Գլխավոր Լրահոս

Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ

Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ

Հնդկաստանի տվյալների կենտրոնների հզորությունը մինչև 2030-ը կարող է աճել իննապատիկ՝ հասնելով 9 գիգավատի (GW)՝ Google-ի, AWS-ի, Reliance-ի և այլ ընկերությունների ընդհանուր 50 մլրդ դոլարի ներդրումների շնորհիվ, ինչը պայմանավորված է արհեստական բանականության (AI) և տվյալների տեղայնացման բումով։

Ըստ The Economic Times-ի՝ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներն ու հնդկական խոշոր կոնգլոմերատները պատրաստվում են առաջիկա հինգից յոթ տարվա ընթացքում ավելի քան 50 մլրդ դոլարի ներդրումներ կատարել՝ զարգացնելու Հնդկաստանի տվյալների կենտրոնների արդյունաբերությունը։

Արդյունքում՝ երկրի ընդհանուր տվյալների մշակման հզորությունը կարող է աճել ներկայիս 1 գիգավատից մինչև մոտ 9 գիգավատ մինչև 2030-ը՝ դառնալով աշխարհում այս ոլորտի ամենաարագ աճողներից մեկը։

Ներդրումների ծավալը

Անշարժ գույքի ներդրումային JLL ընկերության գնահատմամբ՝ առաջիկա յոթ տարում ներդրումները կկազմեն 35-50 մլրդ դոլար, ինչը կբերի հզորությունների իննապատիկ աճի։

Միաժամանակ Jefferies ներդրումային բանկը կանխատեսում է, որ մինչև 2030-ը Հնդկաստանի տվյալների կենտրոնների հզորությունը կհասնի 8 գիգավատի՝ պայմանավորված տվյալների հոսքերի աճով, տեղայնացման պահանջներով և արհեստական բանականության արագ տարածմամբ։ Ընկերության հաշվարկներով՝ նույն ժամանակահատվածում կարող է ստեղծվել շուրջ 30 մլրդ դոլարի կապիտալ ծախս և 8 մլրդ դոլարի վարձակալական եկամուտ։

Ներդրումային բումը արդեն տեսանելի է․ Google-ի՝ վերջերս հայտարարված 15 մլրդ դոլար արժողությամբ Vizag AI կենտրոնը Հնդկաստանի պատմության մեջ համարվում է ամենամեծ արտասահմանյան ուղղակի ներդրումներից մեկը։

Համաշխարհային տեխնոլոգիական հոսքը Հնդկաստան

Այս տարվա հունվարին Amazon Web Services-ը (AWS) հայտարարեց, որ պատրաստվում է ներդնել 8,3 մլրդ դոլար՝ ընդլայնելու իր «ամպային» ենթակառուցվածքը Մումբայում։ Ծրագիրը նախատեսվում է մինչև 2033-ը Հնդկաստանի համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ) ավելացնել մոտ 15,3 մլրդ դոլար և տարեկան ստեղծել ավելի քան 81,000 նոր աշխատատեղ։

Meta-ն նույնպես պատրաստվում է մինչև 2030-ը Հնդկաստան բերել իր բազմամլրդանոց ստորջրյա մալուխային նախագիծը՝ Waterworth-ը, որը նախատեսվում է դառնալ տվյալների տեղայնացման և կապի զարգացման նոր փուլ։

Համաշխարհային տեխնոլոգիական հսկաների այս ակտիվությանը պատրաստ են նաև հնդկական խոշոր ընկերությունները՝ Reliance Industries, AdaniConnex, Tata Consultancy Services և Bharti Airtel հսկաները, որոնք մրցակցում են իրար հետ Հնդկաստանի 1,4 մլրդ բնակչության աճող տվյալային պահանջները բավարարելու համար ենթակառուցվածքների ստեղծման ասպարեզում։ 

Արագ աճող, բայց դեռ փոքր շուկա

ԱՄՆ-ում գործող անշարժ գույքի ընկերության գնահատմամբ՝ Հնդկաստանի տվյալների կենտրոնների շուկան տարեկան աճում է 17 տոկոսով։ Այնուամենայնիվ, ներկայիս 1 գիգավատ հզորությունը դեռ փոքր է Հյուսիսային Ամերիկայի 38 գիգավատի համեմատ, որը մինչև տասնամյակի ավարտը նախատեսվում է հասցնել 84 գիգավատի։

Աճի հիմքում տվյալների սպառման պայթյունավտանգ աճն է՝ 2017 ֆինանսական տարվա 8 էքսաբայթից հասնելով 2025 ֆինանսական տարում 229 էքսաբայթի։ Այս աճը պայմանավորված է OTT հարթակների, թվային վճարումների, սոցիալական մեդիայի և էլեկտրոնային առևտրի տարածմամբ։ Վերլուծաբանների կարծիքով՝ Հնդկաստանի նոր տվյալների պաշտպանության օրենքը և արհեստական բանականության արագ ներդրումը կարող են դառնալ հաջորդ կարևոր խթանները։

Հաջորդ սահմանը․ արհեստական բանականությամբ ղեկավարվող ենթակառուցվածքներ

«Հնդկաստանը կարող է միջնաժամկետ հեռանկարում ավելացնել տվյալների կենտրոնների հզորությունը ևս 5 գիգավատով, եթե կարողանա բավարարել արհեստական բանականության ենթակառուցվածքային պահանջները՝ ամբողջ Հարավարևելյան Ասիայի մասշտաբով», — The Economic Times-ի հետ զրույցում նշել է Avendus Capital ներդրումային բանկի ենթակառուցվածքների և իրական ակտիվների բաժնի գործադիր տնօրեն Պրատիկ Ջավարը։

Նրա խոսքով՝ նման ծավալի ենթակառուցվածքային զարգացումը կպահանջի մոտ 150 մլրդ դոլարի ընդհանուր ներդրում, որը պետք է ընդգրկի ոչ միայն տվյալների կենտրոնները, այլև բարձր արտադրողականության հաշվարկային սարքավորումները (CPU և GPU), էներգետիկ համակարգերն ու ցանցային կապը։

Առաջիկա խոչընդոտները

Հնդկական վարկանշային գործակալության՝ India Ratings & Research (Ind-Ra)-ի տնօրեն Պրաշանտ Տարվադին նշել է, որ աշխարհում արհեստական բանականության ծանրաբեռնված աշխատանքների համար նախատեսված տվյալների կենտրոնները գնալով ավելի հաճախ են կառուցվում հեռավոր տարածքներում։ Այսպիսի վայրերն առաջարկում են ավելի էժան հող, ցածր էներգետիկ ծախսեր, զով կլիմա և բարենպաստ հարկային քաղաքականություն՝ առավելություններ, որոնք կարող են ուղղորդել Հնդկաստանի զարգացման հաջորդ փուլը։

Միևնույն ժամանակ, Ind-Ra-ն զգուշացնում է, որ Հնդկաստանի պլանավորված հզորությունների ընդլայնման մոտ 60 տոկոսը դեռ վաղ փուլում է, և շինարարները, ամենայն հավանականությամբ, կմիավորեն առաջարկը և պահանջարկը աստիճանաբար։ Գործակալության գնահատմամբ՝ հիմնական մարտահրավերը կլինի էներգիայի և բաշխման ենթակառուցվածքների ժամանակին ընդլայնումը, որպեսզի ապահովվի կայուն էներգամատակարարում խոշոր տվյալների կենտրոնների պարկերի համար։

Հոդվածի բնօրինակը՝ India’s data centre boom: Global giants and local players set to pour over $50 billion into capacity buildout

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում