Ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին շարունակում են պատիժ կրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությանից։
Թեև նախարարությունը հաստատում է նրանց՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու փաստը, սակայն հրաժարվել է տրամադրել տեղեկություն նրանց կոնկրետ գտնվելու վայրի մասին։ Ըստ գրության՝ «դատապարտյալների գտնվելու վայրի մասին տեղեկությունը հանրամատչելի տվյալ չէ»։ Նախարարությունը վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որով մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե այն «խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»։
Բացի այդ, հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին և ՀՀ քրեակատարողական օրենսգրքին, ԱՆ-ն ընդգծում է, որ նման տեղեկությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձանց՝ «տեղեկատվության սուբյեկտների համաձայնությամբ»։
Նախարարությունը նաև մերժել է նրանց հետ հարցազրույց իրականացնելու խնդրանքը։ Ըստ պատասխանի՝ հարցազրույց անցկացնելը «նպատակահարմար չէ՝ ելնելով «անվտանգության ապահովման նկատառումներից»։
Վերջին շրջանում տարբեր աղբյուրներում տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է նրանց փոխանակել Բաքվի հայ գերիների հետ։ Այս նպատակով ՍիվիլՆեթը դիմել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, դեռևս պատասխան չկա։
2021-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան 2 ահաբեկիչներին՝ Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Նրանք մասնակցել էին 2020-ի արցախյան 44-օրյա պատերազմին։
Civilnet











