Վանաձորի «անվճար տրանսպորտային քարտերի» վերաբերյալ գրառումները կեղծ են

Վերջերս սոցիալական ցանցերում հաճախակի են դարձել գովազդային կեղծ գրառումները, որոնք խոստանում են չափազանց ցածր գնով և սահմանափակ քանակությամբ տրանսպորտային քարտեր՝ Երևանում, Գյումրիում և այլ քաղաքներում։
«Վանաձորի հասարակական տրանսպորտը» անվանումով ֆեյսբուքյան էջը հոկտեմբերի 26-ից սկսել է տարածել գրառումներ, ըստ որոնց՝ իբր Վանաձորի համայնքապետարանը տրամադրում է գրեթե անվճար տրանսպորտային քարտեր։
«Հաղթեք նոր բաժանորդագիր և օգտվեք Վանաձորի և նրա շրջակայքի բոլոր տեսակի տրանսպորտից առանց սահմանափակման՝ ընդամենը 1042 դրամով 6 ամիսների ընթացքում»,- նշված է գրառման մեջ։
Սակայն այս գրառումները կեղծ են։ Դրանց իրական նպատակը օգտատերերի անձնական և բանկային տվյալներ կորզելն է։
Ինչ է հայտնի գրառումը տարածող ֆեյսբուքյան էջի մասին
Գրառումները տարածող ֆեյսբուքյան էջը ստեղծվել է հոկտեմբերի 26-ին՝ հենց նույն օրը հրապարակելով կեղծ գրառումները «անվճար տրանսպորտի քարտերի» մասին։ Վստահություն ներշնչելու համար ֆեյսբուքյան էջում նշված է հեռախոսահամար, հասցե և էլեկտրոնային փոստ։ Նշված հեռախոսահամարը, սակայն, Երևանի բնակչի հեռախոսահամար է, իսկ էլ-փոստը չի գործում։

Գրառումներին կցված է playwithnexus[.]com անվանումով կայքը։
Հղումով անցնելուց հետո օգտատերերին առաջարկվում է պատասխանել մի քանի հարցի և ընտրել «ճիշտ տուփը»՝ իբր քարտը շահելու համար։ Օգտատերն ունի երեք փորձի հնարավորություն, սակայն երկրորդ փորձից հետո մշտապես «հաջողվում է» ճիշտ տուփն ընտրել։

Այնուհետև կայքը պահանջում է լրացնել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար և այլն։ Ավելին, օգտատիրոջից պահանջվում է նաև մուտքագրել բանկային տվյալները՝ քարտի համարն ու CVV կոդը (քարտապանին նույնականացնող եռանիշ կոդը)։
Այս տվյալները անհայտ կայքում մուտքագրելը՝ հատկապես CVV կոդը, լուրջ ֆինանսական ռիսկեր է պարունակում և կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։

Վանաձորի համայնքապետարանը հերքում է տարածվող գրառումները
Թեև գրառման մեջ խոսվում է Վանաձորում տրանսպորտային քարտերի մասին, սակայն օգտագործված լուսանկարներում պատկերված են Երևանի «YES» տրանսպորտային քարտերը, որոնց վրա հստակ երևում է «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» գրությունը։
Վանաձորի համայնքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում հերքել է հասարակական տրանսպորտի համար «անվճար քարտերի» մասին տարածված գրառումները։ Վերջինս հորդորել է հետևել համայնքապետարանի պաշտոնական էջին՝ կեղծ լուրերի տարածումից խուսափելու համար։
Նույն սխեման կիրառվել է Երևանի և Գյումրիի տրանսպորտի հետ կապված
Նույն օրը՝ հոկտեմբերի 26-ին, նմանատիպ կեղծ գրառումներ են տարածվել նաև Գյումրիում «անվճար տրանսպորտային քարտերի» վերաբերյալ, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Երկու դեպքերում էլ գրառումների տեքստերը, էմոջիները և կայքերի ձևավորումը նույնական են, ինչը հուշում է, որ դրանք ղեկավարվում են նույն տեղից։

Օրեր առաջ նույնաբովանդակ կեղծ գրառումներ էր տարածվել նաև Երևանի տրանսպորտային քարտերի վերաբերյալ։
Տես՝ Կեղծ տրանսպորտային քարտեր՝ քաղաքապետարանի անունից
Այսպիսով, Վանաձորի «գրեթե անվճար տրանսպորտային քարտերի» մասին տարածվող գրառումները կեղծ են։ Դրանք խայծ են, որի նպատակն է օգտատերերից կորզել բանկային տվյալներ, ինչը կարող է հանգեցնել գումարի կորստի։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










