27 երկրի առաջնորդ Եգիպտոսում կմասնակցի Գազայի խաղաղության գագաթնաժողովին

Եգիպտոսը հոկտեմբերի 14-ին Շարմ էլ Շեյխում կհյուրընկալի խաղաղության միջազգային գագաթնաժողով, որի նպատակն է կանգնեցնել պատերազմը Գազայի գոտում և խթանել Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության հաստատման գործընթացը։ Գագաթնաժողովը համատեղ նախագահելու են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Գագաթնաժողովին կմասնակցեն 27 երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնակիցների թվում են՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և այլք։
Միջոցառմանը ներկա կլինեն նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ իսրայելցի որևէ պաշտոնյա չի մասնակցի գագաթնաժողովին։
Գագաթնաժողովը նաև անդրադառնալու է Դոնալդ Թրամփի ներկայացրած 20 կետանոց խաղաղության պլանին, որի առաջին փուլով նախատեսվում է հրադադար Գազայում և իսրայելցի պատանդների փոխանակում շուրջ 2,000 պաղեստինցի կալանավորների հետ։ Երկրորդ փուլով նախատեսվում է նոր կառավարման մարմնի ստեղծում Գազայում, բազմազգ խաղաղապահ ուժի տեղակայում և «Համաս»-ի զինաթափում։
2023-ի հոկտեմբերից ի վեր Իսրայելի ցեղասպանական գործողությունների հետևանքով Գազայի գոտում զոհվել է ավելի քան 67,600 պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Թեմա
Civilnet










