Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այս հայտարարությանն անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
- Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան դա անի հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Հաքան Ֆիդանը նաև ասել է, որ Նախիջևանը և Ադրբեջանը միացնող կապի հայեցակարգն ընդունվել է Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում: Մեկնաբանություն ունե՞ք:
- Նախ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում: Միաժամանակ, սակայն, այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա:
Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե´ Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե´Հայաստանն այլ երկրների հետ, թե´ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ:
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն օրերս հայտարարել է, որ եթե Թուրքիան հիմա կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, ապա Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ շարժառիթը, քանի որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը։
Civilnet











