Գլխավոր Լրահոս

PayPal-ի անունից եկամուտ խոստացող գրառումները կեղծ են

PayPal-ի անունից եկամուտ խոստացող գրառումները կեղծ են

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ PayPal առցանց վճարային համակարգի տարբերանշանով՝ նշումով, թե որոշ առաջադրանքներ կատարելու դիմաց հնարավոր է պարգևներ ստանալ։ Ֆեյսբուքյան նույն էջերի տարբեր գրառումներում նշված գումարները տարբերվում են․ օրինակ՝ մեկում նշված է՝ կատարեք առաջադրանքները, ստացեք պարգևներ՝ 5,040,830 դրամ, իսկ մյուսում գումարի չափը 2,105,000 դրամ է։

Էկրանապատկերը՝ գովազդային գրառումները տարածող ֆեյսբուքյան էջից

Իրականում այս գրառումները որևէ կապ չունեն PayPal-ի հետ։ Դրանք ուղղորդում են դեպի AICoin անունով կրիպտոարժույթի հարթակ, որի արժեքն այս պահին չափազանց ցածր է։

Ի՞նչ է հայտնի AICoin-ի մասին

Գովազդային գրառումները տարածվում են Shute Eli J և Blake Phelps անվանումներով ֆեյսբուքյան էջերով։ Երկու էջերն էլ նույն գրառումները տարածում են տարբեր լեզուներով՝ թիրախավորելով նաև օտարալեզու լսարանին։

Էկրանապատկերը՝ գովազդային գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերից

Գրառմանը կցված կայքում գրանցվելուց հետո օգտատերերից պահանջվում է կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, որից հետո տեղեկացնում են, որ «աշխատանքային հաղորդակցությունը» պետք է շարունակել Telegram հավելվածով։

Telegram-ով կապ հաստատելուց հետո ուղարկում են հրավեր՝ միանալու AICoin կրիպտոարժույթի web3coin.ai հարթակին։ Սրա միջոցով, ենթադրաբար, փորձ է արվում քողարկել կապ հաստատած անձանց հետքերը։ «Աշխատակիցը» տեղեկացնում է, որ հարթակում հնարավոր է երկու օր անվճար փորձաշրջան անցնել, որի դիմաց նախատեսվում է մոտ 10 դոլար վարձատրություն։ Սակայն դրանից հետո մասնակցից պահանջվում է իրականացնել ներդրում, որպեսզի շարունակական եկամուտ ստանա։

Էկրանապատկերը՝ Telegram-ի նամակագրությունից

web3coin[.]ai կայքը գրանցվել է 2025-ի հուլիսին։ Իսկ AiCoin-ի արժեքը ներկայում շատ ցածր է։ Մեկ AIcoin-ը bybit.com կրիպտոարժույթի փոխանակման հարթակում համարժեք է 0,00000656 դոլարի։

PayPal-ը որևէ կապ չունի գովազդվող գրառումների հետ

PayPal-ը առցանց վճարային համակարգ է, որը թույլ է տալիս վճարումներ անել ու գումար փոխանցել, ինչպես նաև գնել կամ վաճառել որոշ կրիպտոարժույթներ, օրինակ՝ Bitcoin, Ethereum, Litecoin և այլն։ Սակայն PayPal-ը չի առաջարկում առաջադրանքների կատարման դիմաց գումար աշխատել։ Բացի այդ, PayPal համակարգը Հայաստանում գործում է սահմանափակ ձևով․ հնարավոր է վճարել, բայց ոչ ստանալ կամ կանխիկացնել գումար։ 

Այսպիսով, գովազդվող «եկամտաբեր» հարթակը որևէ կապ չունի PayPal առցանց վճարային համակարգի հետ։ Իսկ առաջարկվող AICoin կրիպտոարժույթի արժեքը ներկայում չափազանց ցածր է։

Նման դեպքերում մասնակիցը ներդրում անելուց առաջ պետք է գնահատի ռիսկերը, ինչպես նաև ուշադրություն դարձնի այն մեթոդներին, որով փորձում են գրավել ներդրողներին։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում