Գլխավոր Լրահոս

Խաղարկությունների և նվերների անվան տակ տվյալների կորզում. «Երևան Սիթիի» անունից դարձյալ կեղծ գրառումներ են տարածվում

Խաղարկությունների և նվերների անվան տակ տվյալների կորզում. «Երևան Սիթիի» անունից դարձյալ կեղծ գրառումներ են տարածվում

Yerevan City անվանումով կեղծ ֆեյսբուքյան էջը գրառումներ է տարածում  խաղարկությունների և նվերների վերաբերյալ։ «Այս տարի Սուրբ Ծնունդը դիմավորելու համար մենք ունենք հատուկ տուփ՝ լի բազմաթիվ նվերներով, ընտրեք ձեր հաջողության տուփը»,- նշված է գրառումներից մեկում։

Նույն էջի մեկ այլ գրառմամբ էլ խոստանում են ավտոմեքենա՝ «ճիշտ թիվը գուշակողներին»։

Այս գրառումները տասնյակ մեկնաբանություններ և տարածումներ (share) ունեն։ Սակայն դրանց իրական նպատակը օգտատերերի անձնական և բանկային տվյալները կորզելն է։ Իսկ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անվանումն օգտագործվում է վստահություն ներշնչելու և օգտատերերին մոլորեցնելու համար։

Նորաստեղծ կեղծ էջը օգտատերերին ուղղորդում է ֆիշինգային կայք

Ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծվել է ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 5-ին։ Էջի հասանելի գրառումները բացառապես խաղարկությունների ու նվերների մասին են։

Էկրանապատկերը՝ կեղծ գրառումներ տարածող yerevan City անվանումով ֆեյսբուքյան էջից

Գրառումը մեկնաբանելուց հետո օգտատերերին ուղարկվում է wwwwwwtt545454trtrrtr.blogspot[.]com կայքի հղումը, որտեղ անհրաժեշտ է գրանցվել «նվերը» ստանալու համար։ Այս կայքը ստեղծվել է blogger.com հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս անվճար կայքեր ստեղծել։ 

Գրանցման կոճակը սեղմելուց հետո օգտատերը վերահասցեագրվում է (redirecting) մեկ այլ՝ kanatsarsenbek.com/trxyd[.]php?sub=SALE դոմեյնային անվանումով ֆիշինգային կայքը։ Դրա միջոցով զեղծարարները գողանում են օգատատերերի անձնական և բանկային տվյալները։

Էկրանապատկերը՝ wwwwwwtt545454trtrrtr.blogspot[.]com և kanatsarsenbek.com/trxyd[.]php?sub=SALE կայքերից
Էկրանապատկերը՝ wwwwwwtt545454trtrrtr.blogspot[.]com և kanatsarsenbek.com/trxyd[.]php?sub=SALE կայքերից

Նույնաբովանդակ գրառումները թիրախավորում են տարբեր երկրների օգտատերերին։ Նույն լուսանկարով և «հաջողակ ծրար» ընտրելու դեպքում նվեր ստանալու խոստումով հրապարակումներ են տարածվել նաև Վրաստանում գործող Ori Nabiji սուպերմարկետների ցանցի անունից։

Էկրանապատկերում՝ «Երևան Սիթիի» և վրացական Ori Nabiji սուպերմարկետների ցանցի անունից տարածվող գրառումները

«Երևան Սիթիի» պաշտոնական էջն ու կայքը

«Երևան Սիթիի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է, կայքը՝ yerevan-city.am-ը։ Ընկերությունն իր պաշտոնական էջում հորդորել է խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից: 

#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է տարբեր սուպերմարկետների, այդ թվում՝ «Երևան Սիթիի» անունից տարածվող կեղծ խաղարկություններին։  Օրեր առաջ ընկերության անունից մեկ այլ կեղծ էջով տարածվել էին գրառումներ իբր Toyota Hilux ավտոմեքենա, լվացքի մեքենա և Սուրբ Ծնունդի նվերների տուփեր շահելու հնարավորության վերաբերյալ։

Տես՝ https://civilnet.am/news/985508 

Այսպիսով, yerevan City անվանումով ֆեյսբուքյան էջը, շահարկելով «Երևան Սիթիի» անունը, փորձում է օգտատերերի վստահությունը շահել և ֆիշինգային կայքի միջոցով կորզել նրանց անձնական և բանկային տվյալները։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում