Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այս մասին լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։
«Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,- ասել է Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի հետ տասնամյակների հակամարտության թողած հետևանքներին։ Ըստ նախարարի, ծանր բեռ է կուտակվել տարբեր հարթակներում, փաստաթղթերում, կոնվենցիաներում, որտեղ կողմերն ունեցել են վերապահումներ, հատուկ կարծիքներ և այլն։
«Տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաև ծանր հոգեբանական բեռ։ Երկու կողմերում էլ առկա է արյան պատմություն ու հիշողություն։ Կարծում եմ՝ հասարակությունների շրջանում, հավանաբար երկու կողմում էլ, դեռևս պահպանվում է զգուշավորություն: Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին»,- ասել է Միրզոյանը։
Civilnet











