Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության հոկտեմբերի 16-ի նիստին հայտարարել է, որ վերջին երկու տարիներին քաղցկեղից մահացության դեպքերի նվազում է արձանագրվել։
«Մենք և՛ 2023, և՛ 2024-ի վիճակագրության տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում, ինչը լավ ընթացք է»,- ասել է Ավանեսյանը։
Հոկտեմբերը նշվում է որպես կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։ Այդ կապակցությամբ կառավարության անդամները հոկտեմբերի 16-ի նիստին ներկայացել էին իրազեկման խորհրդանշական կրծքանշաններով։ Հիշեցնելով օրվա խորհուրդը՝ Ավանեսյանը նշել է, որ վերջին տարիներին սքրինինգային ծրագրերի հատվածական ներդրումը, վիրահատությունների պետական փոխհատուցումը և որոշակի դեղորայքի տրամադրումը դրական ազդեցություն են ունեցել վիճակագրության վրա։
#CivilNetCheck-ը գնացել է առողջապահության նախարարի պնդման հետքերով։
Քաղցկեղից մահվան դեպքերի թիվը նվազել է
Ավանեսյանը իր խոսքում նշում է, որ քաղցկեղային հիվանդություններից մահվան դեպքերի թվի նվազում է գրանցվել՝ ստեղծելով տպավորություն, թե խոսքը վերաբերում է քաղցկեղի բոլոր տեսակներին։
Մինչդեռ, Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին, 2023-ի համեմատ, մահացության դեպքերի թիվը աճել է։ Եթե 2023-ին քաղցկեղի հետևանքով արձանագրվել է 5097 մահվան դեպք, ապա 2024-ին՝ 5291, այսինքն՝ շուրջ 200-ով ավելի։
Ի՞նչ է նկատի ունեցել Ավանեսյանը
#CivilNetCheck-ի հետ զրույցում առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ Անահիտ Ավանեսյանը նկատի է ունեցել ոչ թե քաղցկեղի բոլոր տեսակները, այլ հենց կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերը, ինչը համապատասխանում է օրվա թեմային։
2024-ին կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով մահացության դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ իսկապես փոքր-ինչ նվազել է։ Սակայն, եթե դիտարկենք տվյալները վերջին հինգ տարվա կտրվածքով, ապա ընդհանուր պատկերը զգալի փոփոխություն չի կրել․ 2023-ին մահվան դեպքերը ավելի շատ են եղել, քան 2020-ին, 2021-ին և 2022-ին։
Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն» տարեգրքում ներկայացված են ավելի մանրամասն տվյալներ նորագոյացությունների տարբեր տեսակներից գրանցված մահերի վերաբերյալ։ Տարեգրքում կրծքագեղձի քաղցկեղից մահացության մասին առանձին վիճակագրական տվյալները հրապարակվել են 2020-ից։
Made with Visme Infographic Maker
Ինչ վերաբերում է քաղցկեղի հայտնաբերման դեպքերին, ապա Ավանեսյանը ճիշտ է։ Նախորդ տարիների համեմատ՝ կրծքագեղձի նորագոյացության առաջին անգամ ախտորաշման դեպքերն իսկապես ավելացել են։ Եթե 2020-ին ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղի 1116 դեպք, ապա 2024-ին արդեն ախտորոշվածների թիվը կազմել է 1634։
Made with Visme
Քաղցկեղից մահվան դեպքերի թիվը վերջին տասը տարում
Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ քաղցկեղի հետևանքով մահացության դեպքերի նվազման միտում նկատվում է։ Եթե 2015-ին չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացել է 6110 անձ, ապա 2024-ին արձանագրվել է մահվան 5 291 դեպք։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











