի թիկունքային աջակցության նավ՝ յուրաքանչյուրը 40,000 տոննա ջրատարողությամբ
  • 100 նոր սերնդի արագ միջցանցային նավակներ (մինչև 17 տոննա)
  • 20 հեռակառավարվող արագ նավակ
  • 10 միջուկային նավ
  • 20 բարձր դիմադրողականությամբ սուզանավային սարք հակասուզանավային պատերազմի համար
  • 2,000 երկար հեռահարության հականավային հրթիռ
  • 120+ միջին բարձրության երկարատև թռիչքի ԱԹՍ
  • 15 մեծ ստրատոսֆերային «կեղծ արբանյակ»
  • 50+ հեռակառավարվող համակարգեր (յուրաքանչյուրը՝ 3 անօդաչուով)

Տեղական կարողություններ և տնտեսական ազդեցություն

«Հնարավոր չէ մեծ նավատորմ կառուցել միանգամից․ դա տարիներ է պահանջում։ Բացի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներից (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), Հնդկաստանը միակն է, որը կարող է նախագծել, կառուցել և շահագործել ավիակիրներ ու բալիստիկ հրթիռներ կրող միջուկային սուզանավեր»,- ասել է նավատորմի սպան։

Նա նշել է, որ յուրաքանչյուր նավաշինական աշխատատեղ ստեղծում է ևս հինգ-վեց աշխատատեղ հարակից արդյունաբերություններում, և նավաշինության վրա ծախսվող գումարներն ունեն 1,8 անգամ բազմապատկիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա։

Տարածաշրջանային նավատորմի մարտահրավերներ

Չինաստանն այժմ ունի աշխարհի ամենամեծ նավատորմը՝ 370 նավ ու սուզանավ, մինչդեռ ԱՄՆ-ն առաջատարն է ընդհանուր տոննաժով։ Չինաստանը արագ ընդլայնում է ներկայությունը Հնդկական օվկիանոսում և ունենալով հենակետեր Ջիբութիում, Պակիստանի Գվադար և Կամբոջայի Ռեամ նավահանգիստներում։

Բացի այդ, Չինաստանը Պակիստանին տրամադրում է ութ Hangor/Yuan-դասի դիզել-էլեկտրական սուզանավեր օդից անկախ շարժիչային համակարգով (AIP), որոնք թույլ են տալիս սուզանավերին ավելի երկար մնալ ջրի տակ։ Պակիստանը ներկայում ունի հին Agosta դասի հինգ սուզանավ, սակայն նորերը զգալիորեն կուժեղացնեն նրա «ծովի արգելման հնարավորությունները» (sea-denial capabilities)։ («Ծովի արգելման հնարավորություններ» նշանակում է հակառակորդին խոչընդոտելու կարողություն՝ տեղաշարժվելու, մուտք գործելու կամ գործողություններ իրականացնելու որևէ ծովային տարածքում՝ առանց այդ տարածքն անպայմանորեն ամբողջությամբ վերահսկելու):

Սուզանավերի գործարքներ և ուշացումներ

Հնդկաստանը բանակցում է վեց դիզելային էլեկտրական սուզանավ գնելու շուրջ, որոնք կունենան AIP և ցամաքային թիրախների վրա հարձակվող հրթիռներ։ Մոտ 8,5 մլրդ դոլար արժողությամբ այս գործարքը կիրականացվի Mazagon Dock Shipbuilders-ի և Գերմանիայի Thyssenkrupp Marine Systems-ի համագործակցությամբ։

Միևնույն ժամանակ, 3,84 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը՝ Ֆրանսիական ծագում ունեցող երեք Scorpene սուզանավ կառուցելու համար, մնում է սառեցված։ Նավատորմը ներկայում շահագործում է վեց Scorpene սուզանավ, որոնցից INS Vagsheer-ը մատակարարվել է 2022-ին, ինչպես նաև չորս գերմանական HDW և յոթ ռուսական Kilo դասի սուզանավ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում