Ferrari-ն, որը մտնում է իտալական Fiat կոնցեռնի մեջ, գլխավորել է բրիտանական Brand Finance գործակալության՝ աշխարհի ամենաազդեցիկ 500 բրենդների վարկանիշը։
Գործակալությունը փետրվարի 19-ին վարկանիշի միայն մասնակի տվյալներ է հրապարակել։ Այն ամբողջությամբ կհրապարակվի փետրվարի 28-ին։
Ուշագրավ է, որ փետրվարի 18-ին Ferrari-ն հրապարակել է իր տարեկան հաշվետվությունը, որն ամենահաջողն է ավտոարտադրող այս ընկերության պատմության մեջ։ Այսպես՝ մեկ տարում ավտոմեքենաների վաճառքներն ավելացել են 5%-ով, հասույթը՝ 8%-ով՝ հասնելով €2,2 մլրդ-ի։ Ընկերության զուտ շահույթը կազմել է €224 մլն։
Ferrari-ի վաճառքների մեծ մասը բաժին է ընկել ԱՄՆ-ին, որտեղ ընկերությունն առաջին անգամ իրացրել է 2000 ավտոմեքենա։ Հյուսիսային Ամերիկայում վաճառքներն աճել են ավելի քան 15%-ով։
Ըստ գործակալության՝ աշխարհի ամենաթանկ բրենդը շարունակում է մնալ ամերիկյան Apple-ը։ Մյուս կողմից՝ այն շատ քիչ է գերազանցում իր հիմնական մրցակցին՝ հարավկորեական Samsung-ին: «Չնայած նոր սարքավորումների թողարկմանը՝ Apple-ը շարունակում է դիրքերը զիջել Samsung-ին»,– ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Civilnet










