Ֆինանսավորում՝ առանց բարեփոխման. ինչպես է խորանում Պակիստանի կախվածությունը ԱՄՀ-ից

2025-ի սեպտեմբերի վերջին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) սկսեց Պակիստանի 7 միլիարդ դոլարի «Ընդլայնված ֆինանսավորման ծրագրի» (EFF) և 1.1 միլիարդ դոլարի «Կայունության և դիմադրողականության հիմնադրամի» (RSF) հերթական վերանայումը՝ գնահատելով երկրի տնտեսական ցուցանիշները մինչև 2025-ի հունիսը։ Վերլուծությունը հակասական պատկեր բացահայտեց․ էներգետիկ ոլորտում Պակիստանը կարողացել էր պահպանել կատարողական ցուցանիշները, սակայն հարկային եկամուտների հավաքագրումը պակասել էր մոտ 4.3 մլրդ դոլարով, ինչը համարժեք է ՀՆԱ-ի գրեթե 1 տոկոսին։
Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ն բարձրաձայնում էր Պակիստանի արտաքին առևտրի տվյալներում հայտնաբերված 11 միլիարդ դոլարի տարբերության մասին՝ վերջին երկու ֆինանսական տարիների կտրվածքով։ 2023-24-ին Պակիստանի հարկային ավտոմատացման համակարգի (PRAL) արձանագրած ներմուծումները 5.1 միլիարդ դոլարով պակաս էին, քան Պակիստանի միասնական պատուհանի (PSW) տվյալները, իսկ 2024-25-ին այդ տարբերությունը խորացել էր՝ հասնելով 5.7 միլիարդի։ Այս անհամապատասխանությունները կասկածի տակ են դնում Պակիստանի արտաքին առևտրի վիճակագրության հուսալիությունը՝ ԱՄՀ-ին ստիպելով պահանջել շտկումներ և հաղորդակցման հստակ ռազմավարություն՝ ներդրողների վստահությունը վերականգնելու համար։
Պակիստանի վիճակագրության բյուրոն խուսափում է պատմական տվյալների վերանայումից՝ մտավախությամբ, որ դա կազդի տնտեսական աճի և արտահանման ցուցանիշների վրա։ Սակայն ԱՄՀ-ն պնդում է, որ թափանցիկությունը կենսական նշանակություն ունի։ Այս վեճը նոր չէ․ տարիներ շարունակ Պակիստանի կառավարությունները խուսափել են կառուցվածքային խորքային բարեփոխումներից՝ նախընտրելով կարճաժամկետ արտաքին վարկերը՝ ճնշումները մեղմելու համար։ Արդյունքում երկրի վճարային հաշվեկշռի ճգնաժամը դարձել է քրոնիկ, իսկ ԱՄՀ-ի փրկարար ծրագրերը ոչ թե արտակարգ, այլ հերթական ֆինանսական շնչառություն։
Պակիստանի վարկային կախվածության փակ շղթան
1950-ին ԱՄՀ-ին միանալուց ի վեր Պակիստանը հիմնադրամից ֆինանսական աջակցություն է խնդրել արդեն 24 անգամ։ Միայն վերջին տասնամյակում իրականացվել է չորս խոշոր ծրագիր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 9 միլիարդ դոլար արժողությամբ։ Սակայն կառուցվածքային հիմնական խնդիրները մինչ այսօր մնում են անփոփոխ։ Պակիստանի ներկայիս պարտավորությունները ԱՄՀ-ի առջև արդեն գերազանցում են 7 միլիարդ դոլարը, իսկ արտաքին պետական պարտքը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է ՀՆԱ-ի 35.1 տոկոսը։ Անկախ գնահատականները, սակայն, մատնանշում են շատ ավելի ծանր պատկեր։ Եթե հաշվարկվեն նաև պայմանական պարտավորությունները և հաշվեկշռից դուրս մնացած պարտքերը, ապա Պակիստանի իրական արտաքին պարտավորությունները կարող են հասնել 219 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի գրեթե 73 տոկոսին։
Այդ պարտավորությունների մեջ մտնում են՝ էներգետիկ ոլորտի ներսում գոյացած շուրջ 8.7 միլիարդ դոլարի «շրջանառու պարտքը», որը տարեկան աճում է ավելի քան 200 տոկոսով; չինական էլեկտրակայանների համար տրված 15 միլիարդ դոլարի «վերցրու կամ վճարիր» պայմանագրային երաշխիքները; պետական ձեռնարկությունների պարտքը՝ 16.28 միլիարդ դոլար; մինչև 45 միլիարդ դոլարի չհրապարակված պետական երաշխիքներ։
Այս պարտքերի կուտակումը լուրջ վտանգ է ներկայացնում երկրի ֆինանսական կայունության համար։ Պակիստանի պարտքի սպասարկման ցուցանիշը արդեն կազմում է արտահանման եկամուտների մոտ 30 տոկոսը՝ նույն սահմանը, որ 1999-ին երկիրը հասցրեց դեֆոլտի։ Արտահանումը կանգնած է տեղում՝ ՀՆԱ-ի ընդամենը 8 տոկոս մակարդակով, մինչդեռ ներմուծումները գերազանցում են 22 տոկոսը։ Այսպիսով, Պակիստանը կանգնած է արտարժույթի կառուցվածքային պակասի առաջ, որը լրացնելու միակ միջոցը շարունակում է մնալ նոր վարկ վերցնելը՝ խորացնելով կախվածության շղթան։
ԱՄՀ-ն շարունակում է պահանջել բյուջետային խստացում, փոխարժեքի ազատականացում, սուբսիդիաների կրճատում և վնասաբեր պետական ձեռնարկությունների մասնավորեցում։ Թեև այս քայլերը տնտեսական տեսանկյունից ողջամիտ են, Պակիստանի ներկա քաղաքական իրականության մեջ դրանց իրականացումը չափազանց բարդ է։ Քաղաքացիները չեն վստահում իշխող վերնախավին, և հարկային բազայի ընդլայնման կամ սուբսիդիաների կրճատման փորձերը բախվում են ուժեղ դիմադրության։ Պակիստանի հարկային եկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ Հարավային Ասիայում ամենացածրերից մեկն է՝ հարկային վարչարարության թույլ արդյունավետության և ստվերային տնտեսության մեծ ծավալների պատճառով։ Միևնույն ժամանակ, էներգետիկ և սննդային սուբսիդիաների ծախսերը հաճախ գերազանցում են պետության եկամուտները՝ հանգեցնելով մշտական բյուջետային դեֆիցիտների։
Էներգետիկ ճգնաժամը՝ Պակիստանի կառուցվածքային խնդիրների հայելի
Էներգետիկ ոլորտը լավագույնս է արտացոլում Պակիստանի տնտեսական մարտահրավերները։ Էլեկտրաէներգիայի փոխանցման մեծ կորուստները և «շրջանառու պարտքը» խարխլում են ֆինանսական կայունությունը, մինչդեռ նավթից և հեղուկ բնական գազից (LNG) ներմուծման մեծ կախվածությունը հանգեցնում է արտարժույթի զգալի արտահոսքի։ Նավթի տարեկան ներմուծումը հասնում է շուրջ 17 միլիարդ դոլարի, իսկ 2030-ի համար կանխատեսվող LNG-ի պահանջարկը կարող է աճել մինչև 32 միլիարդ դոլար։
Բանկային համակարգը ևս խոցելի է․ առևտրային բանկերի ակտիվների մոտ 57 տոկոսը կապված է պետական արժեթղթերի հետ՝ գրեթե երեք անգամ ավելի, քան զարգացող շուկաների միջին ցուցանիշը։ Այս փոխկապակցվածությունը ստեղծում է վտանգավոր «հետադարձ կապ» պետբյուջեի և ֆինանսական կայունության միջև․ ցանկացած պետական դեֆիցիտ անմիջապես ազդում է բանկային համակարգի վրա։
Կառավարման բարեփոխումները նույնպես զգալի արդյունք չեն տվել։ ԱՄՀ-ն մտահոգություն է հայտնել, որ Պակիստանի կենտրոնական բանկը նախկինում ճնշում էր գործադրում առևտրային բանկերի վրա՝ փոխարժեքը արհեստականորեն ցածր պահելու համար։ Այս քաղաքականությունը խթանում էր ներմուծումները, նվազեցնում արտահանման շահութաբերությունը և արագացնում պահուստների սպառումը։ Չնայած ԱՄՀ-ի բազմակի ծրագրերին՝ եկամուտների պլանային ցուցանիշները շարունակում են չկատարվել, իսկ կառուցվածքային բարեփոխումները՝ անկայուն մնալ։
Հունվարին Համաշխարհային բանկը հայտարարեց 20 միլիարդ դոլարի տասնամյա ծրագիր՝ ուղղված էներգետիկ, կրթական և ենթակառուցվածքային բարեփոխումներին։ Սակայն դրա ծավալը դեռևս փոքր է Պակիստանի տարեկան մոտ 30 միլիարդ դոլար պարտքի սպասարկման ծախսերի համեմատությամբ։
2025-ի առաջին եռամսյակում Պակիստանի ֆոնդային բորսայի 87 տոկոսանոց աճը ժամանակավորապես բարենպաստ մթնոլորտ ստեղծեց։ Սակայն վերլուծաբանները զգուշացնում են՝ այդ աճը հիմնականում պայմանավորված էր մի քանի խոշոր բիզնես խմբերի շուրջ կենտրոնացած կարճաժամկետ օտարերկրյա ներդրումներով, այլ ոչ թե իրական տնտեսական վերականգնմամբ։ Միևնույն ժամանակ, օտարերկրյա ուղղակի ներդրումները շարունակում են մնալ ցածր՝ պայմանավորված քաղաքական անկայունությամբ, անվտանգության ռիսկերով և անկանխատեսելի կարգավորիչ դաշտով։
Թեև գնաճը որոշ չափով մեղմվել է, դրամի արժեզրկումը, կենսամակարդակի բարձր ծախսերը և բարձր տոկոսադրույքները խիստ նվազեցրել են բնակչության գնողունակությունը և զսպել ներդրումային ակտիվությունը։
Ֆինանսավորում՝ առանց բարեփոխման. փակուղու քաղաքական տնտեսությունը
Պակիստանի կախվածությունը Արժույթի միջազգային հիմնադրամից ոչ միայն ցույց է տալիս երկրի խոցելիության իրական մասշտաբը, այլև կայուն բարեփոխումների բացակայությունը։ ԱՄՀ-ի ծրագրերը կարող են ժամանակավորապես թուլացնել ճնշումը, սակայն առանց կառավարման բարելավման, հարկային բազայի ընդլայնման և անարդյունավետ ոլորտների կառուցվածքային վերաձևման՝ փրկարար վարկերին ապագայում այլընտրանք չի մնա։
Շատ հաճախ ԱՄՀ-ի աջակցությունը նույնացվում է խստացող բյուջետային քաղաքականության հետ, որի բեռը կրում են հասարակ քաղաքացիները, մինչդեռ իշխանական վերնախավը հիմնականում մնում է անառիկ։ Տնտեսագիտական բաղադրատոմսերի և քաղաքական իրականության միջև այս հակասությունը հենց այն պատճառներից է, ինչի հետևանքով բարեփոխումները տարիներ շարունակ կանգ են առնում կես ճանապարհին։
Եթե Պակիստանը ցանկանում է դուրս գալ ճգնաժամ–վարկի անվերջ շրջապտույտից, ապա Իսլամաբադի և ԱՄՀ-ի փոխհարաբերությունները պետք է արմատապես վերանայվեն։ Ֆինանսական աջակցությունը չպետք է սահմանափակվի միայն հաշվեկշռային շտկումներով․ այն պետք է ուղեկցվի վստահելի կառավարման բարեփոխումներով, որոնք կփոխեն խթանները, կկրճատեն կոռուպցիան և կպաշտպանեն ամենախոցելի խմբերին անցումային շրջանում։ Առանց նման քայլերի՝ ԱՄՀ-ի վարկերը պարզապես կշարունակեն ապահովել Պակիստանի կարճաժամկետ գոյատևումը՝ առանց իրական վերականգնման, թողնելով երկիրը «ֆինանսավորում առանց բարեփոխման» փակ շրջափուլի մեջ։
Թեմա
Civilnet










