Թուրքիայի զինված ուժերի C-130 տեսակի ռազմափոխադրող ինքնաթիռը կործանվել է Վրաստանում՝ Ադրբեջանի սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ինքնաթիռը նոյեմբերի 11-ին թռիչք էր իրականացրել Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է վթարի փաստը՝ նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները կատարվում են Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ համատեղ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաղորդել, թե քանի մարդ է եղել օդանավում։
Ադրբեջանի նախագահն արդեն ցավակցել է Թուրքիայի նախագահին։
Lockheed C-130 Hercules տեսակի ինքնաթիռը՝ ամերիկյան Lockheed Martin ընկերության արտադրության է, նախատեսված է ռազմական բեռների, անձնակազմի տեղափոխման և տարհանման համար։ Այն լայնորեն օգտագործվում է Թուրքիայի զինված ուժերի կողմից տարբեր առաքելություններում։
Civilnet











