Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին 1,7 մլն դոլար կտրամադրի՝ օդի որակի մոնիթորինգի կայանների արդիականացման և սարքավորումների ձեռքբերման համար։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։
«Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական կնքեցին «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը»»,- հայտնում են նախարարությունից։
Նշվում է, որ այս քայլը հնարավորություն կտա շարունակական և համակարգված ձևով զարգացնել օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը, բարձրացնել տվյալների որակի վերահսկողությունը, ամրապնդել կանխատեսումների հուսալիությունը և ապահովել առողջ ու կայուն միջավայրի ձևավորումը։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը վստահեցրել է, որ համագործակցությունը կնպաստի ինչպես շրջակա միջավայրի պահպանությանը, այնպես էլ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը, կայուն քաղաքների զարգացմանը և քաղաքացիների առողջության պահպանությանը։
Նա հավելել է, որ պետական ֆինանսավորմամբ 2024-ին արդեն ձեռք են բերվել երկու ժամանակակից ռեֆերենս դիտակայան, և Ճապոնիայի կառավարության այս դրամաշնորհը կարևոր շարունակություն է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։
Civilnet











