Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոկտեմբերի 10-ին հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության՝ «3+3» ձևաչափի հերթական նստաշրջանի անցկացման օգտին, որը նախատեսվում է անցկացնել կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում։ Այդ մասին դեսպանը, ըստ Sputnik Armenia-ի, խոսել է Հայ-ռուսական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը։
«Մենք այժմ [այդ հարցով] Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապի մեջ ենք, քանի որ նստաշրջանի անցկացումը ըստ հերթականության է։ Այսինքն՝ երկու երկրներն էլ կողմ են նման նստաշրջան անցկացնելուն, նրանք պետք է համաձայնեցնեն հերթականության կարգը, և մենք, իհարկե, դրան հնարավորինս աջակցում ենք», - նշել է դեսպանը։
Կոպիրկինը «3+3»-ը պահանջված ձևաչափ է անվանել՝ ընդգծելով տարածաշրջանայաին հարցերը դրա ներսում լուծելու անհրաժեշտության մասին։
«Շատ հարցեր, որոնք քննարկվում են հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակում, անխուսափելիորեն հարակից երկրների շահերին են առնչվում։ Այդ իսկ պատճառով «3+3»-ը համակողմանի երկխոսության համար օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմի է վերածվում»,- ասել է Կոպիրկինը։
Նա ընդգծել է, որ ձևաչափի երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, նախկինի պես սպասում են Վրաստանի մասնակցությանը։
«3+3» ձևաչափի շուրջ քննարկումները ծավալվեցին 2020-ի Արցախյան պատերազմց հետո։ 2020-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո գաղափարը սկսեցին առաջ մղել Ադրբեջանն ու Թուրքիան, նրանց միացան նաև մյուս երկրները, այդ թվում՝ Իրանը։ Ձևաչափի նպատակն է՝ մեկ հարթակում համախմբել Հարավային Կովկասի երեք երկրներն ու նրանց հարևան տարածաշրջանի մյուս երկրներին՝ Իրանին, Թուրքիային ու Ռուսաստանին։ Ձևաչափն ավելի շատ դիտվում է արտաքին ազդեցության սահմանափակման տրամաբանության մեջ։
Ձևաչափի շրջանակում մինչ այժմ երեք հանդիպում է տեղի ունեցել, որոնցից առաջինը՝ 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում փոխարտգործնախարարների, երկրորդը՝ 2023-ի հոկտեմբերին Թեհրանում և երրորդը՝ 2024-ի հոկտեմբերին Ստամբուլում՝ արտգործնախարարների մակարդակով։
Civilnet











