Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել ենք Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նոյեմբերի 21-22-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջան այցելած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը։
«Հստակ պատասխան չենք ստացել գերիների թվի ու անունների մասին։ Հաջիևը վստահեցրեց, որ Հայստանի իշխանությունների հետ ակտիվ բանակցություններ են ընթանում այդ հարցով»,- ասաց Սուլթանյանը։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ գերիների վերադարձի հարցը միգուցե որոշակի լուծում ստանա առաջիկայում։
«Գերիների վերադարձի հարցը քննարկվում է, միգուցե այն որոշակի լուծում ստանա, բայց երբ, թե ոնց, և ինչպիսի լուծում դա կլինի՝ երևի կտեսնենք մոտակա ժամանակ։ Որոշ մանրամասներ կան, բայց քանի որ դրանք վերջնական չեն, չեմ ցանկանում խոսել դրա մասին»,- ասաց Նավասարդյանը։
Հայ փորձագետներն ադրբեջանական կողմին առաջարկել էին՝ թույլատրել Բաքվում այցելել հայ գերիներին, սակայն առաջարկը մերժվել է։
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի օգնականը խնդրել է հայ հասարակությանը որոշ ուղերձներ փոխանցել։ Հաջիևի ուղերձներից մեկը, ըստ Քոչինյանի, այն է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չունի։
«Հաջիևը խնդրել է փոխանցել, որ պատերազմն ավարտվել է, հայ-ադրբեջանական կոնֆլիկտն Ադրբեջանի համար ավարտվել է, իրենք ցանկանում են խաղաղություն կառուցել։ Հաջիևն ասաց, որ իրենց համար չափազանց կարևոր է մեր միջոցով այս ուղերձները փոխանցել հայ հասարակությանը»,- ասաց Քոչինյանը։
Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ Ադրբեջանի պատկերացմամբ անկլավների հարցը պետք է լուծվի սահմանազատման գործընթացի ավարտական փուլում։
«Այս հարցը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի բարդ հարցերից մեկն է»,- ասաց Մելիքսեթյանը։
Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը ներկայացրեց, որ իրենք, Հաջիևի հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, բարձրացրել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին։ Բացի այդ, անդրադարձ է եղել նաև ադրբեջանական մամուլում Հայաստանի տեղանունների խեղաթյուրման խնդրին։
«Ադրբեջանական կողմն առնվազն համաձայն է այդ գաղափարի հետ, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել հռետորաբանության և տեղանունների խնդրին։ Օրինակ` ադրբեջանական Azertac-ը գրում է «Էրիվան»։ Առնվազն խոստում եղավ, որ կզրուցեն լրատվամիջոցի խմբագրակազմի հետ այդ հարցով»,- ասաց Մինասյանը։
Նոյեմբերի 21-22-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջան են այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության 5 ներկայացուցիչ։
Այցի շրջանակում տեղի է ունեցել Նախաձեռնության անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը խաղաղության օրակարգիամրապնդման ուղղությամբ։ Հիքմեթ Հաջիևը պատասխանել է նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին։
Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքային շփումները և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա այցերը Հայաստան և Ադրբեջան։
Հոկտեմբերի վերջին Ադրբեջանի ներկայացուցիչները ժամանել էին Երևան ու հանդիպում ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Civilnet











