Գլխավոր Լրահոս

Չինաստանի կիբերզինավարման ռազմավարությունը․ Հարավարևելյան Ասիայից մինչև Եվրոպա

Չինաստանի կիբերզինավարման ռազմավարությունը․ Հարավարևելյան Ասիայից մինչև Եվրոպա

2025-ի հոկտեմբերի 19-ին Չինաստանի հետ կապվող Salt Typhoon հաքերային խումբը փորձել է ներխուժել եվրոպական մի հեռահաղորդակցական ընկերության համակարգ՝ կիրառելով բարդ տեխնիկաներ և օգտագործելով Citrix NetScaler Gateway-ի խոցելիությունները։ Դա դարձավ հերթական սրացումը մի արշավի շրջանակում, որի ընթացքում վտանգվել է ավելի քան 80 երկրի հեռահաղորդակցական ենթակառուցվածք։ Այս հարձակումը մեկուսացված դեպք չէր․ այն հերթական դրվագն էր մի ռազմավարության, որը Պեկինը կատարելագործել է տասնամյակներով՝ Հարավարևելյան Ասիան վերածելով թվային փորձադաշտի։

Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) համար Հարավարևելյան Ասիան ցածր ռիսկի և բարձր շահույթի միջավայր է՝ կիբեր ներխուժման մարտավարությունը կատարելագործելու համար։ Տարածաշրջանի կառավարությունները, որոնք խուսափում են Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները վտանգելուց, հաճախ չեն անում հրապարակային մեղադրանքներ։ Այս խուսափողականությունն էլ հնարավորություն է տվել Պեկինի հովանավորությամբ գործող խմբերին շահարկել Վիետնամի, Մալայզիայի և Ֆիլիպինների տեխնոլոգիական խառը համակարգերը՝ փորձարկելով ռոութերների խոցելիությունները, VPN-ների բացերը և օրինական հսկողությունից շրջանցման մեթոդները։

Նման վաղաժամ արշավները, ինչպիսիք են Operation Soft Cell-ը (2018–2020) և APT40-ի ծովային թիրախավորումները, պատահական չէին։ Դրանք նախապես հաշվարկված փորձեր էին ավելի լայն գործողությունների համար։ Մեթոդները, որոնք սկզբում կիրառվել էին ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների միություն) երկրների դեմ, քիչ փոփոխություններով կրկնվել են նաև Արևմուտքի ենթակառուցվածքների վրա հարձակումների ժամանակ։ Սակայն արևմտյան հատուկ ծառայությունները հիմնականում անտեսել են այս նախազգուշացնող ազդանշանները՝ չհասկանալով, որ դրանք նախերգանք են շատ ավելի կործանարար գործողությունների։

Արևմտյան հետախուզությունը սովորաբար Չինաստանի կիբերխմբերը դասակարգում է ըստ թիրախային ոլորտների՝ առանձին անվանում տալով նրանց, որոնք կենտրոնացած են ռազմական համակարգերի, հեռահաղորդակցության կամ արդյունաբերական տեխնոլոգիաների վրա։ Սակայն այս մոտեցումը բաց է թողնում մի խորքային իրողություն․ այդ խմբերը ինքնուրույն չեն գործում։ Դրանք միավորված են կենտրոնացված ռազմավարության ներքո և գործում են որպես միասնական պետական համակարգի բաղադրիչներ։ Այս համադրվածությունը բազմապատկում է Չինաստանից եկող վտանգը՝ ապահովելով պետական կառույցների միջև անընդհատ տեղեկատվական փոխանակում և մեկ կենտրոնից ղեկավարվող կիբերարշավ։

Այս համակարգը թույլ է տալիս արագ անցում կատարել լրտեսությունից դեպի խափանումներ․ մի խմբի ձեռք բերած մատչումը կարող է օգտագործվել ինչպես հսկողության, այնպես էլ կաթվածահարման կամ քաղաքական ճնշման համար։ ՉԿԿ-ի կիբերդոկտրինը շեշտադրում է գաղտնիությունը, տևականությունը և երկարաժամկետ դիրքավորումը՝ նպատակ ունենալով ոչ միայն տեղեկատվություն հավաքել, այլև ապահովել «Առաջին օրվա» խափանումներ՝ քաղաքական կամ ռազմական ճգնաժամերի դեպքում։

