Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 3-ին բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը և որոշել մեկ ամսով կալանավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին։
Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնի է դարձել իր աղբյուրներից։ Քննչական կոմիտեից ի պատասխան հարցմանը պարզաբանել են, որ 1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Ավելի վաղ ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու համար։
Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն իր որդիների հետ խոչընդոտել է իր նախընտրական քարոզչությանը։ Կաթողիկոսի եղբոր փաստաբան Արա Զոհրաբյանը պնդել է, որ նման բան չի եղել։
Ավելի ուշ ՔԿ-ից հայտնեցին, որ Կաթողիկոսի եղբոր որդին ևս կալանավորվել է։
Civilnet











