Գյումրիում «անվճար տրանսպորտային քարտերի» մասին գրառումը խարդախություն է

Ֆեյսբուքյան «Շիրակի հասարակական տրանսպորտը» անվանումով էջը հոկտեմբերի 26-ին տարածել է գրառումներ՝ հայտարարությամբ, թե իբր Գյումրիի համայնքապետարանը գրեթե անվճար տրանսպորտային քարտեր է առաջարկում։
«Հաղթեք նոր բաժանորդագիր և օգտվեք Գյումրիի և նրա շրջակայքի բոլոր տեսակի տրանսպորտից առանց սահմանափակման՝ ընդամենը 1042 դրամով 6 ամիսների ընթացքում»,- նշված է գրառման մեջ։
Մինչդեռ սա հերթական խաբեությունն է, որի միջոցով փորձ է արվում կորզել օգտատերերի անձնական և բանկային տվյալները։
Գյումրիի տրանսպորտի մասին կեղծ գրառում՝ Վանաձորի համայնքապետի լուսանկարով
Կեղծ գրառումներ տարածող ֆեյսբուքյան էջը ստեղծվել է հոկտեմբերի 26-ին, հենց այդ օրն էլ հրապարակվել են գրառումները՝ նույն բովանդակությամբ, նույն ժամին։ Բացի այդ, Գյումրիի տրանսպորտին վերաբերող գրառումներից մեկը տարածվում է Վանաձորի համայնքապետի լուսանկարով։

Գրառմանը կցված է pointsscanner[.]com կայքը, որտեղ օգտագործվել է Գյումրիի համայնքապետարանի տարբերանշանը՝ օգտատերերին մոլորեցնելու նպատակով։
Կայք մուտք գործելուց հետո առաջարկվում է պատասխանել մի քանի հարցի, ապա «հաղթելու» համար ընտրել ճիշտ տուփը, որի համար օգտատերն ունի երեք փորձի հնարավորություն։ Սակայն երկրորդ անգամից հետո մշտապես «հաջողվում է» ճիշտ տուփն ընտրել։

Այնուհետև կայքը պահանջում է լրացնել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար և այլն։
Ավելին, օգտատիրոջից պահանջվում է նաև մուտքագրել բանկային տվյալները՝ քարտի համարն ու CVV կոդը (քարտապանին նույնականացնող եռանիշ կոդը)։ Հենց այս փուլում է, որ այցելուները կարող են ֆինանսական վնասներ կրել։

Նույն սխեման կիրառվել է Երևանի տրանսպորտի կեղծ քարտերի դեպքում
Օրեր առաջ ֆեյսբուքյան մեկ այլ էջ նույնատիպ կեղծ գրառումներ էր տարածում Երևանում գրեթե անվճար տրանսպորտային քարտերի վերաբերյալ, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Տես՝ https://civilnet.am/news/982000/
Ավելին՝ Գյումրիի տրանսպորտային քարտեր առաջարկող գրառումներում Երևանում տրամադրվող «YES» տրանսպորտային քարտերի լուսանկարներն են, որոնց վրա հստակ երևում է «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» գրությունը։
Գյումրիում տրանպսորտի համար վճարում են կանխիկ
Ներկայում Գյումրիի բնակիչները տրանսպորտի համար վճարում են կանխիկ՝ մեկ ուղևորության դիմաց 100 դրամ։ Քաղաքում անկանխիկ վճարման համակարգ այս պահին չի գործում։ Այս տարվա մարտին Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցություններից որոշները իրենց նախընտրական ծրագրերում անգամ առաջարկել էին տրանսպորտի անկանխիկ վճարման համակարգ ներդնել։
Այսպիսով, Գյումրիում գրեթե անվճար տրանսպորտային քարտերի վերաբերյալ գրառումը կեղծ է։ Դրա միջոցով զեղծարարները փորձում են կորզել օգտատերերի բանկային տվյալները և նպատակն է գումարներ հափշտակել։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










