ԱՄՆ բյուջեն չի հաստատվել․ «շաթդաուն» է սկսվել

ԱՄՆ ֆեդերալ կառավարությունն այսօրվանից՝ հոկտեմբերի 1-ից, մասնակի դադարեցրել է գործունեությունը․ ԱՄՆ բյուջեն չի հաստատվել։ Կոնգրեսում ծագած քաղաքական տարաձայնությունների հետևանքով հարյուր հազարավոր պետական ծառայողներ ստիպված են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը, իսկ կարևոր գերատեսչությունները կգործեն սահմանափակ ռեժիմով։
Տարաձայնությունների հիմքում հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների միջև բյուջետային առաջնահերթությունների շուրջ խորացած հակասություններն են, այդ թվում՝ առողջապահության, սոցիալական ծրագրերի և ներգաղթի վերահսկման հարցերում։ Սենատում ներկայացված միջանկյալ ֆինանսավորման նախագիծը ձախողվեց՝ չհավաքելով անհրաժեշտ ձայները։
ԱՄՆ-ում սա արդեն 25-րդ «շաթդաուն»-ն է վերջին հիսուն տարում։
Ներկայացուցիչների պալատում հանրապետական առաջնորդները պնդում են, որ անհրաժեշտ է կրճատել «ոչ արդյունավետ ծախսերը» և վերանայել ներգաղթի քաղաքականությունը՝ ֆինանսավորման նոր փաթեթից առաջ։
Վերլուծաբանների գնահատմամբ, եթե shutdown-ը տևի մի քանի օրից ավելի, այն կարող է զգալի բացասական ազդեցություն թողնել ԱՄՆ տնտեսական աճի վրա՝ հատկապես սպառողական ծախսերի և պետական պատվերների ոլորտներում։
Թեմա
Civilnet










