Այն պահին, երբ Հնդկաստանը քայլ առ քայլ կարգավորում է հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, Եվրամիությունը հայտարարում է Հնդկաստանի հետ երկկողմ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի բարձրացնելու «նոր ռազմավարական օրակարգի» մասին։ Այն ընդգրկում է մի շարք ոլորտներ՝ սկսած առևտրից և տեխնոլոգիաներից մինչև պաշտպանություն, անվտանգություն, կապակցվածություն և կլիմայի փոփոխություն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ուրբաթ Ստրասբուրգում խոսելով նախաձեռնության մասին, հայտարարելով է, որ ժամանակն է Հնդկաստանի հետ կրկնապատկել այն գործընկերությունները, որոնք հիմնված են ընդհանուր շահերի և արժեքների վրա. «ԵՄ-Հնդկաստան մեր նոր ռազմավարությամբ մենք մեր հարաբերությունները բարձրացրել ենք հաջորդ մակարդակի»։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը սկսել էին համատեղ հաղորդակցություն, որով ներկայացվում է «ԵՄ-Հնդկաստան նոր ռազմավարական օրակարգը»։
Կալլասը նշել է, որ եվրահանձնակատարների կոլեգիան (ԵՄ 27 երկրների ներկայացուցիչներ) հապաղումներ ուներ այն ոլորտներում, որտեղ կողմերը տարաձայնություններ ունեին։ «Հնդկաստանի մասնակցությունը ռուսական ռազմական զորավարժություններին և նրա կողմից ռուսական նավթի գնումները խոչընդոտել են հարաբերությունների խորացումը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն այս հարցը նախկինում ևս բարձրացրել է Հնդկաստանի հետ։
Ֆոն դեր Լայենն ընդգծել է նաև, որ ԵՄ-ն պարտավորվել է մինչև տարեվերջ վերջնականացնել ազատ առևտրի համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ Եվրոպան արդեն իսկ Հնդկաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, բաց է բիզնեսի համար և պատրաստ է ներդրումներ անել Հնդկաստանի հետ համատեղ ապագայի համար։ «Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը լինելու է տեսակով ամենամեծ գործարքը աշխարհում»,- ասել է նա։
«Այն օրը, երբ մենք ազդարարեցին մեր նոր ԵՄ-Հնդկաստան ռազմավարության մեկնարկը, պատիվ ունեցա շնորհավորելու [Հնդկաստանի վարչապետ] Նարենդրա Մոդիին ծննդյան օրվա առթիվ»,- գրել է նա X սոցիալական հարթակում։ «Սպասում եմ կրկին այցելել Հնդկաստան մեր հաջորդ գագաթնաժողովի համար։ Միասին մենք բացելու ենք նոր գլուխ մեր գործընկերության մեջ։ Մենք նաև քննարկել ենք մեր ընթացիկ առևտրային բանակցությունների առաջընթացը և թե ինչպես կարող ենք աջակցել Ուկրաինայի ազատության պայքարին»,- հավելել է նա։
Մոդին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար․ «Ուրախ եմ իմանալ, որ այսօր ընդունվել է «ԵՄ-Հնդկաստան նոր ռազմավարական օրակարգը»։ Հնդկաստանը պատրաստ է ԵՄ-Հնդկաստան հարաբերությունները բարձրացնել հաջորդ մակարդակի։ Դա մեր ընդհանուր հանձնառությունն է, ընդհանուր նպատակը և ընդհանուր պատասխանատվությունը։ Մենք հավատարիմ ենք Ուկրաինական հակամարտության շուտափույ և խաղաղ կարգավորմանը»,- գրել է նա X-ում։
Հնդկաստանի վարչապետի աշխատակազմի առանձին հայտարարությունում նշվում է, որ երկու առաջնորդները «ողջունել են ԵՄ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ջանքերը՝ փոխադարձ բարեկեցության, ինչպես նաև գլոբալ խնդիրներին համատեղ դիմակայելու, կայունությունը խթանելու և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի հաստատման համար»։ «Հնդկաստանը հավատարիմ է Ուկրաինայի հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Մոդին առաջարկել է ԵՄ-Հնդկաստան հաջորդ գագաթնաժողովը անցկացնել Հնդկաստանում՝ հաջորդ տարի։
Եվրահանձնաժողովի սկսած համատեղ հաղորդակցությանն նախորդել էր այս տարվա փետրվարին եվրահանձնակատարենրի կոլեգիայի այցը Հնդկաստան, երբ ներկայացվեց ԵՄ ռազմավարական տեսլականը Նյու Դելիի հետ համագործակցության խորացման համար։ Փաստաթուղթը առանձնացրել է հինգ ոլորտ՝ հիմնված ընդհանուր շահերով և փոխլրացման վրա խորացման հնարավորություն ունեցող ոլորտներում։
«Աշխարհաքաղաքական փոփոխվող իրողություններում ԵՄ-Հնդկաստան ավելի սերտ հարաբերությունները կենսական նշանակություն են ունեցել տնտեսական աճի և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև մատակարարման շղթաների բազմազանեցման համար՝ այսօր առկա գլոբալ կարգի անորոշության պայմաններում։ Երկկողմ հարաբերություններից դուրս նոր ռազմավարական օրակարգը ընդգծում է ԵՄ-Հնդկաստան համատեղ ներգրավվածությունը գլոբալ խնդիրներում և երրորդ երկրների հետ, ինչը արտացոլում է Հնդկաստանի աճող գլոբալ ազդեցությունը»,- նշված է փաստաթղթում։
Փաստաթղթում նշվում է, որ առևտրի և ներդրումների մեջ «չիրացված էական ներուժ» կա։ Այն առաջարկում է ամրապնդել առևտրային կապերը, մասնավորապես՝ ավարտին հասցնելով ընթացիկ բանակցությունները ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Այն առաջարկում է նաև «ուժեղացնել մատակարարման շղթաները, խթանել կարևոր նոր տեխնոլոգիաները և ներգրավվել թվային հարցերում, հատկապես տնտեսական անվտանգության ամրապնդման համար՝ ԵՄ-Հնդկաստան Առևտրի և տեխնոլոգիաների խորհրդի շրջանակում»։ Ռազմավարությունը նաև նախատեսում է խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը, այդ թվում՝ հնարավոր ԵՄ-Հնդկաստան ստարտափ գործընկերությունը և Հնդկաստանի մասնակցությունը Horizon Europe ծրագրին։
Համատեղ հաղորդակցությունը նաև առաջ է քաշում ԵՄ-Հնդկաստան անվտանգության և պաշտպանության գործընկերությունը։ Այն նախատեսում է ամրապնդել ռազմավարական խորհրդակցությունները և համատեղ նախաձեռնությունները, այդ թվում՝ ճգնաժամերի կառավարումը, ծովային անվտանգությունը, կիբեր պաշտպանությունը և ահաբեկչության դեմ պայքարը։ Այն նաև խթանում է համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ասպարեզում՝ կենտրոնանալով արտադրության և տեխնոլոգիական կարողությունների զարգացման, մատակարարման շղթաների ապահովման և նորարարության վրա։
«Գաղտնի տեղեկատվության փոխանակումը հեշտացնելու համար նախատեսված տեղեկատվության անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը կնպաստի անվտանգության և պաշտպանության ավելի սերտ համագործակցությանը։ Ավելացվել է նաև համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հիբրիդային սպառնալիքների, տիեզերական անվտանգության հարցերում, ինչպես նաև Ռուսաստանի պատերազմի, «ստվերային նավատորմերի» և պատժամիջոցների հարցերով»,- ասված է փաստաթղթում։
Փաստաթուղթը նաև շեշտում է տարածաշրջանային կապերի նախաձեռնությունների ամրապնդումը, օրինակ՝ Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի (IMEC) և ԵՄ-ի Globa Gateway ծրագրի զարգացումը, ինչպես նաև ԵՄ-Հնդկաստան եռակողմ համագործակցությունը երրորդ երկրների հետ։ Դրա նպատակն է խթանել Հնդկաստանի ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում և խրախուսել միջազգային իրավունքի, բազմակողմ արժեքների և գլոբալ կառավարման առաջմղումը։
Ամենաբարձր մակարդակում առավելագույն փոխգործակցության համար օրակարգը ներառում է նաև European Legal Gateway Office-ի «հմտությունների շարժունություն» ծրագիրը։ Սա ԵՄ նոր գրասենյակ է, որի նպատակն է դյուրացնել աշխատանքային միգրացիան Հնդկաստանի և ԵՄ միջև։ Գրասենյակն առաջարկել է մշակել համապարփակ համագործակցության շրջանակ՝ ուսման, աշխատանքի և գիտահետազոտական ոլորտի համար։
Առաջարկվել է նաև ԵՄ-Հնդկաստան գործարար ֆորումի միջոցով քաղաքացիական հասարակության, երիտասարդության և վերլուծական կենտրոնների հետ ավելի խոր կապերի հաստատում, ինչպես նաև բիզնես համայնքի հետ համագործակցության խթանում։
«Հնդկաստանը այսօր աշխարհի ամենակարևոր դերակատարներից մեկն է և բնական գործընկեր Եվրամիության համար։ Բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ մեր շահերը, ուժեղ կողմերն ու քաղաքական կամքը համընկնում են։ Մեր առաջարկած համագործակցության ամրապնդումն օգնելու է ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի անվտանգությանն ու բարեկեցությանը երկու կողմերում։ Կան նաև ոլորտներ, որտեղ ունենք տարաձայնություններ։ Վերջիվերջո, մեր գործընկերությունը վերաբերում է կանոնների վրա հիմնված աշխարհակարգի պաշտպանությանը։ Մեր բանակցությունները հասցեագրելու են այդ մարտահրավերները»։
Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Indianexpress.com կայքում։
Civilnet











