Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ մի շարք երկրներում սահմանային անցակետերում անձնագրերի ստուգումն իրականացնում են ոչ թե սահմանապահները, այլ սարքերը։
«Այսօր բազմաթիվ երկրներում՝ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Արաբական Էմիրություններում, այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը. այդ երկիր մտնող անձանց անձնագրերը ստուգում է գործիքը՝ սարքը, սարքավորումը»,- պնդեց Փաշինյանը։
Վարչապետի այս հայտարարությունը հնչել էր ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի, թե արդյոք հայ սահմանապահներն են ստուգելու Հայաստան մտնող ադրբեջանցիների անձնագրերը, մասնավորապես՝ Սյունիքով անցնող ճանապարհից օգտվելու դեպքում։
Փաշինյանն ընդգծեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների ստորագրած համատեղ հռչակագրի արդյունքում Հայաստանը հնարավորություն է ստացել օգտվելու նորագույն տեխնոլոգիաներից։
«Օգոստոսի 8-ին շատ ավելի կարևոր մի բան է տեղի ունեցել: Մենք հնարավորություն ենք ստացել հասանելիություն ունենալ այդ բոլոր նորագույն տեխնոլոգիաներին։ Դուք ասում եք՝ ո՞նց, փաստորեն 1867-ի մեր հարազատ Մաքսային հսկողությունը չի՞ լինելու։ Ոչ, լինելու է 21-րդ դարին հարիր մաքսային, սահմանային հսկողություն»,- արձագանքեց Փաշինյանը։
Փաշինյանի թվարկած երկրներում սահմանը հատելու համար իսկապես կիրառվում են ավտոմատացված սարքեր։ Սակայն այս համակարգերը հասանելի չեն բոլոր երկրների քաղաքացիներին և նախատեսում են մի շարք նախապայմաններ։
Արաբական Միացյալ Էմիրություններ
Արաբական Միացյալ Էմիրություններում գործում է «Խելացի դարպաս» ծառայությունը (Smart gate service), որը, սակայն, հասանելի չէ բոլորին։ Ծառայությունից չեն կարող օգտվել այն երկրների քաղաքացիները, որոնք չունեն կենսաչափական անձնագիր (biometric passport) կամ չեն կարող ժամանման պահին վիզա ստանալ (visa on arrival)։ Ժամանման պահին վիզա ստանալու իրավունք ունեն տասնյակ երկրների քաղաքացիներ, սակայն ոչ բոլոր երկրներն են ընդգրկված այդ ցուցակում։ Նախապես պարտադիր է գրանցվել և ստանալ համակարգում գրանցվածի կարգավիճակ։ Անձի ինքնությունը հաստատելու համար սարքը օգտագործում է դեմքի ճանաչման տեխնոլոգիաները։ Այս ծառայությունը գործում է ԱՄԷ-ի միջազգային խոշոր օդանավակայաններում միայն, ավելի փոքր օդանավակայաններում դրա կիրառման վերաբերյալ #CivilNetCheck-ը տեղեկություններ չի գտել։
Տեսանյութը՝ The National News-ից
Ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհով սահմանահատմանը, Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի Ալ Ղուվայֆաթ սահմանային անցակետում 2023-ին ներդրվել է «Խելացի ցամաքային անցում» (Smart Land Borders Crossing System) համակարգը։ Այն սքանավորում է մեքենայի համարանիշը և բացում առաջին արգելապատնեշը։ Այնուհետև վարորդը սքանավորում է անձնագիրը և դեմքը։ Եթե համակարգը չի կարողանում նույնականացնել անձին, ստուգումն իրականացվում է ավանդական ձևով։
ԱՄՆ
ԱՄՆ մուտք գործելիս ուղևորների մեծ մասը ենթարկվում է ԱՄՆ Սահմանային և մաքսային ծառայության (CBP) աշխատակցի ստուգմանը։
Սակայն գործում են արագացված մուտքի մի շարք ծրագրեր, որոնք պահանջում են նախնական գրանցում, վճար, կամ էլ դրանք նախատեսված են միայն որոշ երկրների քաղաքացիների համար։
Օրինակ՝ գործում են «Ավտոմատացված անձնագրային հսկողություն» (Automated Passport Control) և «Շարժական անձնագրային հսկողություն» (Mobile Passport Control) ծրագրերը։ Դրանք ճանապարհորդներին հնարավորություն են տալիս սարքի կամ հավելվածի միջոցով լրացնել տվյալները, սքանավորել անձնագիրը և լուսանկարվել։ Սարքը տպում է կտրոն կամ հավելվածը QR կոդ է տրամադրում, որը ներկայացվում է մաքսային ծառայությանը՝ ստուգումն ավարտելու համար։ Այսինքն՝ թեև գործընթացն արագանում է, այնուամենայնիվ քաղաքացին վերջում պետք է անցնի ԱՄՆ Սահմանային և մաքսային ծառայության աշխատակցի մոտով։
Բացի այդ, գործում է նմանատիպ «Համաշխարհային մուտք» (Global Entry) ծրագիրը, որի շրջանակում ցածր ռիսկային խմբի ճանապարհորդները կարող են արագացված կարգով անցնել մաքսային և միգրացիոն ստուգումը։ Ծրագիրը վճարովի է. ներկայում դիմումի վճարը 120 ԱՄՆ դոլար է (մոտ 45,000 դրամ), վավերականությունը՝ հինգ տարի, իսկ ծրագրին մասնակցող երկրների ցանկը սահմանափակ է։ «Համաշխարհային մուտք»-ի դեպքում ևս ԱՄՆ Սահմանային և մաքսային ծառայությունը պահպանում է ուղևորին լրացուցիչ ստուգման ենթարկելու իրավունքը։
Տեղեկատվության բաց աղբյուրներում #CivilNetCheck-ը չի գտել որևէ գործող ծրագիր, որը հնարավորություն կտա ԱՄՆ ժամանող բոլոր օտարերկրացիներին միայն սարքի միջոցով ստուգվելուց հետո հատել սահմանը։
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայի դեպքում նույնպես հիմնականում մուտքը կատարվում է սահմանապահ ծառայության աշխատակցի ստուգմամբ:
Այստեղ, սակայն, գործում է ավտոմատացված անձնագրային հսկողության՝ ePassport (ePassort gates) ծառայությունը, որից կարող են օգտվել Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ (Հայաստանն այդ ցանկում ներառված չէ)։ Այնուամենայնիվ, ePassport Gates-ը մշտապես վերահսկվում է սահմանապահ աշխատակիցների կողմից. եթե սարքը չի կարողանում նույնականացնել ուղևորին, ստուգումն իրականացնում է սահմանապահը։
Այս ծառայությունից կարող էին օգտվել նաև «Գրանցված ճանապարհորդ» (Registered Traveller) ծրագրի անդամները, որը նախատեսված էր բիզնես ճանապարհորդների և հաճախակի այցելուների համար։ Ծրագիրն անդամակցություն էր տրամադրում որոշ երկրների քաղաքացիներին՝ տարեկան 70 ֆունտ (մոտ 36,000 դրամ) վճարի դիմաց և նախապես հաստատված դիմումի հիման վրա։ Սակայն ներկայում նոր անդամակցությունների ընդունումը սահմանափակ է, և այն գործում է միայն արդեն գրանցված կամ որոշակի կարգավիճակ ունեցող ուղևորների համար։
Բացի այդ, Մեծ Բրիտանիան աստիճանաբար ներդնում է «Էլեկտրոնային ճանապարհորդական թույլտվություն» (Electronic Travel Authorisation – ETA) նոր համակարգը, որը պարտադիր է դառնալու որոշ առանց վիզայի մուտքի իրավունք ունեցող երկրների քաղաքացիների համար: Այն նպատակ ունի առանց վիզայի մուտք գործողների տվյալները նախապես հավաքվել ու ստուգվել, ինչը կբարձրացնի անվտանգությունն ու վերահսկողությունը և կարագացնի սահմանային գործընթացը:
Եվրոպական միություն
Եվրոպական միության օդանավակայաններում գործում է ավտոմատացված անձնագրային ստուգման համակարգ (Automated Border Control), որը հիմնականում հասանելի է ԵՄ, Եվրոպական տնտեսական տարածքի (ԵՏՏ) և Շվեյցարիայի քաղաքացիներին: Հարկ է նշել, որ ԵՄ որոշ երկրներում ավտոմատացված անձնագրային հսկողության համակարգերից կարող են օգտվել նաև երրորդ երկրների քաղաքացիները՝ հատուկ կարգավիճակ ունենալու կամ հատուկ ծրագրի անդամակցելու դեպքում (օրինակ՝ Գերմանիայի EasyPASS-RTP)։
Տեսանյութը՝ Brussels Airport-ի յութուբի էջից
Ավելին, ԵՄ-ն խստացնում է մուտքի վերահսկողությունը՝ նախատեսելով 2025-ի հոկտեմբերի 12-ից գործարկել Մուտքի/Ելքի նոր համակարգը (Entry/Exit System) ոչ անդամ երկների քաղաքացիների համար: Համակարգի գործարկումից հետո Շենգենյան գոտի մուտք գործելիս ոչ անդամ երկրների քաղաքացիները (բացառությամբ ԵՏՏ և Շվեյցարիայի քաղաքացիների) առաջին անգամ պետք է սահմանին սքանավորեն մատնահետքերը և լուսանկարվեն, ինչը կփոխարինի անձնագրերում դրվող կնիքներին և կգրանցի մուտք/ելքի տվյալները թվային եղանակով։ Ըստ ԵՄ-ի՝ այս համակարգը կնպաստի անկանոն միգրացիայի կանխարգելմանը, Շենգենյան գոտու անվտանգության բարձրացմանը և ստուգումների արագացմանը։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե որոշ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, միայն մասնակիորեն է ճիշտ. նման համակարգեր իսկապես կան, սակայն դրանք հասանելի չեն բոլորին և շատ դեպքերում դեռ պահանջում են սահմանապահի միջամտություն:
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











