Գլխավոր Լրահոս

Կաշառքով վարորդական վկայականներ են տրամադրել․ պաշտոնյաներ են կալանավորվել

Կաշառքով վարորդական վկայականներ են տրամադրել․ պաշտոնյաներ են կալանավորվել

ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օժանդակությամբ,  վարորդական վկայական ստանալու նպատակով տեսական և գործնական ձևական քննություններ կազմակերպելու համար մեկ տասնյակից ավելի անձանցից ստացել է ընդհանուր 5,830,000 դրամ կաշառք: Ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքում կաշառքի գումարը կազմել է 200.000-ից 550.000 դրամ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Վերը նշված բաժնի պետը վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիներից ձևական տեսական և գործնական քննություններ ընդունելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի հետ։ Արդյունքում՝ վերջինս բաժնի պետի դրդմամբ մի շարք անձանցից ընդունել է ձևական տեսական քննություններ, այն է՝ քննասենյակից դուրս գտնվող տեխնիկական միջոցների կիրառմամբ միացել է քննասենյակում իբր քննություն հանձնողների համակարգիչներն և նրանց մատնացույց արել հարցերի ճիշտ պատասխանները։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված պաշտոնատար անձինք, «օբյեկտիվ» քննություն ընդունելու պատրանք ձևավորելու համար, կաշառք տված մի շարք քաղաքացիների գործնական քննությունները հանձնելու համար նախ նշանակել են բացասական գնահատականներ, իսկ հետագայում՝ որոշ դեպքերում կառավարության որոշման պահանջների խախտմամբ, ընդունել են երկրորդ քննություն և նշանակել դրական գնահատական, որի հիմքով հիշյալ անձանց տրամադրվել են վարորդական վկայականներ:

Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ)։ Նույն բաժնի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով  (13 դրվագ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՆԳՆ պաշտոնյաներին օժանդակած և վերջիններիս կաշառք տված ևս 20 անձի: Նրանցից 13-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ մշտադիտարկման տակ է պահում ՀՀ ՆԳՆ բոլոր հաշվառման-քննական բաժիններում վարորդական վկայական տրամադրելու գործընթացների օրինականությունը և զգուշացնում է, որ դրանցում արձանագրված ցանկացած կոռուպցիոն դրսևորում կառույցի կողմից արժանանալու է համարժեք քրեաիրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ: Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք վարորդական վկայականները ստանալ բացառապես օրինական ճանապարհով, իսկ առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ ունենալու դեպքում՝ անմիջապես դիմել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում