Գլխավոր Լրահոս

Ստյոպա Սաֆարյանը «հերքել է» ՍիվիլՆեթին՝ հաստատելով ՍիվիլՆեթի տվյալները

Ստյոպա Սաֆարյանը «հերքել է» ՍիվիլՆեթին՝ հաստատելով ՍիվիլՆեթի տվյալները

#CivilNetCheck-ի խմբագիր 

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ պատրաստվում է «հիմնովին ջախջախել» ՍիվիլՆեթի «չստուգված» ֆաքթչեքինգը։ Սակայն իր «ջախջախիչ» պատասխանում նա ներկայացրել է հենց այն նույն տվյալները, որոնք ներկայացրել էր ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը, և որոնք հակասում են նրա ավելի վաղ հրապարակած ցուցանիշներին։

Նոյեմբերի 13-ին հրապարակված հոդվածում անդրադարձել էինք Սաֆարյանի՝ ֆեյսբուքյան մի շարք էջերում տարածված գրառմանը, որտեղ նա պնդել էր. «Բանակն էլ այնքան էր հզորացվել, որ 2016թ. բանակների համաշխարհային վարկանշային աղյուսակում Ադրբեջանի բանակը առաջին քառասուն բանակների մեջ էր, իսկ Հայաստանինը՝ 160-րդից մի քանի հորիզոնական ներքև»։

Ինչպես նշված էր հոդվածում՝ Սաֆարյանի հետ երկու անգամ կապ էինք հաստատել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ վարկանիշային աղյուսակին է հղում արել։ Նա պատասխանել էր, որ չի հիշում և առաջարկել էր, որ մենք գտնենք։

Տես՝ Անհայտ «վարկանիշային աղյուսակ» և աղավաղված մեջբերումներ. Սաֆարյանի գրառման շուրջ

#CivilNetCheck-ն ուսումնասիրել էր զինված ուժերին վերաբերող բոլոր հանրահայտ վարկանիշային աղյուսակները, սակայն այսպես էլ չէր հայտնաբերվել «բանակների համաշխարհային» որևէ վարկանիշ, որում Ադրբեջանի բանակը առաջին 40-ի մեջ էր, իսկ Հայաստանինը՝ 160-րդից մի քանի հորիզոնական ցածր:

Մեր հոդվածում նշել էինք, որ ռազմական ուժի գնահատման ամենահայտնի և ամենաշատ օգտագործվող ցուցակը Global Firepower Index-ն է։ 2016-ի տվյալներով, Հայաստանը 126 երկրների մեջ զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 60-րդը: Այսինքն՝ ցուցանիշները չեն համապատասխանում Սաֆարյանի նշած թվերին, և նրա գրառման մեջ ներկայացված տվյալները չեն հաստատվում որևէ միջազգային աղբյուրով։

Եվ ահա, նույն օրը Սաֆարյանը նոր գրառում էր արել՝ հայտարարելով, թե պատրաստվում է մինչև կեսգիշեր արձագանքել մեր հոդվածին՝ միաժամանակ պնդելով, որ «ֆաքթչեքերը չի կարող հետաքննել մի բան, եթե տեղյակ չէ, թե որ մտակենտրոններն են տասնամյակներով դա արել»։

Մինչև կեսգիշեր քաղաքագետը չարձագանքեց, բայց նոյեմբերի 14-ին նոր գրառում է հրապարակել։ Սաֆարյանն իր գրառման մեջ նշում է նույն Global Firepower Index-ի մասին, որի մասին նշել էինք մեր նյութում և որի ցուցանիշները չեն համապատասխանում Սաֆարյանի նշած տվյալներին։ 

Նա ՍիվիլՆեթի լրագրողին մեղադրում է մասնագիտական անկարողության մեջ՝ պնդելով, թե անգամ համացանցում բաց ինֆորմացիա փնտրելու կարողությունները «ձգտում» են զրոյի, և կատարած աշխատանքը «խայտառակ խոցելի» է։

Հարց է առաջանում՝ Սաֆարյանը չի կարդացել մեր հոդվածը մինչև արձագանքելը, թե միտումնավոր աղավաղել է հոդվածի բովանդակությունը՝ պնդելով, թե լրագրողը որևէ աղբյուր չի գտել։ 

Փաստացի պատկերը

#CivilNetCheck-ը ներկայացրել էր Global Firepower-ի իրական տվյալները, իսկ Սաֆարյանի «հերքումը» հիմնված է նույն այդ տվյալների վրա, որոնք հակասում են նրա նախնական ցուցանիշներին։ 

Այս դեպքում արդյոք ավելի պատվաբեր ու ազնիվ չէ՞ր լինի, որ Սաֆարյանը պարզապես ընդուներ իր նախնական պնդման անճշտությունը, փոխանակն այն վերագրելու լրագրողի «մասնագիտական անկարողությանը»։ Այդ հարցի պատասխանը թողնենք ընթերցողներին։

***

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը պարբերաբար անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև ձևավորված անհամաչափությանը, Ադրբեջանի բանակին ուղղվող մեծ ֆինանսավորմանը, և մեր բոլոր հետաքննությունները հիմնված են ստուգված տվյալների ու փաստերի վրա։

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերի միտումները

Փաստերի ստուգում

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում