Կեղծ տրանսպորտային քարտեր՝ քաղաքապետարանի անունից

Ֆեյսբուքյան «Հասարակական տրանսպորտը Երևանում» անվանումով էջը հոկտեմբերի 24-ին գրառումներ է հրապարակել՝ պնդումով, թե Երևանի քաղաքապետարանը իբրև առաջարկում է անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար։
«Հաղթեք նոր բաժանորդագրություն և օգտվեք Երևանի և նրա արվարձանների բոլոր տրանսպորտային միջոցներից առանց սահմանափակման՝ ընդամենը 1042 դրամով 6 ամիսների ընթացքում»,- նշված է մեկ օրվա ընթացքում հրապարակված չորս գրառումներում, որոնք ակտիվորեն գովազդվում են։

Երևանի քաղաքապետարանից հերքում են կապը տվյալ էջի հետ՝ նշելով, որ այն կեղծ է և նման ակցիա չեն իրականացնում։
Ինչ է հայտնի ֆեյսբուքյան էջի մասին
«Հասարակական տրանսպորտը Երևանում» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 23-ին։ Էջում միակ ատիվությունը անվճար տրանսպորտի մասին չորս գրառումներն են։
Գրառումներին կցված է landingfleet[.]com կայքի հղումը: Բացվող էջում թեև դրված է Երևանի հանրային տրանսպորտի համակարգի տարբերանշանը, սակայն այն որևէ կապ չունի պաշտոնական կայքի հետ, որի հասցեն է transport.yerevan.am:
Խարդախները փորձել են կեղծ կայքէջը նմանեցնել պաշտոնական կայքին և անգամ առաջարկվող կեղծ ուղետոմսը նույն դիզայնն ունի, ինչ ներկայում գործող պաշտոնական ուղետոմսերը։

Ամիսներ առաջ, երբ Երևանում նոր էր ներդրվում միասնական տոմսային համակարգը, սոցիալական ցանցերում կրկին ակտիվացել էին նմանատիպ էջերը, որոնք գրառումներով նույնանման կեղծ ակցիաներ էին գովազդում։ #CivilNetCheck-ն անդրադարձել էր այդ գրառումներին՝ ներկայացնելով խարդախությունների սխեման։
Տես՝ Զեղծարարների նոր խայծը. «գրեթե անվճար» տրանսպորտային քարտ
Այս անգամ էլ նույն սխեման է օգտագործվում։ Մի քանի հարցի պատասխանելուց հետո այցելուն տեղեկացվում է, թե ուղետոմսը ձեռք բերելու համար պետք է ընտրի հաղթական տուփը և ունի երեք փորձ։ Երկրորդ անգամից հետո մշտապես «հաջողվում է» ճիշտ տուփն ընտրել։

Այս փուլից հետո պահանջվում է լրացնել անձնական տվյալներ՝ անուն-ազգանուն, հեռախոսահամար, հասցե և այլն։ Եվ դա էլ անցնելուց հետո իբրև վճարումն իրականացնելու համար պահանջվում է քարտային տվյալները գրել, այդ թվում՝ CVV կոդը։ Հենց այս փուլում է, որ այցելուները կարող են ֆինանսական վնասներ կրեն։

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի, տերմինալների միջոցով և transport.yerevan.am կայքի միջոցով։
Անի Գրիգորյան
CivilNetCheck










