Գերմանիան Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն չի համարում․ Մերց

Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն գնահատականի հետ, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն են։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այս մասին հայտարարել է Մադրիդում՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսում։
«Մենք համաձայն չենք այս գործողությունները որպես ցեղասպանություն բնութագրելու հարցում։ Մենք կիսում ենք այն գնահատականը, որ սա (խմբ. Իսրայելի գործողությունները) անհամաչափ է», - ասել է կանցլերը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Մերցի խոսքով՝ Իսրայելի կառավարությունը «այս կերպ չի հասնի իր նպատակներին», այն է՝ Համասի ոչնչացմանը։
«Մենք Իսրայելի կողմից ենք, բայց դա չի նշանակում, որ մենք աջակցում ենք Իսրայելի կառավարության կողմից կայացվող յուրաքանչյուր որոշմանը», - ընդգծել է կանցլերը։
Մերցը նաև կրկնել է, որ «Գերմանիայի կառավարության համար Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս քննարկման թեմա չէ»։
«Մենք շարունակում ենք նման ճանաչումը համարել վերջին, այլ ոչ թե առաջին քայլը դեպի երկու պետությունների լուծում», - ասել է նա։
Կանցլերը խոստովանել է, որ Բեռլինի դիրքորոշումը մասամբ կապված է Գերմանիայի պատմության հետ։
«Մեկ բան նույնպես պարզ է. Իսրայելի կառավարության քննադատությունը պետք է հնարավոր լինի, բայց մենք երբեք չպետք է թույլ տանք, որ այն օգտագործվի հրեաների նկատմամբ ատելություն հրահրելու համար», - հայտարարել է նա։
***
ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայի հատվածի պաղեստինցիների նկատմամբ։
Իսրայելական զորքերը ցամաքային գործողություն են սկսել Գազայում, որի նպատակն է վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին։
Սեպտեմբերի 13-ին և 14-ին, Իսրայելը ուժեղացրել է իր ավիահարվածները Գազա քաղաքի վրա և հարվածել տասնյակ բարձրահարկ շենքերի։
Իսրայելի հարձակումը Գազայի վրա սկսվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կառավարության բարձրաստիճան անդամների միջև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից մի քանի ժամ անց։ Ինչպես գրում է Axios-ը՝ հղում անելով երկու իսրայելցի պաշտոնյաների, Ռուբիոն Նեթանյահուին փոխանցել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում է Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայում, բայց «ցանկանում է, որ այն արագ իրականացվի և ավարտվի որքան հնարավոր է շուտ»։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023-ի հոկտեմբերի 7-ին։ ՀԱՄԱՍ շարժումը, որը Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ Գրոհայինները գերի են վերցրել ավելի քան 250 մարդու և տարել Գազայի հատված։ Պատանդներից մի քանիսը փոխանակվել կամ ազատ են արձակվել, մի քանիսը մահացել են։
Իսրայելը պատասխանել է ՀԱՄԱՍ-ին պատերազմ հայտարարելով։
ՄԱԿ-ի տվյալներով, Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների իրական թիվը հնարավոր է, որ 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը 65 հազար է, սակայն հավանական է, որ զոհվածների թիվը 680 հազար է։
Թեմա
Civilnet










