Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին դեռևս կան չլուծված և դժվար լուծելի հարցեր, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։
Խոսելով խաղաղության ինստիտուցիոնալացումից և բարիդրացիական հարաբերությունների հաստատումից՝ նախարարն ընդգծեց հումանիտար խնդիրների առկայությունը։
«Այստեղ մենք պետք է նշենք Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը, ինչպես նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը և այլն», - ասաց Միրզոյանը։
Ներկայացնելով իր «մասնավոր դիտարկումը»՝ նա նշեց, որ կարգավորման գործընթացում առկա է «մեծ խոչընդոտ», որը «կոնֆլիկտի բնական օբյեկտիվ հետքն է» և որի հարթման ուղղությամբ ջանքեր են պահանջվում։
«Դա անշուշտ երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են», - հայտարարեց նա՝ սա համարելով օբյեկտիվ իրողություն՝ «հաշվի առնելով նաև թշնամանքի և արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջև»։
Չնայած դրան, Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը, հավատալով երկրի շուրջ «խաղաղ, համագործակցային մթնոլորտի միջավայրի ձևավորման» անհրաժեշտությանը, «քայլ առ քայլ հետամուտ է լինելու բոլոր հարցերի լուծմանը»։
Civilnet











