Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը դարձել է չորրորդ երկիրը, որը ոտք է դրել Լուսնի վրա

Հնդկաստանը դարձել է չորրորդ երկիրը, որը ոտք է դրել Լուսնի վրա

Հնդկաստանի տիեզերական ծրագիրը տարիների ընթացքում ուշագրավ առաջընթաց է գրանցել՝ իրականացնելով արբանյակային արձակումների շարք, գրում է Times of Oman թերթը։ Ամենավերջինը 4,400 կգ քաշով կապի արբանյակի արձակումն էր՝ Հնդկաստանի երբևէ արձակած ամենածանր արբանյակներից մեկը։ Տիեզերական բարդ առաքելություններ նախագծելու, արձակելու և շահագործելու առաջադեմ ու անկախ կարողությունների ձեռքբերմամբ Հնդկաստանը տիեզերական գերտերությունների ակումբում է։ Հնդկաստանը տիեզերական դարաշրջան մտել է 1975-ին՝ արձակելով սեփական տեխնոլոգիաներով ստեղծված իր առաջին արբանյակը՝ Aryabhata-ն։

Այդ ժամանակից ի վեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել՝ կենտրոնանալով ինքնաբավության վրա և ստեղծելով տարբեր տեսակի արբանյակներ։ Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (Indian Space Research Organisation, ISRO)՝ երկրի գլխավոր տիեզերագիտական գործակալությունը, տեխնիկապես բարդ մի շարք առաքելություններ է իրականացրել, այդ թվում՝ Chandrayaan-3 լուսնային առաքելությունը, Մարսի Mangalyaan առաքելությունը, Aditya-L1 արեգակնային դիտակայանը և այլ ծրագրեր։ Հնդկաստանը առաջին երկիրն է, որը վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում։

Հնդկաստանը կառուցում և արձակում է սեփական հրթիռները՝ սկսած Polar Satellite Launch Vehicle (PSLV)-ից մինչև Geosynchronous Satellite Launch Vehicle և Geosynchronous Satellite Launch Vehicle Mk-III-ը ։ Բացի այդ, ISRO-ն մշակում է Small Satellite Launch Vehicle հրթիռը, որը նախատեսված է փոքր արբանյակների շուկայի համար։ 2017-ին Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը տիեզերագիտության պատմության մեջ նոր էջ բացեց՝ միանգամից արձակելով 104 արբանյակ և սահմանելով պատմական ռեկորդ։ PSLV հարթակից Հնդկաստանը նվազագույնը 34 երկրից 354 արտասահմանյան արբանյակ է արձակել՝ ապահովելով բոլոր կատեգորիաների արբանյակների շահագործման հնարավորություններ։

2023-ին Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որը հասավ Լուսնի հարավային բևեռ, և չորրորդ երկիրը, որը վայրէջք կատարեց այդ երկնային մարմնի վրա։ «Հնդկաստանը հիմա Լուսնի վրա է։ Հնդկաստանը հասել է Լուսնի հարավային բևեռին՝ ոչ մի այլ երկիր դա չի կարողացել։ Մենք պատմական իրադարձության ականատես ենք»,- ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Նա այս հաջողությունը վերագրել է համայն մարդկությանը՝ ընդգծելով, որ դա գալիք լուսնային առաքելություններին նույնպես օգտակար կլինի։

Chandrayaan-3-ի աննախադեպ վայրէջքը հարավային բևեռում միջազգային լայն արձագանք է ստացել։ Տարբեր երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ այն ժամանակվա փոխնախագահ Քամալա Հարիսը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ԱՄՀ ի պաշտոնյա Գիտա Գոպինաթը, ինչպես նաև ԱՄՆ Տիեզերական գործակալությունը (NASA),  Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) և Միացյալ թագավորության տիեզերական գործակալությունը շնորհավորել են Հնդկաստանի «պատմական նվաճման» համար։

