Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության հուշահամալիրի շինաշխատանքները չեն դադարեցվել. ինչո՞ւ է խառնաշփոթ ստեղծվել

Ցեղասպանության հուշահամալիրի շինաշխատանքները չեն դադարեցվել. ինչո՞ւ է խառնաշփոթ ստեղծվել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում, հղում անելով Ճարտարապետների պալատին, գրել է, թե Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն։ Նա նշել է, որ այդպիսի որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ։

«Ամեն ինչ արվում է, որպեսզի 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրերին Ցեղասպանության հուշահամալիրը փակ մնա։ Այս կերպ փորձ է արվում պետական արարողակարգից հանել օտարերկրյա պատվիրակությունների համար կազմակերպվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը»,- գրել է Մարուքյանը։ 

Նման վերնագրով հոդվածներ են տարածել նաև Yerevan.today, armeniatoday.am, sputniknews.am, news.5tv.am, livenews.am, 168.am, Yerkir.am, aysor.am և այլն։ 

Սակայն #CivilNetCheck-ի հետ զրույցում Ճարտարապետների պալատից և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնել են, որ շինարարական աշխատանքները շարունակվում են։

Ինչպե՞ս տարածվեցին շինաշխատանքների դադարեցման վերաբերյալ լուրերը

«Արթուր Թարխանյան կենտրոնը» ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերի 21-ին տեղադրել էր Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետների հայտարարությունը, որոնցում վերջիններս  իրենց «մասնագիտական մտահոգությունն են հայտնել «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ կապված»։

«Անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ՝ ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության և վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների»,- ասված է հայտարարության մեջ։

Ժամեր անց Ճարտարապետների պալատը հայտարարել է, թե «Թարխանյան կենտրոնը» հայտարարություն է տարածել Ճարտարապետների պալատի անունից, որը չի համապատասխանում իրականությանը։ 

Պալատի հայտարարության մեջ նաև ասվում էր, որ իրենց դիմումի հիման վրա հրավիրվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որի քննարկման արդյունքում որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով։ Հայտարարության այս նախադասությունն էլ շփոթմունքի առիթ է դարձել։ 

Ճարտարապետների պալատից #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեցին, որ այդ նիստը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս առաջ՝ 2025-ի սեպտեմբերի 4-ին։ Եվ այդ ժամանակ շինաշխատանքները դադարեցվել են՝ շինահրապարակը կահավորելու համար, որից հետո դարձյալ վերսկսվել են։ Ինչի վերաբերյալ էլ եղել է գրառումը, սակայն քանի որ ամսաթիվ չի եղել, խառնաշփոռի առիթ է դարձել։ 

«Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Թարխանյանն իր հերթին #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ իրենց տարածած հայտարարության մեջ շինարարական աշխատանքները դադարացնելու վերաբերյալ որևէ նշում չի եղել։ 

«Մենք գրել ենք, որ պահանջում ենք, որպեսզի աշխատանքները դադարեցվեն, բայց աշխատանքների դադարեցնելու մասին ոչինչ չենք գրել։ Պարզապես ամփոփել ենք այն հարցը, թե ինչպիսի աշխատանքներ են տեղի ունենում, որ իրենք հասցնում են վնաս հուշարձանին»,- ասաց Անահիտ Թարխանյանը։

Նման պնդում իսկապես չկա կենտրոնի տարածած հայտարարության մեջ։ 

Էկրանապատկերը՝ «Արթուր Թարխանյան կենտրոնի» ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերը՝ «Արթուր Թարխանյան կենտրոնի» ֆեյսբուքյան էջից

Ավելի ուշ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։

#CivilNetCheck-ի հետ զրույցում թանգարան-ինստիտուտից ևս մեկ անգամ հաստատեցին, որ շինաշխատանքները փաստացի երբևէ չեն դադարեցվել։ Ըստ ինստիտուտի՝ մոտ 40 օր առաջ դրանք ընդհատվել են 1-2 օրով՝ տարածքը սահմանազատելու և ամրանները տեղադրելու աշխատանքների ընթացքում։ Այդ ժամանակահատվածում, սակայն, շարունակվել են այլ աշխատանքները՝ կանաչապատում, տանիքի վերանորոգում և այլն։

Հիմնանորոգման աշխատանքների հեղինակային վերահսկող, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ շինարարական աշխատանքները շարունակվում են և դադարեցվել են ավելի վաղ՝ մի քանի օրով։

Արդյոք պատվիրակություններն այցելո՞ւմ են Ցեղասպանության հուշահամալիր

Ինչ վերաբերում է Մարուքյանի պնդմանը, որ ամեն ինչ արվում է, որ պետական արարողակարգից հանվի օտարերկրյա պատվիրակությունների համար կազմակերպվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը, ապա այցելությունների համար որևէ սահմանափակում չկա։ 

Ներկայում էլ հուշահամալիրը բաց է, և ինչպես տեղեկացրին թանգարան-ինստիտուտից, շարունակում են ընդունել օտարերկրյա պատվիրակությունների։ 

Ինստիտուտի պաշտոնական ֆեյսբուքյան էջի համաձայն՝ հոկտեմբերի 21-ին, օրինակ, պաշտոնական այցով հուշահամալիրում է եղել Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը։

Ըստ ինստիտուտի՝ թեև 2026-ի ապրիլի 24-ին շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն լինի, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ այդ օրը հուշահամալիրը բաց է լինելու այցելուների համար։

Էկրանապատկերը՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից

Այսպիսով, Ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են, դրանք դադարեցվել են ավելի վաղ՝ մեկ-երկու օրով։

Տե՛ս նաև

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում