Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ քննարկել է գործակցության հնարավորություններն ու տարածաշրջանային զարգացումները։
Խաչատուրյանը տեղեկացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավոր տնտեսական ազդեցության մասին։ «Ընդգծվել է, որ գործընթացը տրամաբանական շարունակությունն է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որն ուղղված է համագործակցության, փոխկապակցվածության և հաղորդակցային ուղիների բացմանն ամբողջ տարածաշրջանում», - ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում:
Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տրանսպորտային ճանապարհների և լոգիստիկ միջանցքների ապաշրջափակման, այդ թվում՝ «TRIPP» նախագծի շուրջ, քննարկելով դրանց իրագործմամբ տարածաշրջանի և հարակից միջազգային շուկաների համար ստեղծվող նոր հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև Վրաստանի համար դեպի Պարսից ծոց հասանելիություն ապահովող կապուղիների և Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման հնարավոր եղանակներին, որոնք կարող են ամրապնդել Եվրոպա-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հանգույցը։
Civilnet