Ավստրալիայի տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ «այս առաքելությունը մարդկությանը կօգնի ավելի լավ հասկանալ մեզ ամենամոտ երկնային հարևանին և Հնդկաստանին կդարձնի ընդամենը չորրորդ երկիրը, որը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի վրա»։ Զարմանալի է, որ Chandrayaan-3-ի արժեքը ընդամենը 75 մլն դոլար է՝ էապես պակաս, քան հոլիվուդյան Gravity, Interstellar և The Martian ֆիլմերի բյուջեները։ Հնդկաստանի այս հաջողությունը ոգեշնչում է ցածր և միջին եկամուտ ունեցող այլ երկրներին ներգրավվելու տիեզերական հետազոտությունների ոլորտում։

Փոքր բյուջեով հաջողված մեկ այլ ծրագիր, որը Հնդկաստանը իրականացրել է, «Մարսի ուղեծրի առաքելությունը»՝ Mangalyaan անունով։ Այն արժեցել է 74 մլն դոլար և դարձել պատմության ամենաէժան միջմոլորակային առաքելություններից մեկը։ Բացի այդ, Հնդկաստանը ասիական առաջին երկիրն է, որը հասել է Մարսի ուղեծիր, և առաջին երկիրը, որին դա հաջողվել է հենց առաջին փորձով։ Նախագծի համաձայն՝ Mangalyaan-ը պետք է գործեր վեց ամիս, սակայն այն աշխատանքում մնացել է ութ տարի՝ այդ ընթացքում փոխանցելով հազարավոր կարևոր պատկերներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ երկու տերաբայթ տվյալ։

Հնդկաստանը հաջողել է նաև իր առաջին արեգակնային հետազոտական ​​առաքելությունում: ISRO-ն հաջողությամբ տեղադրել է Aditya-L1 գիտական ​​տիեզերական դիտարանի արբանյակը՝ յոթ օգտակար բեռով, Լագրանժի կետ 1-ի [Լագրանժի կետը (Lagrange point) այնպիսի դիրք է տիեզերքում, որտեղ երկու մեծ մարմինների, օրինակ Արևի և Երկրի, գրավիտացիոն ուժերը և արբանյակի իներտությունը հավասարակշռվում են։ Այդ կետերում տիեզերական սարքը կարող է «կախված» մնալ՝ առանց մեծ էներգիա ծախսելու իր դիրքը պահպանելու համար] շուրջ հատուկ hալո ուղեծրում [hալո ուղեծիրը (halo orbit) տիեզերքում հատուկ տեսակի ուղեծիր է, որը անցնում է Լագրանժի կետի շուրջ, բայց ոչ ուղիղ նրա միջով], որտեղից կարելի է դիտարկել Արեգակը՝ առանց Երկրի կամ Լուսնի կողմից խոչընդոտվելու: 46 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ մշակված Aditya-L1-ը վկայում է Հնդկաստանի ծախսարդյունավետ, բայց բարձր արժեք ունեցող տիեզերական գիտական ​​առաքելություններ իրականացնելու կարողության մասին: NASA-ն Հնդկաստանի տիեզերական ծրագրի հաջողությունն է անվանել է «գիտականորեն կարևոր»:

Այժմ Հնդկաստանը մոտենում է իր տիեզերագնացներին ցածր Երկրի ուղեծիր ուղարկելու իրականությանը: Հնդկաստանի առաջին մարդկային տիեզերական թռիչքի՝ Gaganyaan առաքելությունը նախատեսված է 2025-ի վերջին: «Աշխատանքները շարունակվում են: Մենք ծրագրել ենք անօդաչու տիեզերանավը ուղարկել այս դեկտեմբերի վերջին»,- ասել է ISRO-ի ղեկավար Վ Նարայանանը: Ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկեն Gaganyaan առաքելությունն անվանել է «չափազանց տպավորիչ և նկատելի» ամբողջ աշխարհում: «Ես նոր երազանք ունեմ՝ մի օր թռչել հնդիկ տիեզերագնաց գործընկերոջս հետ և այս համագործակցությունը տանել տիեզերք՝ մեր երկրներին վերադարձնելու տիեզերքի ուսումնասիրության անհավատալի առավելությունները»,- ասել է Պեսկեն։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում