Մարիա Խաչատրյան
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 10-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որքան է ներկայում ՌԴ-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը։
«Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար»,- պատասխանեց Փաշինյանը։
Պուտինը, սակայն, առարկեց՝ նշելով, որ ավելի շատ է։ Փաշինյանը պատասխանեց, որ անցած տարի կազմել է մոտ 9 մլրդ դոլար։ ՌԴ նախագահը կրկին հակադարձեց՝ 2024-ին ավելի շատ է եղել և այս տարի էլ ավելի շատ կլինի։
«Ակնհայտ է, ուղղակի ակնհայտ է»,- եզրափակեց Պուտինը։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է ՌԴ-Հայաստան առևտրաշրջանառության ծավալները։
Նիկոլ Փաշինյանի պնդումները և պաշտոնական տվյալները
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-օգոստոսին (պաշտոնապես ամենաթարմ տվյալը) ՀՀ-ՌԴ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,5 մլրդ դոլար։ Գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 4 մլրդ դոլարը մոտ է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալին։

Նախորդ տարի՝ 2024թ. հունվար-դեկտեմբերին, սակայն, ՀՀ-ՌԴ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է 12,4 մլրդ դոլար։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը նշել է 9 մլրդ դոլար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի պաշտոնական վիճակագրությանը, ապա 2022-ից համապատասխան կայքերը մանրամասն տեղեկություն ու ցուցանիշներ չեն հրապարակում։ Այնուամենայնիվ, այս տարվա մարտին ՌԴ տնտեսական զարգացման նախարարը հայտնել էր, որ 2024-ին Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է 11,7 մլրդ դոլար։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանի նշած 4 մլրդ դոլարը 2025 թվականի հունվար-օգոստոսի համար մոտ է պաշտոնական 4,5 մլրդ դոլարին։ Իսկ 2024 թվականի համար (չնշելով կոնկրետ ժամանակահատված) ներկայացված 9 մլրդ դոլարը համապատասխանում է տարվա առաջին ութ ամիսների ցուցանիշին, մինչդեռ ամբողջ տարվա ցուցանիշը կազմել է շուրջ 12,4 մլրդ դոլար։
Արդյոք ՌԴ-ՀՀ առևտրաշրջանառությունն ավելանալու միտում ունի՞
Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի պնդմանը, թե 2025թ. ՌԴ-ՀՀ առևտրաշրջանառությունը ևս «ավելի շատ կլինի» և դա «ակնհայտ է», ապա պաշտոնական ցուցանիշներն այլ միտում են արձանագրում. 2024թ. համեմատ ցուցանիշներն էականորեն նվազել են։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-օգոստոսին ՌԴ-Հայաստան արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 51,3%-ով կամ 4,7 մլրդ դոլարով։
2024թ. տարեկան ցուցանիշին՝ 12,4 մլրդ դոլարին, հասնելու համար մնացած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ՌԴ փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը պետք է ավելանա 7,9 մլրդ դոլարով կամ 63,7%-ով, ինչը պահանջում է զգալի աճ նախորդ ամիսների համեմատ։
CivilNetCheck