Salt Typhoon-ի բարձրաձայնված հարձակումներից առաջ տարիներ շարունակ իրականացվել էին հետախուզական գործողություններ Հարավարևելյան Ասիայում։ Հրապարակային զեկույցները խումբը կապում են դեռ 2019-ից սկսված լրտեսական արշավների հետ՝ ուղղված պետական ծառայություններին ու հեռահաղորդակցական ընկերություններին։ Վիետնամի վարչապետն արդեն 2018-ին զգուշացրել էր վնասաբեր կոդերի տարածման վտանգավոր աճի մասին, բայց Արևմուտքում այդ ազդանշանը անտեսվել էր։

Ռոութերների, firewall-ների և VPN-ների վրա իրականացվող հարձակումները նախ մշակվել են ԱՍԵԱՆ-ում, ապա կիրառվել արևմտյան թիրախների դեմ։ APT40-ի ծովային գործողությունները Մալայզիայում նախապատրաստել են Volt Typhoon-ի հետագա հարձակումները ԱՄՆ նավահանգիստների և լոգիստիկ ցանցերի վրա։ Այս օրինաչափությունը ցույց է տալիս կանխամտածված փորձարկման մի շրջափուլ՝ Հարավարևելյան Ասիան լաբորատորիա է, իսկ Արևմուտքը՝ վերջնական թիրախ։

Երբ Salt Typhoon-ի հարձակումները հրապարակայնացվեցին, տուժած ընկերությունները բախվեցին կարգավորիչ մարմինների քննադատությանը՝ փոխանակ պետական ստանալու աջակցություն։ Այս պատժողական մոտեցումը կրճատեց թափանցիկությունը և հնարավորություն տվեց հարձակվողներին խորացնել իրենց դիրքերը։ ՉԿԿ-ի նպատակը միայն լրտեսությունը չէ․ այն ռազմավարական լծակ ձեռք բերելու միջոց է։ Թիրախավորելով 16 կենսական ենթակառուցվածքային ոլորտներ՝ Պեկինը կարող է ճգնաժամի դեպքում կաթվածահար անել հակառակորդների տնտեսությունը։

Օրինակ՝ Թայվանի շուրջ հնարավոր ճգնաժամի ժամանակ կարող են միաժամանակյա կիբերհարձակումներ իրականացվել, որոնք կխափանեն կապի ցանցերը, տրանսպորտի կառավարման համակարգերը և կարգելափակեն հիվանդանոցների տվյալները։ Նման խափանումները կնվազեցնեն ռազմական պատրաստվածությունը և կմեծացնեն վերահսկողությունը՝ Չինաստանին տալով վճռական առավելություն։

Վաշինգտոնի արձագանքը երկար ժամանակ եղել է հատվածական և ուշացած։ Միայն Salt Typhoon-ը պատճառել է ավելի քան 15 միլիարդ դոլարի վնաս։ Սակայն վերջին զարգացումները որոշ հույս են ներշնչում։ 2024-ի ԱՄՆ–Վիետնամ կիբերանվտանգության համաձայնագիրը (CISA-Vietnam MOU) և Ֆիլիպինների հետ ստորագրված պաշտպանական ընդլայնված համագործակցության պայմանագիրը (EDCA) կարող են ԱՄՆ-ի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը (INDOPACOM) վերածել կանխարգելիչ կենտրոնի։

Եթե ԱՄՆ-ն կապի յուրաքանչյուր կիբերխախտում իրադարձային հետևանքների հետ, օրինակ արագացնի ռադարային համակարգերի փոխանցումը կամ կիբերանվտանգության կենտրոնների գործարկման ժամկետները, ապա կարող է Պեկինի լրտեսական գործողությունները վերածել սեփական պարտության գործիքի։ Յուրաքանչյուր ներխուժում կուժեղացնի տարածաշրջանային պաշտպանունակությունը՝ ստիպելով ՉԿԿ-ին վերագնահատել իր կիբերհարձակման գինը։

Չինաստանի կիբերարշավները մեկուսացված գործողություններ չեն․ դրանք պետական մակարդակով ուղղորդված երկարաժամկետ ռազմավարության արդյունք են։ Հարավարևելյան Ասիան ՉԿԿ-ին տվել է վճռորոշ հետախուզական առավելություն։ Արևմուտքը պետք է դադարեցնի տարածաշրջանին որպես երկրորդական դաշտ դիտարկելն ու սկսի օգտագործել նրա վաղ նախազգուշացնող ազդանշանները։ Հարցն այլևս այն չէ՝ արդյոք Պեկինը կակտիվացնի իր նախապես ստեղծած մատչումները, այլ այն, թե արդյքո կգործի՞ Վաշինգտոնը, քանի դեռ հերթական փորձնական փուլը չի վերածվել իրական պատերազմի։

Հոդվածի բնօրինակը՝ China’s Cyber Warfare Strategy: From Southeast Asia’s Testing Ground to Global Threat

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում